Չենք զարմանա՝ վաղն էլ հայտարարեն՝ Սահմանադրությունը փոխում ենք, որ Աստված իջնի երկնքից ու Հայաստանը կառավարի. Սուքիասյան

«Քրիստոնեա-Ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանը խորհուրդ է տալիս հասարակությանը այլևս ուշադրության չարժանացնել Տավուշից Երևան հասած Վազգեն (Բագրատ) Գալստանյանի կամ նրա աջակիցների արած հայտարարություններին, որից մեկն էլ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հնչեցրած դիտարկումն է, թե վարչապետի ամենաընդունելի թեկնածուն իր համար Գալստանյանն է, իսկ Սահմանադրության արգելքը կարելի է փոփոխել։

Միևնույն ժամանակ, ըստ նրա, այստեղ կարևոր է տարանջատել, թե Սահմանադրության արգելք ասելով՝ ընդդիմադիր պատգամավորը ո՞ր արգելքը նկատի ունի՝ երկիրը վերածե՞լ կրոնապետության, թե՞ լուծել պետության երկքաղաքացի ղեկավար ունենալու հարցը։

Նրա խոսքով՝ հիմա, երբ շարժման մասնակիցները գիտակցում են, որ ամբողջովին ձախողել են, որևէ մեկից վստահություն ու հարգանք չունեն, ստիպված են առանց բովանդակության տարատեսակ կոչեր անել։

«Գիտություն կա, որ նոր է առաջացել, կոչվում է «ախմախագիտություն», Բագրատի ու իր մարդկանց ասածները կարելի է դիտարկել այդ գիտության շրջանակներում։ Իրենք մի ֆունկցիա ունեն՝ Ռուսաստանի պարտադրմամբ ամեն գնով հեղաշրջման գնալ Հայաստանում, դրա պատճառով օրեցօր անիմաստ բաներ են բղավում, հայտարարում։ Վրաները ո՛չ վիճակ կա, ո՛չ էլ հոգի, ֆիզիկապես մաշվել են։ Ասում են՝ «Բագրատ վարչապետ», ու ուզում են Հայաստանը դարձնեն կրոնապետություն, մեկուսացնեն բոլորից, որ իրենց գլխավոր տիրոջը՝ Ռուսաստանին հանձնեն։ Չենք զարմանա, որ վաղն էլ հայտարարեն՝ Սահմանադրությունը փոխում ենք, որ Աստված իջնի երկնքից ու Հայաստանը կառավարի»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Վերջինս շեշտում է՝ Հայաստանը երբեք չի եղել կղերապետություն, իսկ եկեղեցին չի դարձել դիկտատոր ժողովրդի համար․ «Բագրատը եկավ Երևան, մի քիչ շատ մարդ տեսավ, մտածեց՝ վերջ, ես վարչապետ եմ, հեսա հրաժարական եմ պահանջում։ Պահանջեց, տեսավ՝ չի ստացվում, խելագարվեց, հիմա էլ այդպես խելագարված ման է գալիս փողոցներում։ Գոռում է՝ անիծենք իրական Հայաստանը, հավատանք հոգևոր Հայաստանին։ Մնացել են արդեն 100 հոգով, իրենք իրենց հույս են տալիս, որ բան են փոխելու։ Իրականում վարչապետի իրենց թեկնածուն Պուտինն է, բայց որոշեցին վարչապետի թեկնածուի պաշտոնում նախկին նախագահի անունը շրջանառել, ժողովուրդը ընդհանրապես հեռու մնաց։ Հասկանում են, որ ուզում են երկիրը կործանման տանեն, դրա համար հիմա հայ ժողովուրդը ուզում է փրկել իր երկիրը արդեն այս մարդկանցից»։

Որքան էլ շարժման մասնակիցները խոսեն Սահմանադրությունը փոփոխելու, Գալստանյանին վարչապետի թեկնածու տեսնելու մասին, ըստ զրուցակցի, Վազգեն Գալստանյանը առաջին հերթին մեծ ցանկություն ունի հրաժարվել հենց Հայաստանի քաղաքացիությունից և երբեք չի հրաժարվի Կանադայի քաղաքացի լինելուց։

«Քրիստոնեա-Ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահը նաև իր պահանջների մասին է խոսում, որոնք վերաբերում են՛ թե կաթողիկոսին, թե՛ քաղաքական գործիչ դարձած հոգևորականին․ «Երբեք հրաժարվելու մասին չի հայտարարի, բայց կարող է ձևական ասել, պաշտոնապես ոչինչ չանել։ Իրականում շարժման մասնակիցներից մենք երբեք չենք լսի եկեղեցական կամ աստվածաշնչյան արժեքների մասին խոսքեր։ Ենթադրենք՝ հրաժարվեց, ի՞նչ է լինելու։ Փոխարենը ես եմ պահանջում, որ կաթողիկոսն ու Բագրատը կարգալույծ արվեն։ Այս ամենը թագավորում է կաթողիկոսը, իսկ իր նշանակած հոգևորականը Երևանում ռուսական կոչեր է անում»։

Նրա խոսքով՝ վերջիններս պետք է ճգնության մեկնեն ու հեռվից տեսնեն իրական Հայաստանի վերածնունդը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ