![]()
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է այսօր Կիրանցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի և Անի Գևորգյանի միջև տեղի ունեցած միջադեպին։
«Բոլորին է հայտնի իմ անձնական/քաղաքական վերաբերմունքը Հայաստան խմբակցությանը։ Չնայած դրան, երբևէ չեմ անդրադարձել ոչ ՀՅԴ-ական Գառնիկ Դանիելյանի, ոչ Գեղամ Նազարյանի՝ հատկապես Տավուշում սահմանագծման շրջանում գործողություններին, որովհետև նրանք տավուշցի են ու հաստատ իրենց զգացմունքները կասկածի տակ դնելու որևէ հիմք կամ փաստ ինքս չունեմ։
Դա չեմ արել նաև Սեյրան Օհանյանի պարագայում, ով Կոթիի փեսա է։ Ես համարում եմ, որ որքան իմ սիրտն է ցավում Տավուշի համար, նրանք էլ նույն զգացմունքներն ունեն այն վայրերի հանդեպ, որտեղ ծնվել մեծացել են, կյանք են ապրել, գերեզման ունեն․․․
Ու այսօր նողկալի էր դիտել, թե ինչպես լրագրողի կարգավիճակի ներքո մեկը կարող է հունից հանել մարդուն, որովհետև ինքը «իրավունք ունի տեսանկարահանել» յուրաքանչյուրին, երբ ցանկանում է, ու ամեն ինչ, որովհետև իրեն «ողջ գյուղն է հրավիրել» ու որովհետև ինքն այդպես է ուզում․․․
Որտե՞ղ են այս մարդկանց սովորեցրել նման «լրագրություն», նրանց ուսուցիչներն ամոթից գետինը չե՞ն մտնում, ո՞վ է թույլ տվել, ի՞նչ բարոյականության դաշտում է սա հնարավոր․․․
Գիտե՞ք, երբ սահմանագծման ազդարարումից հետո ինքս իմ ընկերների հետ մեկնեցի հայրենի գյուղերը, տեղում այնքան լավ էիր տոեսնում ու հասկանում, որ լիքը գաստրալյորների մտահոգությունները ամենևին կապ չունեն տեղի խնդիրների հետ։ Նրանք առանձապես մի փորձ էլ չեն անում համայքնի մարդկանց առաջարկել կամ քննարկել որևէ այլընտրանքային լուծում․․․
Ու այնքան լավ ես հասկանում, թե ում մտքին ինչ կա ու ինչ հարամ պլան կա․․․
Այո, Գեղամ Նազարյանը միակը չի, ով ունեցել է կամ ունի զգացողություն, որ ոմանց ցանկությունն այնտեղ Արցախ 2 սցենարի կյանքի կոչումն է, անկախ նրանից՝ այդ զգացողությունն ունեցողը դրա մասին բարձրաձայն խոսել է, թե չի խոսել»,- գրել է Սաֆարյանը։
Հիշեցնենք՝ Կիրանցի որոշ բնակիչներ փակել էին միջպետական ճանապարհը՝ դժգոհություն հայտնելով սահմանազատման աշխատանքներից: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը ևս այցելել էր ճանապարհը փակած կիրանցիներին և դեմ եղել, որ տարածքում տեսանկարահանում իրականացվի։ Վիճաբանություն էր սկսվել պատգամավորի և լրագրող Անի Գևորգյանի միջև, որն առավել աչքի է ընկնում ընդդիմադիր ակտիվիստի վարքագծով։
![]()