Նորօրյա խաչակիրները կամ մեսիաները չեն հասկանում՝ միջնադարի խավարն անցել է, Աստծո անունով չի ստացվի մոլորեցնել․ Թորոսյան

Պետական ու սահմանադրական կարգի դեմ հանդես եկող ցանկացած անհատ կամ կառույց պետք է արժանանա համապատասխան գնահատակի, այդ թվում իրավական։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։

«Աստծո անունով հարյուրավոր տարիներ առաջ խաչակրաց արշավանքներ և ինկվիզիցիա է եղել, որոնց ընթացքում միլիոնավոր անմեղ մարդիկ են սրի քաշվել և այլ կերպ սպանվել։

Հիմա էլ մեր նորօրյա խաչակիրները, կրկին Աստծո անունով, փորձում են իշխանություն զավթել մեր երկրում՝ պետությունը, ինքնիշխանությունը ու սահմանադրական կարգը ստորադասելով իրենց ներքին և արտաքին պատվիրատուների հակապետական շահերին, որպեսզի կրկին ինկվիզիցիայի ենթարկեն այլախոհներին, սրի քաշեն անհամաձայններին։

Մեր նորօրյա խաչակիրները կամ մեսիաները չեն հասկանում, որ միջնադարի խավարը վաղուց անցել է և Աստծո անունով կամ այլ պատրվակով չի ստացվելու մոլորեցնել մարդկանց, մեր երկրի ինքնիշխանությունը զոհել, հայհոյախոսությամբ թիրախավորել իրենց հակապետական վարքագիծը չկիսողներին կամ իրենց մասնագիտական պարտքը կատարող ոստիկաններին ու այլոց ու ի վերջո հակասահմանադրական եղանակով տիրանալ իշխանությանը։

Եվ հերթական կլիշեն կամ կարծրատիպը պետք է կոտրվի։ Անկախ նրանից ով է այս գործողությունները իրականացնողը պետք է արժանանա օրենքի կոշտ արձագանքին, անկախ նրանից ինչ հագուստ կամ այլ պարագաներ է կրում կամ խոսելուց ինչ բառապաշար է օգտագործում։

Պետական ու սահմանադրական կարգի դեմ հանդես եկող ցանկացած անհատ կամ կառույց պետք է արժանանա համապատասխան գնահատակի, այդ թվում իրավական»,- գրել է պատգամավորը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ