Սիրուշոյին պատկանող ՓԲԸ-ն դատի է տվել զարդերի վաճառքով զբաղվող ԱՁ-ին և 1,8 մլն դրամ փոխհատուցում է պահանջում

Նախկին նախագահի որդու՝ Լևոն Քոչարյանի կնոջը՝ երգչուհի Սիրուշոյին պատկանող «Սիրուշո Փրոդաքշն» ՓԲԸ-ն քաղաքացիական հայց է ներկայացրել անհատ ձեռնարկատեր Թինա Բաբայանի դեմ, որով խնդրում է պարտավորեցնել պատասխանողին «վերացնել Հեղինակի իրավունքների խախտումը, Պատասխանողից հօգուտ Հայցվորի բռնագանձել 1,800,000 ՀՀ դրամ որպես պատճառված վնասների փոխհատուցում։ Պատասխանողից հօգուտ Հայցվորի բռնագանձել նախապես կատարված դատական ծախսերը՝ նախապես վճարված պետական տուրքի գումարը, ընդհանուր՝ 74,000 ՀՀ դրամ»։ Հայցադիմումը ներկայացվել է մայիսի 15-ին։

Նշենք, որ որպես «Թինա Բաբայան» ԱՁ հանդես է գալիս Երևանում գործող «Թիթեռնիկ աքսեսըրայզ» զարդերի խանութ-սրահը, Բաբայանն էլ այդ բրենդի հիմնադիրն է։ Իսկ Սիրուշոն, ինչպես հայտնի է, բացի երգարվեստից, նաև զարդերի արտադրությամբ է զբաղվում՝ «Պռեգոմեշ» բրենդի տիրուհին է։

Թինա Բաբայանը տեղյակ չէր իր ԱՁ-ի դեմ ներկայացված դատական հայցի մասին։ Նա մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց մի ժամանակ զգուշացվել է, որ «Թիթեռնիկ»-ի կողմից առաջարկվող-պատրաստվող որոշ արծաթյա զարդեր նման են «Պռեգոմեշ»-ի զարդերին։ Իրենք էլ իրենց օնլայն ցուցասրահից հեռացրել են հիշյալ զարդերի լուսանկարները, թեև որոշ զարդեր, ըստ Բաբայանի, մի շարք դետալներով տարբերվում են Սիրուշոյի բրենդի զարդերից։

Հարկ է նկատել, որ հայ հայտնի արծաթագործ Արծրուն Բերբերյանի դուստրը՝ նկարիչ-դիզայներ Անահիտ Բերբերյանը, տարիներ առաջ Սիրուշոյի հիմնադրած՝ զարդերի արտադրությամբ զբաղվող վերոհիշյալ ընկերությանն էր մեղադրում հեղինակային իրավունքները խախտելու մեջ։ «ՀՀ-ում հեղինակային իրավունքի պաշտպանության բարձիթողի ոլորտի այս նախադեպը հետաքրքրում է արվեստագետներին (և ոչ միայն), որի համար տարիներ է (2013-ից)՝ անիմաստ պայքարի մեջ էի «Պռեգոմեշ» զարդերի ապրանքանիշի դեմ՝ ի դեմս երկրորդ նախագահի ընտանիքի, որի հյուսած ՑԱՆՑԸ հայ ժողովուրդն ընկած էր դեռ 1998 թ.-ից, և որտեղ (Սիրուշոյի «ազգանվեր» ծրագրի մատուցմամբ) թյուրիմացաբար հայտնվեցինք նաև ես ու իմ թիմը: Նրա շոուն արագ բացահայտեց իրեն, բայց աստղային դիմակը դեռ պատռված չի իրավական հարթության մեջ: «Business first» ամերիկյան (նաև իրենց ընտանեկան) կարգախոսով ոտնատակ տրվեցին բոլոր պայմանավորվածությունները, էլ չասած նվաճողական քաղաքականության մասին (բացի զոռբա հաշվապահի կողմից ոճը, տեխնոլոգիան և թիմը յուրացնելուց, հետագայում կասկածելի հանգամանքներում թալանվեց մեր աշխատասեղանը՝ գողացվել էին ոչ միայն արտադրության համար անհրաժեշտ նմուշներ, նաև Արծրուն Բերբերյանի արծաթի ու մելխիոր զարդերի հավաքածուն)»,- ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել էր Անահիտ Բերբերյանը։ «Պռեգոմեշն» էլ, ինչպես մամուլն է գրում, հերքել էր Բերբերյանի մեղադրանքը։

Անահիտ Բերբերյանը, նկատենք, Ֆեյսբուքյան իր էջում վերստին անդրադարձել էր թեմային. արծաթյա զարդեր կրող կնոջ լուսանկար էր հրապարակել և կից գրել. «Մատանիների շարքը ստեղծվել է Բերբերյան արվեստանոցում, մի մասը վաղամեռիկ դիզայներ Արգիշտի Բերբերյանի աշխատանքների հիման վրա։ Ունեցել են գլխապտույտ հաջողություն, սակայն գովազդվել են որպես Պռեգոմեշ by Սիրուշո, որը 10 տարի ապօրինի շահույթ է ստացել՝ խախտելով Արծրուն Բերբերյանի ընտանիքի հեղինակային իրավունքը (անպատժելիության վստահությամբ)»:

Հարկ է նշել, որ նախորդ տարի Սիրուշոյին պատկանող վերոհիշյալ ՓԲԸ-ն «հեղինակային իրավունքները խախտող գործողությունների դադարեցման, բացառիկ իրավունքների խախտման արդյունքում ստեղծված նյութական օբյեկտների առգրավման և ոչնչացման պահանջների մասին» քաղհայց էր ներկայացրել նաև Հայկուհի Իսրայելյանի դեմ։ Կողմերի միջև վեճը, ինչպես պարզեցինք «Դատալեքս»-ից, հաշտության համաձայնությամբ է լուծվել։ Հայկուհի Իսրայելյանը ընդունել է, որ առանց հայցվորի համաձանության «erato_silver» (ներկայումս՝ «yarimo_jewelry») անվանումով ինստագրամյան էջի միջոցով իրականացրել է հայցադիմումով մատնանշված զարդերի վերարտադրում, տարածում և վաճառք՝ այդպիսով խախտելով ՓԲԸ-ի՝ որպես իրավատիրոջ բացառիկ իրավունքները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ