Եթե որևէ գույք կա, որ պետք է վերադարձվի եկեղեցուն, ապա Մայր Աթոռը այն պետք է պահանջի Մոսկվայից. Ստեփանյան

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը ուշագրավ հայտարարություններ է արել՝ ասելով, թե՝ եթե պետությունն ուզում է, որ եկեղեցին հարկեր վճարի, ապա պետք է փոխհատուցի եկեղեցուն հասցրած վնասը։ Ըստ նրա՝ այդ վնասները եղել են եկեղեցիների թալանով, գույքի առգրավմամբ, հողերի բռնագրավմամբ: Վերջինս պնդել է, թե Մատենադարանը ևս եկեղեցու վերահսկողության տակ է եղել, այն նույնպես պետք է վերադարձվի եկեղեցուն: Դրա եկամուտներով հարկեր կվճարեն:

Աջապահյանը նաև թվել է մի քանի գյուղերի անուններ՝ պնդելով, թե դրանք ևս պատկանում են եկեղեցուն և պետք է վերադարձվեն:

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով Աջապահյանի այս հայտարարություններին, դրանք որակում է նախահարձակում հասարակության շրջանում առաջացած այն պահանջի, որ եկեղեցին նույնպես պետք է մուտք գործի հարկային դաշտ։

Վերջինս, սակայն, անհասկանալի է համարում, թե ինչ գյուղերի ու գույքի մասին է խոսում նա, երբ եկեղեցին արդեն իսկ բազմաթիվ «օբյեկտներ» ունի։

«Հաշվի առնելով Գալստանյանի սկսած շարժմանը եկեղեցու դերակատարումը՝ հասարակությունում բարձրացել է այն տեսակետը, որ նրանք ևս պետք է հարկեր վճարեն պետությանը, որովհետև ակնհայտ կերպով եկեղեցին նույնպես ծավալում է բիզնես գործունեություն։ Ինչպես ցանկացած իրավաբանական անձ, այնպես էլ եկեղեցին պետք է ներգրավվի այդ դաշտում։ Չպետք է տարբերություն դրվի եկեղեցու և իրավաբանական անձանց միջև։ Չգիտենք նաև, թե ինչ գույք է ուզում Աջապահյանը, գյուղերի մասին հայտարարությունը ընդհանրապես մեկնաբանել հնարավոր չէ»,- ասում է նա։

Միևնույն ժամանակ Ստեփանյանը նկատում է՝ Շիրակի թեմի առաջնորդը գուցե հիշել է Մ․թ․ա 4-րդ դարը, երբ Հայաստանի գրեթե կեսը պատկանել է եկեղեցուն։ Այն ժամանակ թագավորների հետ զուգահեռ եկեղեցին իշխանություն է ունեցել:

«Ինչպես գրում է Մովսես Խորենացին, այդ ժամանակ եկեղեցին իսկապես գյուղեր ու քաղաքներ ուներ, գուցե նշված ժամանակներին է հղում կատարում նա, ուզում են վերադարձնել հին ու բարի ժամանակները։ Իրենք վաղուց է, որ իշխանության ցանկություն ունեն, ստացվում է, որ հոգևոր հայր կամ արքեպիսկոպոս լինելը բավարար չէ։ Հոգևոր իշխանությունը չի բավարարվում իր իշխանությամբ ու քաղաքական ներկայություն է ուզում։ Տեսնում ենք, որ թե՛ Գալստանյանը, թե՛ արդեն Աջապահյանը իրենց վարչապետ են տեսնում, անբացատրելի է, թե որտեղից են գալիս այդպիսի ամբիցիաները։ Ինչու չպետք է լինեն հոգևոր առաջնորդ, արդեն պատիվ չէ՞, ձգտում են քաղաքական իշխանության»։

Վերջինս նաև ընդգծում է՝ եթե որևէ գույք կա, որ պետք է վերադարձվի եկեղեցուն, ապա Մայր Աթոռը այն պետք է պահանջի Մոսկվայից․ «Ստալինի ժամանակ բռնագանձումներ եղել են, թող դիմեն իրենց հովանավորներին ու սովետական հետևորդներին, ստանան հատուցում։ Հայաստանը ոչինչ չունի հատուցելու կամ վերադարձնելու եկեղեցուն: Նման հայտարարություններով եկեղեցին չի կարող բոյկոտել հարկային պրոցեսները, եթե իշխանությունը համապատասխան որոշում կայացնի, եկեղեցին պարտադիր պետք է հարկվի»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ