Այս շարժման մեջ կա ևս մեկ նպատակ, ինչը բացառել չի կարելի. Արտաշես Խալաթյանը մանրամասնում է

Իրավագետ Արտաշես Խալաթյանն այն կարծիքին է, որ Վազգեն (Բագրատ) Գալստանյանի ղեկավարած շարժման անկումը կապված է նրա և հասարակությանն արդեն ծանոթ քաղաքական որոշ շրջակաների համագործակցությամբ:

Վերջինս «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նաև նկատում է՝ ի սկզբանե նպատակ է եղել օգտագործել հոգևորականների կարգավիճակի նկատմամբ ժողովրդի ունեցած ակնածանքն ու հարգանքը, սակայն մի բան հաշվի չի առնվել․ քաղաքական դաշտը տարբերվում է եկեղեցական կյանքից, և այստեղ ամեն ինչ չէ, որ լուռ ընդունվում է։

«Ընդհանուր առմամբ եկեղեցին որպես ինստիտուցիոնալ կառույց պաշտոնապես չմիացավ այս շարժմանը, այստեղ մենք գործ ունենք եկեղեցու բարձրաստիճան հոգևորականի կողմից քաղաքական հայտ ներկայացնելու հետ։ Կարևոր է, որ եկեղեցին շարունակի մնալ սահմանադրական առաքելության շրջանակում, և խիստ ցանկալի է, որ հետո ներքին կառուցվածքային օղակներում համապատասխան ընթացակարգերով անդրադառնա Բագրատ արքեպիսկոպոսի և նրա ծավալած քաղաքական գործընթացին»,-ասում է նա։

Վերջինս նաև ընդգծում է՝ հոգևորական լինելը դեռ չի նշանակում քաղաքական հավակնություններ ունենալ, առավել ևս ասոցացվել և առնչվել ժողովրդի կողմից վստահություն չվայելող անձանց հետ։ Սա է պատճառը, որ, Խալաթյանի խոսքով, ժողովրդի շրջանում պակասել է հարգանքը հոգևորականների նկատմամբ․ «Այստեղ կրկին պետք է հիշենք, որ քաղաքական գործընթացները և հոգևորականությունը տարբեր են։ Եվ այս համատեքստում խոսելով այն հայտարարությունների մասին, որ իրենք գործում են կաթողիկոսի օրհնությամբ՝ նախ պետք է հասկանանք, թե ի՞նչ նպատակ է հետապնդում Գարեգին երկրորդի կողմից իրենց գործունեության արտոնման վերագրումը։ Մայր Աթոռը պաշտոնապես հանդես չի եկել հայտարարությամբ, որ սատարում է քաղաքական այս շարժմանը։ Եթե նման բան հնչի, հետևանքը շատ ծանր կլինի»։

Զրուցակցի խոսքով՝ եթե այս անձինք իրենց տեսնում են քաղաքական ոլորտում, ապա եկեղեցական առաքելության հետ այլևս կապ չպետք է ունենան, շարժման վերջնական ավարտից հետո եկեղեցին պետք է միջոցներ ձեռնարկի և կարգալույծ անի Գալստանյանին:

«Քաղաքական ճանապարհը ընտրած հոգևորականների նկատմամբ պետք է ճիշտ քայլեր արվեն, հակառակ դեպքում նույնն է, երբ քաղաքական գործիչը դառնա հոգևորական։ Դրա համար է Սահմանադրությունը հստակ տարանջատում եկեղեցին ու պետությունը։ Որոշ քաղաքական շրջանակներ մի շարք հոգևորականների հետ հստակ դերերի բաժանմամբ նախաձեռնեցին այս շարժումը, այդ պատճառով երևում է, որ դրա կորիզը մեզ հայտնի ուժերն են, որոնց մի մասը խորհրդարանում է, մյուսը արտախորհրդարանական է։ Հիմա նրանք փորձ արեցին թաքնվել հոգևորականների հետևում, և ինչ-որ պահի ազատվել նրանցից։ Չի բացառվում, որ գուցե հարթակում հայտնվեն այլ մարդիկ՝ Գալստանյանին երկրորդ պլան գցելով»,- նկատում է նա։

Միևնույն ժամանակ Խալաթյանը ասում է, որ այս շարժման մեջ կա ևս մեկ նպատակ, ինչը բացառել չի կարելի։ Երկու տարի անց Հայաստանում նախատեսվում է խորհրդարանական արտահերթ ընտրություններ, և գուցե այս շարժումը արվում է ժամանակից շուտ քաղաքական ձայներ ապահովելու համար․ «Այսինքն՝ այդ ուժերը, որոնք շարժման թիկունքում են, նպատակ ունեն դիրքավորվել և ունենալ ալիք ընտրական պրոցեսներում։ Չի բացառվում, որ սա որոշակի ուժերի կողմից քաղաքական հայտ ներկայացնելու սկիզբ է»։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպե՞ս կշարունակվեն եկեղեցի-հասարակություն հարաբերությունները շարժման անկումից հետո, իրավագետը կարևորում է այն հանգամանքը, որ ժողովուրդը բավական հասունություն ունի տարբերակելու անձանց ինստիտուցիոնալ արժեքներից․ որոշ հոգևորականների հանդեպ եղած վերաբերմունքը չի արտահայտվի եկեղեցու դեմ․ «Ժողովուրդը զոմբիացած զանգված չէ և ընկալում է, թե ով ինչ ու ինչպես է անում։ Հույս ունենք, որ եկեղեցին այս ամենից դուրս կգա ավելի ուժեղացած, չնայած դա էլ կախված է նրա ղեկավարության գործունեությունից»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ