![]()
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից փողոցները փակ կմնան մինչև ժամը 22։00-ն։
Այս մասին հայտարարվեց Գալստանյանի գլխավորած ակցիայի ժամանակ։
Նշվեց, որ ճանապարհները փակ են, քանի որ մեծամասշտաբ միջոցառում է անցկացվում։ Այլ պատճառ չկա։
Գալստանյանը սկսեց վիրավորել ոստիկաններին, նրանց անվանել ստախոս, պահանջեց բացել ճանապարհները։ Ոստիկանների հորդորին, որ պետք չէ լարել իրավիճակը, վերջինս հակադարձեց, թե իրավապահներն են սադրում և լարում։
Գալստանյանը հավաքվածներին հորդորեց գնալ Սուրբ Աննա եկեղեցի։
ՆԳՆ ոստիկանությունն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված հայտի հիման վրա՝ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք ֆորումի շրջանակներում կազմակերպված միջոցառման առնչությամբ հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով մայիսի 15-ին՝ ժամը 15:00-ից 20:00-ը, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից փողոցներում սահմանափակվելու է երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը։
Միջոցառման կազմակերպման գործընթացի փոփոխություններով պայմանավորված՝ փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն։
![]()