![]()
Մայիսի 12-ին իր հրավիրած հանրահավաքի ժամանակ Բագրատ Գալստանյանն առաջարկել է ստեղծել անցումային կառավարություն։
Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է ռեժիսոր, Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ։
Նրա խոսքով՝ պատմությունը և փորձը ցույց են տալիս, որ երբ մենք անձնականացնում ենք խնդիրը՝ առանց բովանդակային հարցեր քննարկելու, լուծելու, երբևիցե չենք հասնի ինչ-որ լավ արդյունքի։
«Երկրորդը՝ ես հասկանում եմ, որ իմ ասածը մեծ դժգոհություն կառաջացնի շատերի մոտ, բայց ես չեմ տեսնում ՀՀ-ում այն ճգնաժամային իրավիճակը, որը պարտադրում է ստեղծել նման կառավարություն։ Եվ ես տեսնում եմ ավելի շատ ցանկություն՝ ստեղծելու նման ճգնաժամային իրավիճակ, քան այն իրականում կա։ Այդ ցանկության մեջ տեղավորվում են նաև չափազանցված ակնկալիքները կամ այն ինֆորմացիան, որը տրվում է, թե ինչ է կատարվում։ Մտավախություն ունենք բոլորս, և կարծում եմ՝ ոչ ոք դա չի թաքցնում՝ ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը, ոչ հասարակ մարդիկ: Այո, մենք ապրում ենք այդպիսի աշխարհում, այսօր մտահոգություն ունեն բոլորը, և ոչ միայն Հայաստանում»,- ասաց Ռուբեն Բաբայանը։
Վերջինիս խոսքով՝ ինչով կավարտվեն այս գլոբալ փոփոխությունները, որոնք տեղի են ունենում աշխարհում, այդ կատակլիզմները, և թե ինչպես այդտեղից դուրս կգա Հայաստանը, էլի ոչ ոք չգիտի, բայց մեզ օդի ու ջրի պես անհրաժեշտ է խաղաղություն, եթե մենք ուզում ենք պահպանել այս պետությունը…
«Որովհետև իրականում սա մեր վերջին հանգրվանն է. եթե մենք չկարողանանք պահել այս պետությունը կամ եթե մենք իրեն պահենք սուրոգատ վիճակում, որևէ ուրիշ պետության կազմում, մենք կարող ենք շատ պարզ արձանագրել, որ տասնյակ տարիներ հետո, գուցե հարյուր տարի հետո, մենք՝ որպես ազգ, կդադարենք լինել. սա է»,- հավելեց Ռուբեն Բաբայանը։
Մանրամասները՝ տեսանյութում
![]()