Ինչպես վարչապետ Փաշինյանին դիմավորեցին Լյուքսեմբուրգում

Աշխատանքային այցով Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի կառավարության ղեկավար Քսավյե Բեթելի հետ:

Լյուքսեմբուրգի վարչապետը ողջունել է Հայաստանի իր գործընկերջը և շնորհակալություն հայտնել այցի համար: Քսավյե Բեթելը նշել է, որ տպավորված է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններով և համոզմունք հայտնել, որ հայ ժողովրդի կողմից ստացած մեծ վստահությունը թույլ կտա վարչապետ Փաշինյանի գլխավորած կառավարությունը հասնել հաջողությունների և իրականացնել նախանշված ծրագրերը, Հայաստանի զարգացմանն ուղղված նախաձեռնություններն ու բարեփոխումները: Լյուքսեմբուրգի վարչապետը վստահություն է հայտնել, որ առաջիկայում երկու երկրների կառավարությունները կշարունակեն համագործակցությունը՝ ի նպաստ երկկողմ հարաբերությունների զարգացման և ժողովուրդների միջև եղած կապերի ամրապնդման։

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և հավելել, որ Հայաստանի կառավարությունը կարևորում է երկկողմ հարաբերությունների զարգացումը տարբեր ուղղություններով: Գործադիրի ղեկավարը կարևորել է տնտեսական փոխգործակցության զարգացումն ու առևտրատնտեսական կապերի ընդլայնումը: Այդ առումով Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկու երկրների կառավարությունների միջև փոխգործակցության ակտիվացման և կոնկրետ քայլերի իրականացման անհրաժեշտությունը: Վարչապետի խոսքով` Հայաստանում իրականացվող բարեփոխումները մեծապես նպաստում են նաև բիզնես միջավայրի բարելավմանն ու ներդրումային արդյունավետ ծրագրերի իրականացման համար ստեղծում անհրաժեշտ բարենպաստ պայմաններ: Նիկոլ Փաշինյանի խոսքով` Հայաստանում ավարտվել է հեղափոխության առաջին փուլը և այժմ կառավարության քայլերն ուղղված են երկրում տնտեսական հեղափոխության իրականացմանը:

Վարչապետ Փաշինյանը տեղեկացրել է, որ այս տարվա աշնանը Երևանում կայանալու է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը և կարևորել լյուքսեմբուրգյան ընկերությունների մասնակցությունը այդ կարևորագույն ներկայացուցչական միջոցառումանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ