![]()
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Կադաստրի կոմիտեն հերքել էր պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը, համաձայն որի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը նշել էր, թե Սովետական ժամանակաշրջանի սահմանազատման, սահմանագծման աշխատանքների վերաբերյալ վերջին ակտը՝ «Հայկական ԽՍՀ և ադրբեջանական ԽՍՀ առանձին հողօգտագործողների միջև սահմանների ճշգրտման մասին» 1988 թ․արձանագրությունը, որը 2022 թվականին պահվել է Կադաստրի կոմիտեում, այս պահին արդեն առկա չԷ, փաստաթղթերն ու քարտեզները այլևս գոյություն չունեն:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային ՀԸ եթերում պատասխանելով Պետրոս Ղազարյանի հարցին, թե ինչի՞ հիման վրա է այս սահմանազատումն իրականացվում, վարչապետն ասաց տեղյակ է հայտարարության մասին, նաև անձամբ է տեղեկատվություն վերցրել և Կադաստրի կոմիտեից, և մյուս մարմիններից։
«Չի ասվում, որ այդ հարցումից առաջ խմբակցության մեկ այլ պատգամավոր խմբակցության ղեկավարը նույնպես հարցում է իրականացրել և Կադաստրի կոմիտեից խնդրել կամ պահանջել է թղթերը: Կադաստրի կոմիտեից նրան ասել են, որ այդ փաստաթղթերի գաղտնիության ռեժիմն այնպիսին է, որ չեն կարող դրանք տրամադրել, բայց հրավիրել են խմբակցության ղեկավարին ծանոթանալ փաստաթղթերին Կադաստրի կոմիտեում:
Հետագայում, երբ սահմանազատման այս գործընթացներն ակտիվացել են, դա եթե չեմ սխալվում, այդ հարցումը եղել է 2022թ., Պաշտպանության նախարարությունն իր գործառույթներն իրականացնելու համար այդ փաստաթղթերը խնդրել է Կադաստրի կոմիտեից և Կադաստրի կոմիտեն տրամադրել է Պաշտպանության նախարարությանը, ենթադրում եմ՝ գաղտնիության ավելի բարձր աստիճանով, և երբ այդ ժամանակ երկրորդ անգամ Կադաստրի կոմիտե դիմել են, Կադաստրի կոմիտեն ուղղակի ասել է, որ մեր ձեռքի տակ այդ փաստաթղթերը չկան:
Այդ փաստաթղթերը բոլորը կան, հիշում եմ, որ փաստաթղթերի թվարկումներ էին անում, բոլոր փաստաթղթերը, բնականաբար, կան, Հայաստանի Հանրապետության կառավարության տրամադրության տակ են, և դրանց հետ աշխատում են, ընդ որոմ՝ ոչ մեկ գերատեսչություն, աշխատում են տարբեր գերատեսչություններ, դրանք գաղտնիության որոշակի սանդղակ ունեցող փաստաթղթեր են և իրենց հետ աշխատելու, հարաբերվելու որոշակի ռեժիմներ կան, և ենթադրում եմ, որ թյուրիմացությունները կարող են կախված լինել այդ ռեժիմների հետ:
Բայց ուզում եմ այդ թեմայի հետ կապված հետևյալի վրա ուշադրություն դարձնել, որ երբեմն՝ մենք հասկանալիորեն կենտրոնանում ենք տարբեր իրադրությունների բերումով կենտրոնանում ենք կոնկրետ տեղանքների վրա և սկսում ենք լայնորեն քննարկել, թե կոնկրետ տեղանքներում ի՞նչ է եղել, ո՞նց է եղել, ե՞րբ է եղել և այլն, և այդպես շարունակ, բայց ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգանաքի վրա, որ սահմանազատման գործընթացում Հայաստանի Հանրապետության կառավարության խնդիրը եղել է ներդնել մի այնպիսի բանաձև, որը կապահովի ոչ միայն առանձին վերցրած մի հատվածի սահմանի վերականգնման լեգիտիմ հիմքի վրա, այլև հանրապետության, ավելի ճիշտ՝ Հայաստան-Ադրբեջան ամբողջ սահմանագծով:
Մենք կարող ենք ունենալ տարբեր տեղերի համար տարբեր փաստաթղթեր, տարբեր փաստաթղթերի խմբեր, ենթադրենք՝ 1, 2․․․․ 10 փաստաթղթերի տրցակներ, որովհետև գիտեք, որ պրոցեսները հասկանալիորեն մի երկրի մեջ է եղել՝ Խորհրդային Միության նկատի ունեմ, տարբեր պրոցեսներ են եղել:
Հիմա մենք պետք է սկզբունք որդեգրենք, թե ի՞նչ սկզբունքով ենք սահմանազատումն իրականացնում, մենք այդ տարբեր տրցակներից վերցնում ենք այն թղթապանակները, որոնք իրար հետ, այսպես ասած, լեգիտիմ կապ ունեն, և այդ լեգիտիմ կապով մենք ոչ թե մի առանձին վերցրած հատվածի խնդրի տրամաբանությամբ ենք նայում, այլ նայումե նք մեր տրամաբանությամբ, որ մեր սահմանի ամբողջ երկայնքի լեգիտիմ վերարտադրումը կարողանանք արտաբերել:
Այսինքն՝ այս է պատճառը, որ այստեղ կարող է որոշակի շերտեր առաջանան, այդ թվում՝ հանրային կոմունիկացիայի առումով, որ կառավարությունն ունենա կաշկանդվածություններ՝ պատասխանելու հարցին, բա այս ծառն ի՞նչ եղավ, բա այս քարն ի՞նչ եղավ, որովհետև այդ ծառը և քարը մենք դիտարկում ենք ուրիշ այլ բազմաթիվ ծառերի և քարերի հետ նույն շղթայի մեջ, և մեզ համար կարևոր է ստեղծել լեգիտիմ հենքով գիծ, որ այս բոլոր քարերը և ծառերը միացնեն իրար, սահման նկատի ունեմ, որ Հայաստանի Հանրապետության շուրջ լեգիտիմ միջազգային իրավունքով ամրագրված սահման ձևավորվի, ավելի ճիշտ՝ վերարտադրվի այդ սահմանը»,- ասաց վարչապետը:
![]()