![]()
Ռեժիսոր, Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանը կարծում է, որ վերջին շրջանում Հայաստանում տիրող անհանդուրժողականության մթնոլորտը, որը, ըստ նրա, ստեղծել է խորհրդարանական ընդդիմությունը, արվում է ավելի հեռուն գնացող նպատակների համար։
Վերջինս ընդգծում է՝ ո՛չ ընդդիմությունը, ո՛չ Ռուսաստանը Հայաստանի համար չեն ցանկանում առաջխաղացում, ինչն էլ պատճառ է դառնում ընդդիմադիր ներկայացուցիչների բողոքի ակցիաների, բռնության կիրառմանը։
«Հասարակությանը պահել լարվածության մթնոլորտում պարզապես միջոց է, իսկ խնդիրն ավելի լուրջ է։ Այն, ինչ հիմա երկրում տեսնում ենք, գալիս է նրանից, որ ժողովուրդը բաժանվել է երկու մասի․ որոշները համամիտ են, որ Հայաստանը կարող է զարգանալ, առաջ ընթանալ, իսկ ոմանց համար ՀՀ-ն շրջապատված է թշնամիներով ու չի կարող ինքնուրույն իր պետականությունը պահպանել, այդ պատճառով պետք է ընտրի Ռուսաստանին՝ որպես հովանավորի։ Շատ հաճախ դրա մասին խոսում են նաև Կրեմլից, թե Հայաստանը առանց իրենց չի կարող գոյություն ունենալ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։
Ըստ Բաբայանի՝ եթե Հայաստանը կարողանա իր հարաբերությունները կարգավորել բոլոր հարևանների հետ, կդառնա առաջադեմ երկիր, իսկ չհաջողելու դեպքում գուցե դադարի լինել անկախ պետություն։ Վերջինին, ըստ Բաբայանի, կողմ են հենց նրանք, որոնք գործում են ՀՀ պետության դեմ:
«Ընդդիմադիրների նպատակը եղել և մնում է իշխանափոխությունը. քանի որ խորհրդարանական ընտրությունների գնալ չեն կարող, դիմում են այս գործողություններին՝ ակցիաների, բռնության։ Սակայն ավելի հետաքրքիր ու կարևոր է ոչ թե այն, թե ինչ է կատարվում հիմա, այլ այն, թե Հայաստանում նման քայլերը ինչ նպատակով են արվում։ Կան մարդիկ, որ ընդունում են այդ մեթոդները, բայց պետք է հասկանալ, թե ով ու ինչ երկիր է ուզում տեսնել ապագայում»,- նկատում է նա:
Զրուցակցի դիտարկմամբ՝ այս ֆոնին գրանցվող բռնության դեպքերը թե՛ ոստիկանության ներկայացուցիչների նկատմամբ, թե՛, օրինակ, լրագրողների դեմ, տարիներ առաջ տարածված են եղել Հայաստանում, սակայն սա որևէ կերպ չի կարելի վերագրել ժողովրդավարությանը:
«Երեկվա դեպքի հետ կապված ի՞նչ ենք տեսնում․ ծեծել են լրագրողներին, հետո խոսում են վեհ գաղափարներից, արդարացնում բռնություն գործադրողին՝ «կրոնը, եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ո՛չ, դու պարզապես խուլիգան ես, մնացածը երկրորդական հարցեր են՝ անկախ նրանից, թե որ կուսակցության անդամ ես ու ինչ գաղափարների կրող։ Ցավոք, մեր երկրում բռնությունը ընկալվել է որպես հարց լուծելու միջոց ու շարունակում է մնալ այդպես։ Երկար տարիներ մտածել են, որ բռնությունը ընդունելի է, ահաբեկչությունը՝ ևս, և դրան տվել են հայրենասիրական բնորոշում, բայց պատմության մեջ չկա որևէ ահաբեկիչ, որ ընդունի, թե մարդ է սպանել»,- ասում է Բաբայանը։
Այս բոլոր գործողությունները ու դրանց հետևանքները մշակույթի գործիչը կապում է այն ճանապարհի ընտրության հետ, որով այժմ գնում է Հայաստանը։ Նրա նկատառմամբ՝ այդ ճանապարհը անցավ չի կարող լինել, և այս դիմադրությունները սպասելի էին, քանի որ փորձ է արվում փոխել 200 տարվա պատմություն ունեցող հոգեբանությունը, թե Հայաստանը առանց Ռուսաստանի Դաշնության կործանվելու է։
Միևնույն ժամանակ Բաբայանը համոզված է, որ խորհրդարանական ընդդիմության վարքը որևէ բան չի կարող փոխել Հայաստանում. երկիրը շարունակելու է կանգնել իր դիրքում։
«Մի օր հայ ժողովրդի ողբերգական պատմությունը պետք է ավարտ ունենա։ Մենք կարող ենք խաղաղ ապրել. եթե երկրում խաղաղություն կա, ամեն ինչ զարգանում է, պատերազմը դրանով է ահավոր, կանգնեցնում է ամեն ինչ ու ծանր վերքեր թողնում»,- համոզմունք է արտահայտում նա:
![]()