Ադրբեջանն ու Ռուսաստանը համաձայնության չեն եկել, Բաքուն դեմ է գնացել խաղաղապահների ներկայությանը ԼՂ-ում. Հովհաննիսյան

«Հայկական ժամանակ»-ը զրուցել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի հետ: Այն ներկայացնում ենք՝ ստորև.

— Պարոն Հովհաննիսյան, Ադրբեջանն ու Ռուսաստանը հայտարարել են, որ ՌԴ խաղաղապահ կոնտինգենտը դուրս է գալիս ԼՂ-ից, այդ մասին փաստող տեսանյութեր էլ են տարածվել: Իսկապե՞ս Ռուսաստանը լքում է ԼՂ-ն, թե՞ պատրանք է:

— Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերումը խոսում է այն մասին, որ, ամեն դեպքում, Ադրբեջանը և ՌԴ-ն համաձայնության չեն եկել, քանի որ Արցախի հայաթափումից հետո ՌԴ-ն անընդհատ հայտարարում էր, թե մինչև 2025 թվականը ռուս խաղաղապահները մնալու են, իսկ դրանից հետո կորոշեն՝ մնա՞լ, թե՞ ոչ: Այստեղ ակնհայտ է դառնում, որ, ամեն դեպքում, Ադրբեջանը կարծես թե դեմ է գնացել այլևս ռուս խաղաղապահների ներկայությանը Արցախում: Մյուս կողմից էլ կարծես թե ՌԴ-ն էլ համաձայնել է դուրս գալ Արցախից այն դեպքում, երբ որ Ակնայում կփակվի ռուս-թուրքական մոնիտորինգային դիտակետը, որը տեղակայվել էր ռուս խաղաղապահներին զուգահեռ: Չեմ բացառում, որ ռուս խաղաղապահները այլ ձևաչափով կրկին վերադառնան Արցախ:

— Մենք տեսանք, որ ռուս խաղաղապահների լուռ համաձայնությամբ, ինչ-որ տեղ՝ նաև մասնակցությամբ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ էթնիկ զտում, միաժամանակ պաշտոնական Մոսկվան հայտարարում է, թե ԼՂ հայությունը պետք է հնարավորություն ունենա հետ վերադառնալու: Ինչի՞ մասին է վկայում այս հայտարարությունը:

— ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը իսկապես հայտարարեց, որ պետք է հայերը վերադառնան, և եթե դիվանագիտական լեզվից թարգմանենք, ապա ստացվում է, որ ՌԴ-ն Ադրբեջանից ակնկալում կամ պահանջում է, որ ապահովի արցախահայության վերադարձը և անվտանգությունը, իրավունքների պաշտպանությունը, և բոլորս էլ գիտենք, որ դա տեղի չի ունենալու: ՌԴ-ն հող է նախապատրաստում այլ պայմանագրերով ու ձևաչափերով ռուսական ռազմական ներկայացվածությունը Արցախում ապահովելու համար: Մյուս կողմից, Զախարովան նաև հայտարարում է, որ արցախահայության վերադարձը չպետք է պայմանավորված լինի 80-90-ական թվականներին Ադրբեջանից և Հայաստանից գաղթած կամ բռնի տեղահանված քաղաքացիների վերադարձով, այսինքն՝ չպետք է լինի հայելային տարբերակով, և չպետք է նույնականացնել արցախահայության վերադարձը այս դեպքի հետ: Եթե կհիշեք, Բաքվի բռնապետը հայտարարում էր, որ եթե ուզում եք ապրել Արցախում կամ վերադառնալ, ապա պետք է ադրբեջանցիները ևս վերադառնան «Արևմտյան Ադրբեջան»: Այստեղ ՌԴ-ն հստակեցնում է, որ դրանք չպետք է նույնականացնել: Սա խոսում է նրա մասին, որ ռուսները հող են նախապատրաստում արցախահայության հնարավոր վերադարձի պայմաններում ռուսական անվտանգության նոր նորմերով պայմանագիր կամ համաձայնագիր կնքելու համար:

— Որոշ փորձագետների պնդմամբ՝ Ռուսաստանը, այսպես ասած, հենց այնպես չէր հեռանա ԼՂ-ից: Իսկ Ձե՞ր կարծիքով:

— Կարծում եմ՝ այս փուլում ՌԴ-ն չի ցանկանում առճակատման գնալ Ադրբեջանի հետ, որովհետև առանց այդ էլ շատ մեծ խնդիրներ ունի տարբեր հատվածներում և փորձում է դիվանագիտական ճանապարհներով, ծուղակներ կամ իրավիճակներ ստեղծելով բերել հասցնել նրան, որ, այո, Ադրբեջանն ինքը համաձայնի, որ ՌԴ-ն կրկին վերադառնա Ադրբեջան: Իսկ եթե ամեն դեպքում Ադրբեջանը որոշի, որ՝ «ոչ, ես ինքս եմ ապահովում հայերի վերադարձը և անվտանգությունը», արդեն ՌԴ-ից կլինի կոշտ մոտեցում: Բնականաբար, դա տեղի կունենա այն ժամանակ, երբ Ուկրաինայում որոշակիորեն մեղմանան ռազմական գործողությունները:

— Արդյոք ՌԴ-ի դուրս գալը չի՞ նշանակում, որ այնտեղ թուրքական գործոնն է մեծանալու:

— Թուրքական գործոն ի սկզբանե եղել է Ադրբեջանում և տարբեր ձևերով դրսևորվել թե՛ տնտեսության մեջ, թե՛ բանակում և թե՛ ընդհանրապես արտաքին քաղաքականությունում: Այս դեպքում Թուրքիայի գործոնը «երկու պետություն մեկ ազգ» ձևաչափով է, սակայն պաշտոնական առումով ռազմական համագործակցություն դեռևս Ադրբեջանի և Թուրքիայի միջև չկա, և չեմ էլ կարծում, որ մոտ ժամանակներում կլինի. ՌԴ-ն թույլ չի տա, որովհետև երբ ասում ենք՝ Թուրքիա, մեծ հաշվով ՌԴ-ի համար Արևմուտք է և ՆԱՏՕ: Այս ամենից ենթադրում ենք, որ հատկապես ԼՂ տարածքներում ոչ թե Թուրքիայի ներկայացվածությունը նոր է, այլ 2020 թվականից կա, և սա համաձայնեցված է եղել նաև ՌԴ-ի հետ:

— Իսրայելն ի՞նչ դերակատարում կարող է ունենալ, և արդյոք հնարավո՞ր է՝ ԼՂ-ն վերածվի հակաիրանական «ռազմաբազայի»:

— Այո, կարող է, որովհետև հատկապես 2020 թվականից հետո ԼՂ-ում կառուցված օդանավակայանները, ըստ էության, գտնվում են իսրայելական վերահսկողության տակ, և դրա մասին նաև գիտի Իրանը: Եթե Իսրայելը որոշի, որ պետք է Իրանի հետ սկսի ցամաքային ռազմական գործողություններ, ապա հավանականությունը մեծ է, որ նաև այդ հատվածից սկսվեն գործողությունները:

— Ի՞նչ հետևություններ պետք է այս ամենից անի ՀՀ-ն, ի՞նչ վտանգներ ու ռիսկեր կարող են առաջանալ ռուս խաղաղապահների հեռացմամբ:

— Եթե խոսում ենք ռուս խաղաղապահների Արցախից դուրսբերման մասին, ապա այստեղ ոչ մի ռիսկ այլևս չկա, որովհետև հայ բնակչություն չկա, բացառությամբ մշակութային արժեքների ոչնչացման և այլնի մասին: Իսկ ինչ վերաբերում է ՀՀ անվտանգային գոտիներին, ապա կարող եմ ասել, որ մենք կորցնում ենք անվտանգային գոտի, որովհետև, ամեն դեպքում, ռուս խաղաղապահների ներկայությունը Արցախում թեկուզ առանց հայ բնակչության որոշակի առումով անվտանգային գոտի էր ստեղծում և, ինչու՝ չէ, նաև որոշակիորեն զսպող մեխանիզմ էր դառնում: Այստեղ կարևոր է մեր համագործակցությունը ոչ միայն ռուսների հետ, այլև՝ Իրանի, որովհետև տարածաշրջանում մեր շահերը կարծես թե համընկնում են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ