Թուրքիան չի ցանկանում տարածաշրջանում կրկին լարվածության մեծացում. Ֆիդանը՝ Աբդոլլահիանին

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը այսօր հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Հուսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։

Այս մասին հայտնել են Թուրքիայի ԱԳՆ դիվանագիտական աղբյուրները՝ նշելով, որ զրույցի ընթացքում Հաքան Ֆիդանն ասել է, թե Թուրքիան չի ցանկանում, որ տարածաշրջանում լարվածությունը մեծանա Իսրայելի դեմ այսօրվա իրանական գործողությունից հետո, և ցանկանում է վերջ դնել լարվածության ավելացմանը նպաստող քայլերին։

Իրանի ԱԳՆ ղեկավարն իր հերթին ասել է, որ Իսրայելի դեմ պատասխան գործողությունն ավարտվել է, և Իրանը նոր գործողություն չի ձեռնարկի, եթե իր վրա չհարձակվեն։

Նա հավելել է, որ եթե Իրանի վրա կրկին հարձակվեն, այս անգամ դա ավելի կոշտ պատասխան կտա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանը հարյուրավոր անօդաչու սարքեր էր արձակել Իսրայելի ուղղությամբ, իրավիճակը լարված է եղել ամբողջ գիշեր: Ապրիլի 13-14-ի գիշերն Իրանն արձակել է 185 անօդաչու թռչող սարք, 110 բալիստիկ հրթիռ (երկիր-երկիր) և 36 թևավոր հրթիռ։ Հրթիռների մեծ մասն արձակվել էր Իրանից, մի մասը՝ Իրաքից և Եմենից:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն «օգնել է Իսրայելին ոչնչացնել գրեթե բոլոր անօդաչու սարքերն ու հրթիռները», որոնք եկել են Իրանից։

Եվրամիությունը դատապարտել էր Իրանի հարձակումն Իսրայելի վրա։ Համապատասխան հայտարարությամբ էր հանդես եկել ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ այսօր՝ ապրիլի 14-ին, հրավիրում է G7-ի ղեկավարներին՝ «համակարգելու միասնական դիվանագիտական պատասխանը Իրանի լկտի հարձակմանը»:

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին էլ հայտնել է, որ Իրանն ավարտել է Իսրայելի դեմ իր գործողությունը, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ է հետագա գործողությունների։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ