Հարևան երկրները տեղեկացված են եղել Իսրայելի վրա հարձակման մասին գործողությունից 72 ժամ առաջ. Աբդոլլահիան

Իրանը հարևան երկրներին տեղեկացրել էր Իսրայելի վրա հարձակման մասին այդ գործողությունից 3 օր առաջ:

Al Hadath հեռուստաալիքի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հուսեյն Ամիր Աբդոլլահիանը։

Նա ասել է, որ հարևան երկրները լիարժեք տիրապետել են ինֆորմացիային հարձակումից 72 ժամ առաջ, այդ մասին են վկայում անգամ մամուլի բազմաթիվ հրապարակումները:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանը հարյուրավոր անօդաչու սարքեր էր արձակել Իսրայելի ուղղությամբ, իրավիճակը լարված է եղել ամբողջ գիշեր: Ապրիլի 13-14-ի գիշերն Իրանն արձակել է 185 անօդաչու թռչող սարք, 110 բալիստիկ հրթիռ (երկիր-երկիր) և 36 թևավոր հրթիռ։ Հրթիռների մեծ մասն արձակվել էր Իրանից, մի մասը՝ Իրաքից և Եմենից:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն «օգնել է Իսրայելին ոչնչացնել գրեթե բոլոր անօդաչու սարքերն ու հրթիռները», որոնք եկել են Իրանից։

Եվրամիությունը դատապարտել էր Իրանի հարձակումն Իսրայելի վրա։ Համապատասխան հայտարարությամբ էր հանդես եկել ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ այսօր՝ ապրիլի 14-ին, հրավիրում է G7-ի ղեկավարներին՝ «համակարգելու միասնական դիվանագիտական պատասխանը Իրանի լկտի հարձակմանը»:

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին էլ հայտնել է, որ Իրանն ավարտել է Իսրայելի դեմ իր գործողությունը, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ է հետագա գործողությունների։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ