![]()
Պետական սահմանից ավելի հուսալի անվտանգության ապահովման իրավաքաղաքական պայման պարզապես գոյություն չունի: Մենք այնտեղ գնում ենք սահմանազատման, և իմիջիայլոց, նորից եմ ասում` Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ճշգրիտ տարածքի վրա է Հայաստանի Հանրապետությունը ստեղծվել։ Եվ այդ տարածքը որևէ մեկը չի կարող վիճարկել։ Բայց նաև սա պետք է հասկանանք, որ պրոցես է, և այդ պրոցեսը հնարավոր չէ մի գործողությամբ անել։
Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ում Կառավարության ծրագրի (2021-26թթ.) 2023թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման շրջանակում ունեցած եզրափակիչ ելույթի ժամանակ։
«Խաբե՞նք ձեզ, ասենք`այդ պրոցեսում ռիսկեր ընդհանրապես չեն կարող լինել, իհարկե, կարող են լինել ռիսկեր, և այդ ռիսկերը պետք է կառավարել։ Ասում են` այս կառավարությունը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մենք իրականում Հայաստանի տարածքային ամբողջականությունն ենք ճանաչել։ Եվ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու փաստը մեզ անհրաժեշտ է Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար, որովհետև Հայաստանի տարածքային ամբողջականությունը պարփակված է Ադրբեջանով։
Եթե դու չես ճանաչում Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, օրինակ, Իրանի, Ադրբեջանի, Վրաստանի` դու չես ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որովհետև Հայաստանի Հանրապետությունը նույնիսկ պատմականորեն, օրինակ, վերջին չգիտեմ քանի տարում, կամ հենց Խորհրդային Միության տրամաբանությամբ այն երկիրն է, որը պարփակված է այս երկրներով։ Եթե դու չես ճանաչում իրենց տարածքային ամբողջականությունը, դու քո տարածքային ամբողջականությունը, քո երկրի գոյությունը չես ճանաչում։
Հենց այս գայթակղության մեջ են դրել մեզ։ Եվ այս գայթակղությունով է, որ մենք ինքներս մեր ձեռքով մեր երկրի սուվերենությունը քայքայել ենք։ Եվ սա քաղաքական հարց չէ, սոցիալ-հոգեբանական հարց է։ Ես իմ ելույթում ասացի` չկարծեք, թե Պատմական Հայաստանը դուք մեզնից ավելի շատ եք սիրում։ Ոչ։ Ինձնից շատ սիրող չլինի այդ Պատմական Հայաստանը, բայց ես հրաժարվում եմ Իրական Հայաստանը պակաս սիրել, կամ Պատմական Հայաստանն ավելի շատ սիրել, քան Իրական Հայաստանը։
Ես՝ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, ընդհանրապես հրաժարվում եմ որևէ բան ավելի շատ սիրել, քան Իրական Հայաստանը։ Ես հրաժարվում եմ որևէ բան ավելի շատ սիրել, կիլոմետրերով մոտիկ նույնիսկ նրան, ինչքան Իրական Հայաստանը, նրա այս պահին իրական գոյություն ունեցող ժողովրդին ապրող և նրա շահերը»,- ասաց վարչապետը։
![]()