Կան պատգամավորներ, ովքեր խուլիգանական պահվածքով են հանդես գալիս. Հրաչյա Հակոբյան

«Մեր հասարակության համար պարզ է, թե Արշակ Կարապետյանը ինչու է ՌԴ-ից նման հայտարարություններ անում։ Նա, կարծում եմ, բոլորովին այլ աշխատանք է կատարում, քան լինել քաղաքական գործիչ։ Բոլոր այն մարդիկ, ովքեր ՀՀ-ից դուրս գտնվելով անում են քաղաքական հայտարարություններ, զարմանք են առաջացնում։ Ես չգիտեմ, թե նրանք ինչու են ՌԴ-ում գործում, բայց շատ հարցեր է առաջացնում նրանց մուտքը քաղաքականություն ՀՀ սահմաններից դուրս»: Այս մասին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի՝ ՌԴ-ից արած հայտարարություններին ու գործունեությանը։

Ինչ վերաբերում է խորհրդարանական ընդդիմության կոչերին ու հայտարարություններին, որ օրվա իշխանությունների դեմ պայքար պետք է սկսել, պատգամավորը նշեց. «Իրենք այդ պայքարը բազմաթիվ անգամներ սկսել են, ու իրենք իրենց հարցնում են, թե ինչու ժողովուրդը իրենց չի միանում։ Այդ հարցի պատասխանը մեկն է՝ որովհետև այս կառավարությանը ընտրել է ՀՀ ժողովուրդը։ Քանի որ մեզ ընտրել է ՀՀ քաղաքացին, նա դուրս չի գալիս փողոց։ Նրանց իրական պայքարի նպատակը իշխանության գալն է և ոչ ի շահ ՀՀ-ի գործելը, այլ տարբեր ուժերի ու տարբեր պետությունների, որոնք չեն ցանկանում ինքնիշխան Հայաստան տեսնել։ Այդ մարդկանց ստիպում են, հրահրում են, որպեսզի մտնեն քաղաքական պայքարի մեջ, ու մենք չունենանք ինքնիշխան Հայաստան»։

Հարցին, թե խորհրդարանական ընդդիմության հետ ստացվո՞ւմ է համագործակցել ի շահ Հայաստանի, Հակոբյանը ասաց. «Շատ անգամներ ասել եմ, որ «Հայաստան» խմբակցությունում կան պատգամավորներ, ովքեր կառուցողական դաշտում են, տալիս են կառուցողական ու ոլորտային հարցեր ու զերծ են մնում փողոցային բառապաշարից, բայց կան այնպիսի պատգամավորներ, ովքեր խուլիգանական պահվածքով են հանդես գալիս: Սակայն մեր հանրությունը մի քանի անգամ պատասխան տվել է այդ լեզվամտածելակերպով պատգամավորներին»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ