![]()
«Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ-ական, կուսակցության քարոզչության գծով «մեծ ամագ» թափած եւ թափող Գեղամ Մանուկյանը, ինչպես հայտի է, այն լրագրողն ու միաժամանակ պատգամավորն է, որին համարձակության մեջ կասկածել չես կարող։ Այո՛, նա չի վախեցել թուրքական ոստիկանությունից և մարտահրավեր է նետել այն ժամանակ Թուրքիայի վարչապետ Էրդողանին, որը համարձակվել էր ասել՝ Հայոց Ցեղասպանություն տեղի չի ունեցել։ «Թուրքիան պետք է քաջություն ունենա ճանաչելու Հայոց ցեղասպանությունը»՝ ի տես և ի բողոքի նշան Էրդողանի վերոհիշյալ խոսքերի ահա այսպիսի ցուցապաստառ էր պարզել Մանուկյանը 2006-ին, երբ որպես հայ պատվիրակ մասնակցում էր News Exchange միջազգային համաժողովին։ Գնահատելի խիզախություն է, ինչ խոսք։ Էրդողանի պես ջղային գործչին հակաճառած պարոն Մանուկյանն այսօր որոշեց տարիներ անց լիցքաթափվել՝ կասկածի տակ դնելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանի խիզախությունը, երբ պատգամավորը ԱԺ ամբիոնից դիպուկ ախտորոշեց իրավիճակը՝ ՀՀ բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 կոշտ քննադատ՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովա, Ալիև և հայկական ընդդիմություն։ «Էդ բովանդակությամբ ելույթի համարձակությունը 3, տեքստի ընթերցանությունը՝ 2»,- Մելքոնյանի ելույթից հետո ամբիոնին մոտենալով՝ հեգնեց Մանուկյանը։
Մելքոնյանի ելույթը, որը վեջինս ընթերցում էր, երևի խորթ թվաց Գեղամ Մանուկյանին, ոչ թե շարադրանքի ժանրի առումով, այլ՝ մատուցման։ Այո՛, դաշնակցական պատգամավորը ռազմահայրենասիրական, ահեղադղիրդ տեքստերի մասնագետ է և կարող է կիլոմետրերով այդպիսի տեքստեր արտաբերել՝ առանց թղթից օգտվելու։
Այսինքն՝ անգիր կամ անգիր արած։ Նա, երեւի թե ՔՊ-ն շփոթում է սեփական խմբակցության հետ, որի որոշ պատգամավորների համարձակ և արտիստիկ ելույթները թելադրվում են կոնկրետ հրահանգիչի կողմից ։ Թե հատկապես որ, կարծում ենք առանց մեր ասելու էլ ակնհայտ է։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ իր ելույթում անդրադառնալով Մանուկյանի ցինիկ ռեպլիկին՝ նշեց․ «Պարոն Մանուկյանի վրա ես զարմանում եմ, պարոն Մանուկյան, էթիկայի տարրական կանոններ կան, ի՞նչ է նշանակում՝ «ընթերցանությունը 2», դուք պետք է որոշե՞ք․․․ Ուզում ե՞ք ձեր ցուցակի միջից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարողանում գրել։ Գուշակեցի՞ք»։
Չգիտենք՝ Մանուկյանը գուշակեց, թե ոչ, բայց մենք անմիջապես, առաջին իսկ վայրկյանից գուշակեցինք՝ խոսքը սույն դաշինքի ցուցակը գլխավորած, ՀՀ-ն 10 տարի կառավարած անձի՝ Ռոբերտ Քոչարյանի մասին է, որի լեզվամտածողության, բառամթերքի առանձին փայլատակումներ ու «գոհարներ» նախկինում ցնցել են հասարակությանն ու ընդհուպ տգիտության էտալոնի կարգավիճակ ստացել։ Քոչարյանի հայերենի գրավոր խոսքի «բարձր մակարդակին», հիշեցնենք, հասարակությունը երեւի թե առաջին անգամ առնչվեց 2020-ի սեպտեմբերին, երբ գրատախտակի վրա գրելով «Հաղթանակած երիտասարդություն» բառակապակցությունը նախկին նախագահը մի քանի ուղղագրական սխալ էր թույլ տվել՝ գրելով՝ «Հախթանակած երիտասառթութուն»։ Համացանցը, այո, օրեր շարունակ ասում-խոսում-զարմանում-ծիծաղում էր երկրիս նախկին ղեկավարի վրա։
Գեղամ Մանուկյանը չգիտենք՝ համարձակություն ունեցե՞լ է Քոչարյանի գրավոր խոսքին գնահատական տալ և եթե տվել է, ապա հատկապես ի՞նչ գնահատական, արդյո՞ք «2»։ Ենթադրում ենք, որ դիտողություն, առավել եւս գնահատական տալ պարոն Մանուկյանը չի համարձակվել, քանի որ եթե նման համարձակություն ցուցաբերած լիներ, ապա դժվար թե «Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկվեր ու պատգամավոր դառնար՝ հաշվի առելով նախկին նախագահի քինախնդիր «խասյաթը»։
Քոչարյանն էլ հո Էրդողանը չէ՞, որ համարձակվես հակաճառել, և կամ լպիրշություն ցուցաբերես ու գնահատես նրա գրած երկու բառը։
Քանի առիթ է ընձեռվել, ևս մեկ անգամ հիշենք երկրորդ նախագահի լեզվամտածողության առանձին դրսեւրումներ, որոնք, ի դեպ, ժամանակին «կոնսպեկտել» էր Քոչարյանի օրոք փակված «Ա1+»-ը։ Այդ կայքը, նկատենք, ի տարբերություն պարոն Մանուկյանի, բավականին համարձակ եթեր էր ապահովում՝ տեղը տեղին քննադատելով Քոչարյանին եւ նրա՝ «միակ տղամարդու» ընդունակությունները։
Հենց այդ համարձակությունն էլ, ի վերջո, պատժվեց․ հիշյալ ԶԼՄ-ն եթերազրկվեց։ «Ընդհանրապես պարոն Քոչարյանը իր պաշտոնավարության ընթացքում բավականին փոփոխություններ կատարեց Հայաստանի պետական լեզվում. «գընհատական», «ունտրություն», «ունդունելություն», «ունդունակություն», «մասանդրա», «պարև», «վիզկապ», «թռաշս», «մոսկաներ» և այլն։
Հետաքրքիրն այն է, որ այդ բառերը պարոն Քոչարյանի պես էին արտասանում նաև մի շարք այլ պաշտոնյաներ։ Հիշեցնենք նաև, որ մինչև Քոչարյանը հայ ժողովուրդը որևէ առաջին դեմքից չէր լսել. «Ասել էի, թե վատ պարողին ինչն է խանգարում։ Կլիզմա պետք է անել։ Որոշ պատգամավորների ականջներից քաշել է պետք։ Փողի վրա նստած փող է ուզում։ Մեկ-մեկ սիրտս ուզում է մեկին տփեմ» և այլ արտահայտություններ,- իր «տեղեկանքում» արձանագրել էր «Ա1+»-ը։
Հ․Գ․ Իսկ արդեն 2018-ին ՀՀ-ում սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրված Ռոբերտ Քոչարյանը «Երկիր Մեդիային» եւ անձամբ Գեղամ Մանուկյանին տված հարցազրույցում իրեն առաջադրված մեղադրանքի «աբսուրդային» լինելը ներկայացնելու համար փորձում էր հղում անել սերբ կինոռեժիսոր, երաժիշտ ու դերասան Էմիր Կուստուրիցայի արվեստին, բայց փոխարենն ասաց՝ «Կուշտունիցա»։ «Սա ուղղակի իրավական սյուրռեալիզմ է, Կուշտունիցան երեւի կերազեր մեր այս որոշման մակարդակի երեւակայություն ունենալու իր ֆիլմերն անելիս»,-համարձակ արտաբերել էր նախկին նախագահը։
![]()