Ամուսնանում են, դրանից հետո նոր երեխա է ծնվում, Եվրոպան միանգամից մեզ իր գիրկը չի առնելու. Արա Խուդավերդյան

Երկրապահ կամավորական միության հիմնադիր անդամ, ԼՂ առաջին պատերազմի մասնակից, «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանի խոսքով՝ վերջին օրերին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից սահմանագոտու մի շարք ուղղություններով իրականացված սադրանքները հասկանալու համար պետք է մեկ քայլ հետ գնալ:

«Բոլորս սպասում էինք այդ սադրանքներին մինչև ամսի 5-ը, որպեսզի վիժեցվեր ՀՀ վարչապետի, ԱՄՆ պետքարտուղարի և Եվրահանձնաժողովի նախագահի հանդիպումը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Ըստ Խուդավերդյանի՝ այս գործողությունները Ռուսաստանն է թելադրում. «Ո՞ւմ ձեռք չէր տալիս այդ հանդիպումը… եթե ձեռք տար ՌԴ-ին, ապա վերջինս ակտիվ միջնորդ կլիներ, որպեսզի ժամ առաջ կայանար Հայաստանի հանդիպումը աշխարհի տերերի հետ: Իսկ ՌԴ-ն մինչ ամսի 5-ը տարբեր կալիբրի «պարկապզուկներով»՝ լավրովյան, ադրբեջանական, թուրքական, մեր ներսի շարասյան, բոլորի լեզվով պրովոկացիոն և կեղծ հայտարարություններ էր տարածում, և այդ բոլորը կատարվում էր լավ վճարի դիմաց: Ուզում էին ցույց տալ, որ «мужик сказал, мужик сделал»»:

Նրա խոսքով՝ ռուսական «պառավոզ»-ը՝ «5-րդ շարասյան» կցորդիչով, Ադրբեջանի հետ համատեղ փորձում էր Հայաստանում թե՛ սահմանային, թե՛ ներքաղաքական լարվածություններ առաջացնել:

«Ուզում էին մեծ պրովոկացիաներ ստեղծեին և մեկուսացնեին աշխարհից, որպեսզի իրենց երկաթյա մահակը ջարդեին Հայաստան պետության և հայ ժողովրդի գլխին: Խափանվեց ալիևյան, պուտինյան և 5-րդ շարասյան՝ եռագլխանի հանձնարարականներ ստացածների, որոնք չգիտես՝ հա՞յ են, թե՞ հայատյաց, որոնք «պադպիսկա» էին տվել ռուսական հատուկ ծառայություններին՝ իրականացնելու զինված հեղաշրջման պրոցես ՀՀ-ում: Մենք շատ լավ դուրս եկանք այդ պրոցեսից, կայացավ այն, ինչ կայացավ՝ Հայաստանի ոտնամուտը դեպի Եվրոպա»,- ասում է զրուցակիցը:

Կոռնիձորի Արոն նկատում է, որ Եվրոպա-Ամերիկա-ՌԴ շահերի բախումները բերել են նրան, որ ՀՀ-ն ձեռք է բերել որոշ համախոհներ, որոնք և՛ խոսքով, և՛ գործողություններով աջակցում են. «Իսկ գործընթացները հետագայում ցույց կտան, թե ռազմական ու ռազմաքաղաքական ինչպիսի զարգացումներ կլինեն, ով իր տեղն ում կզիջի, և ինչպիսի նոր էտապ կապրի Հայաստանը»:

Դիտարկմանը, թե ամեն դեպքում Արևմուտքից դեռևս գործուն քայլեր չեն նկատվում Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու տեսանկյունից, Խուդավերդյանը նկատում է՝ երեխան էլ անմիջապես չի ծնվում:

«Սկզբում սիրահարվում են, հետո՝ ամուսնանում, հետո՝ հարսանիք, դրանից հետո նոր երեխա է ծնվում: Նույնն էլ այս պարագայում է. Եվրոպան միանգամից մեզ իր գիրկը չէր առնելու, կրծքով կերակրեր, դրանք պրոցեսներ են, և բովանդակային առումով առաջին հանդիպումը խոստումնալից էր, որից հետո արդեն պայմանագրեր կլինեն տարբեր ոլորտներում, և մենք կտեսնենք, թե ինչպիսի շրջադարձ կունենքն»,- ընդգծում է նա:

Խուդավերդյանի խոսքով՝ այս ճանապարհին Ռուսաստանի հրահանգով Ադրբեջանից սադրանքների միշտ պետք է սպասել, դրանք կարող են լինել տարբեր «տրամաչափի» և տևողությամբ, սակայն այս պահին մեծ էսկալացիայի վտանգ չկա. Ադրբեջանն այդ կանաչ լույսը չունի. «Էսկալացիայի հավանականությունը այս պահին շատ քիչ է, բայց քանի որ մենք ունենք թշնամի, որի անունն է Ադրբեջան, ո՛չ պետք է հավատանք Ադրբեջանի «հա»-ին, ո՛չ՝ «չէ»-ին, քանի որ մեր տարածաշրջանում, բացի մեր պետականության, պետության և ժողովրդի շահերից, բախվում են աշխարհի տիրակալների շահերը, մենք պետք է ամեն վայրկյան, ամեն պահի զգոն և զգույշ լինենք բոլոր տիպի ոտնձգություններից Հայաստան պետության և հայ ժողովրդի դեմ: Մենք ռազմաքաղաքական թատերաբեմում ենք և չգիտենք՝ ինչպիսի իրավիճակում, ինչպիսի տեղում և դերում կհայտնվենք»:

Վերջինս նաև նկատում է՝ Ադրբեջանը դե ֆակտո ՀԱՊԿ-ում է, դրա մասին է վկայում Լուկաշենկոյի, միջինասիական պետությունների, ՌԴ-ի ջերմ ազդեցությունը նրանց վրա. «Դրանից առավել դե յուրե բան պետք չէ, «մուսուլմանսկի Կրեմլ» իզուր չեն ասում: Իսկ մեր քայլերը պետք է լինեն հետևյալը՝ հրաժարվել ՀԱՊԿ հասկացությունից, դառնալ հակակշիռ ՀԱՊԿ-ին և ծաղկեցնել սեփական երկիրը: Միայն այս դեպքում Հայաստանը կմաքրվի ռուսական քոձերից, շարասյուներից»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ