75 տարեկանում Գրետա տատի կյանքում անսպասելի շրջադարձ է եղել. ծոռան գրիչն ու ալբոմը գունավորել են նրա կյանքը

30 տարի՝ որպես դերձակ, 25 տարի էլ խանութում վաճառողուհի աշխատելուց հետո Գրետա Մելիքովայի կյանքի 75-րդ տարին անսպասելի շրջադարձով է առանձնացել. ծոռներից մեկի նկարչական ալբոմում նկարելուց հետո ինքն էլ չի պատկերացնել, որ թղթի վրա գույներ հաղորդելուց այդ նույն երանգներն իր կյանքն էլ են գունավորելու:

Վերջինս ամենամոտ և անբաժան ընկերուհու՝ Ազնիվի հետ է ներկայացել հարցազրույցի: Նրա հագուստին անմիջապես աչքի է ընկնում ներկապնակի ու վրձնի բրոշը: Այն ավագ դստեր նվերն է, որը երբեք չի մոռանում փակցնել:

«Ընկերուհիս էլ առավոտյան ասաց՝ էլի էդ բրոշն ես կպցրել»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ծիծաղելով ասում է նա:

Ապա 84-ամյա նկարչուհին պատմում է՝ չի պատկերացրել, որ նկարելու տաղանդ ունի, սակայն մի օր ձեռքը գրիչ է վերցրել ու տան սեղանին դրված ծոռնիկի ալբոմում նկարել է կապիկ:

«Տղաս ներս մտավ, հարցրեց՝ ո՞վ է նկարել, ասաց՝ լավ է ստացվել, Էդտեղից սկսվեց: Այդ ընթացքում դեռ մեր սեփական խանութում էի աշխատում, ազատ ժամանակ նստում նկարում էի, ծանոթներիս էլ ցույց էի տալիս, կարծիքներ էին հայտնում»,- մանրամասնում է նա:

Գրետա տատը անգամ հասցրել է Արամ Խաչատրյանին, Առնո Բաբաջանյանին, Սոս Սարգսյանին, Աշոտ Ղազարյանին, նույնիսկ Կոմիտասին նկարել:

Վառ գույները նրա կտավներում գերակշռում են, հատկապես կարմիրը, կանաչն ու վարդագույնն անպակաս են. «Խանութում նկարելու ժամանակ հետո այդ պատկերները կպցնում էի պատի ազատ տարածքներում, ինձ լավ էի զգում, հպարտանում:

Օրերից մի օր էլ մի երիտասարդ Գրետա տատին խնդրել է իր հարազատին նկարել, նա էլ համաձայնել է, և այդպես սկսել է դիմանկարներ էլ նկարել:

«Ասեցի՝ բեր, լավ եղավ՝ կտամ, լավ չեղավ՝ չեմ տա։ Օրեր հետո եկավ, վերցրեց նկարը, ձեռքը տարավ գրպանը, որ գումար տա, ասացի՝ տենց չենք պայմանավորվել։ Ինքն էլ ասաց, որ քրոջն եմ նկարել, մյուս անգամ էլ ընկերուհուն է բերելու: Հաջորդ անգամ մի ուրիշ տղա եկավ, նրա ընկերուհուն էլ նկարեցի։ Ուրախանում էի, մտածում՝ եթե լավը չլիներ, չէին տանի»,- հպարտորեն ասում է նա:

Չնայած պատկառելի տարիքին՝ 84-ամյա կինը չի մտահոգվել, թե ինչպես կարձագանքեն հարազատներն իր նոր զբաղմունքին։ Հակառակը՝ միշտ ցույց է տվել աշխատանքները, լսել ցանկացած կարծիք՝ հաջորդ անգամ մեկ այլ նկարում նույն սխալը չկրկնելու համար:


Կորոնավիրուսային համավարակի ժամանակահատվածում էլ կրկին նոր հետաքրքիր ու անսովոր փոփոխություն է ունեցել, որից նույնպես չի խուսափել․ «Քովիդից հետո տղաս ասաց, որ էլ չի ուզում՝ խանութում աշխատեմ։ Առաջին հարկում ենք ապրում, ու մի օր պատուհանից դուրս էի նայում, մի աղջիկ անցավ, նայեց ինձ, ես էլ՝ նրան, ժպտաց, ես էլ փոխադարձ իրեն ժպտացի, ու այդ պահին մի այցեքարտ տվեց ինձ, նայեցի՝ վրան գրված էր՝ նկարչություն, գծագրություն։ Սիրտս սկսեց թրթռալ, ինձ լավ զգացի։ Մտածեցի՝ Աստված ջան, սա իմ հաջողությունն է։ Հաջորդ օրը թոռնիկիս հետ գնացի այդ ստուդիան, մեզ լավ դիմավորեցին։ Նկարչության ուսուցչուհիներ Անան ու Մագան ինձ միշտ լավ էին վերաբերվում»։

Սկզբում, սակայն, նկարչուհի տատիկը շփոթվել է. փոքրերի մեջ միակ մեծահասակն է եղել. «Ստուդիայում շատ նկարներ արեցի․ Մարտիրոս Սարյանին նկարեցի, Այվազովսկու նկարներից՝ «9-րդ ալիք»-ը։ Շատ էի մնում ստուդիայում, դրա համար մեկ տարում արդեն 50 նկար ունեի։ Այնտեղ ինձ հարմար էր, լավ էի զգում»։

Նկարչական գործունեության ընթացքում տատիկը երեք ցուցահանդես է ունեցել․ առաջինը 2021 թվականին՝ 11 նկարով, հաջորդը՝ 2022 թվականին՝ Նարեկացի արվեստի միությունում, կտավի վրա արված աշխատանքներն է ցուցադրել, վերջինը 50 նկարով Նկարիչների միությունում է եղել։ Երեքի ժամանակ էլ պատվոգրեր է ստացել, որը, նրա խոսքով, ցանկացած մրցանակից ավելին է։ Նրա նկարները նաև վաճառքում կան:

12 թոռ ու 8 ծոռ ունեցող 84-ամյա Գրետա տատն այլևս չի նկարում, սակայն անհանգիստ է, որ վրձիններն ու գույները միայնակ է թողել ստուդիայում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ