![]()
Ավետման տոնի՝ ապրիլի 7-ի առթիվ, որը հանրության շրջանում ընդունված է որպես Մայրության և գեղեցկության տոն, «Հայկական ժամանակ»-ը ներկայացնում է հարցազրույց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանի հետ:
— Տիկին Գրիգորյան, Դուք երկար տարիներ է՝ տարբեր պաշտոններ եք զբաղեցնում իրավապահ համակարգում, այժմ էլ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն եք: Հայ հասարակության գերակշիռ մասը, համարելով, որ կանայք առավել էմոցիոնալ են, հիմնականում սովոր է նման բարձր պաշտոններում տեսնել տղամարդ գործիչների: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է ձևավորված նման կարծրատիպ, արդարացվա՞ծ է այդ մոտեցումը, թե՞ ոչ: Երբևէ բախվե՞լ եք այնպիսի հարցերի, որ ինքներդ էլ մտածեք՝ հակառակ սեռի ներկայացուցիչն առավել արագ լուծում կտա այդ հարցին:
— Ճիշտ եք, հայ հասարակության գերակշիռ մասը պետական բարձր պաշտոններում գերադասում է տեսնել տղամարդկանց: Կարծում եմ՝ ոչ այն պատճառով, որ կանայք էմոցիոնալ են. այդ հատկանիշից զերծ չեն նաև տղամարդիկ: Պարզապես կա կարծրատիպ, որ կինը, հատկապես՝ երեխաներ ունեցող մայրը, չի կարող ամբողջապես նվիրվել աշխատանքին, ընտանեկան բազմաթիվ հոգսերին զուգահեռ կատարել բարդ և պատասխանատու աշխատանք:
Մեր հասարակությունում նման կարծրատիպի ձևավորումը տարբեր պատճառներ ունի. արմատները գալիս են մարդկության ամենավաղ ժամանակաշրջաններից: Իհարկե, այն արդարացված չէ, քանի որ կինը, որը որոշել է սովորել, աշխատել, խորանալ իր մասնագիտության մեջ, զբաղեցնել պետական պաշտոններ, հաստատակամ է և իր որոշման տերը:
Անկեղծորեն, երբեք չեմ մտածել, որ հակառակ սեռի ներկայացուցիչը հարցին ավելի արագ լուծում կտար: Ճիշտն ասած, կարծում եմ, կանայք բարդ իրավիճակներում ավելի արագ են կողմնորոշվում, նրանց մոտ առավել ընդգծված է հարցերին տարբեր տեսանկյունից մոտենալու, մի քանի հարցի ուղղությամբ միաժամանակ մտածելու և ելքեր գտնելու ունակությունը:
— Գլխավոր դատախազությունը մի համակարգ է, որում ներգրավված անձնակազմի գերակշիռ մասը տղամարդիկ են: Բա՞րդ է կնոջ համար նման պարագայում աշխատելը, թե՞ հակառակը:
— Բոլորովին բարդ չէ աշխատել տղամարդկանց հետ: Այն կոլեկտիվներում, որտեղ ես աշխատել եմ, այո՛, գերակշիռ մասը եղել են տղամարդիկ, և ես երբեք առիթ չեմ ունեցել կենտրոնանալու այդ հանգամանքի վրա: Սակայն չեմ թաքցնի, որ ինձ առավել հաճելի է աշխատել խելացի կանանց հետ:
— Հետաքրքիր է՝ ինչպե՞ս է կինը հասցնում միաժամանակ և՛ պետական գործիչ լինել՝ ծանր աշխատանքային գրաֆիկով, և՛ հոգատար կին՝ ընտանիքի համար: Լինո՞ւմ է այնպես, որ ընտանիքը շատ հարցերում տուժի աշխատանքի պատճառով:
— Իհարկե, դժվար է այդ երկու դերերում լինել միաժամանակ և երկու դեպքում էլ դրսևորվել լիարժեք: Սակայն ես իմ փորձից կարող եմ ասել՝ ինչքան ավելանում է մարդու ծանրաբեռնվածությունը, այնքան ավելի պլանավորված և արդյունավետ է կազմակերպվում օրը:
![]()
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանը
— Պետական կառավարման համակարգում կանանց ներգրավվածությունը գնալով մեծանում է, դա նկատելի է բոլոր ոլորտներում, ընդ որում՝ այնպիսի, որ հայ հասարակության մեծ մասի ընկալմամբ դա միայն ու միայն տղամարդու աշխատանք է: Ձեզ համարո՞ւմ եք այս առումով կարծրատիպեր կոտրող անձնավորություն:
— Ես շատ ուրախ եմ, որ պետական կառավարման համակարգում կանանց թիվը մեծանում է: Կանայք հատուկ սրտացավությամբ, նվիրվածությամբ ու պատասխանատվությամբ են վերաբերվում իրենց աշխատանքին, ինչը բարձր արդյունավետություն է ապահովում:
Ինձ չեմ համարում կարծրատիպեր կոտրող անձնավորություն, սակայն փորձում եմ ցույց տալ խելացի աղջիկներին, որ պատասխանատու աշխատանք և միաժամանակ լավ ընտանիք ունենալն իրար չեն խանգարում, ընդհակառակը՝ իրար փոխլրացնում են, և այդ պայմաններում միայն կարելի է ասել, որ կինն ապրում է լիարժեք կյանքով:
— Ձեր համակարգում կին աշխատակիցները հիմնականում ի՞նչ խնդիրների են բախվում, որոնց մասին Դուք անձնապես տեղյակ եք: Այդ խնդիրների շարքում սեռով պայմանավորված հարցեր կա՞ն:
— Դատախազության համակարգում աշխատում են մեծ թվով խելացի, բանիմաց կանայք՝ և՛ երկար տարիների աշխատանքային փորձ ունեցողներ, և՛ նորանշանակներ: Վստահ եմ, որ բոլորիս համար էլ ստեղծվել են բոլոր պայմանները՝ աշխատանքի հաճույքով գալու համար, և բոլորն ունեն կատարած աշխատանքի համար գնահատված լինելու զգացողություն: Խնդիրներ, հատկապես սեռով պայմանավորված, ինձ հայտնի չեն:
— Ի՞նչ խորհուրդ կտաք այն կանանց, որոնք դեռ վախենում են քայլ կատարել որևէ ոլորտում և ի՞նչ կհորդորեք այն տղամարդկանց, որոնք շարունակում են կարծել, թե «կնոջ տեղը միայն ու միայն խոհանոցն է»:
— Կանայք պետք է ինքնավստահ լինեն, չխուսափեն դժվարություններից, դրանք միշտ հաղթահարելի են, փորձեն պրոֆեսիոնալ տիրույթում արժևորել կնոջ դերը և իրենց օրինակով աշխարհն ավելի լավը դարձնեն: «Կնոջ տեղը միայն խոհանոցում է» արտահայտությունն ինձ շատ խորթ է: Վստահաբար՝ իմ շրջապատում գտնվող ոչ մի տղամարդ այդպես չի կարծում:
![]()