![]()
Ադրբեջանում պետական քարոզչության գլխավոր խոսափող haqqin.az-ը, հղում անելով Թավրիզից ունեցած մասնավոր տեղեկություններին, գրում է, որ նախօրեին տեղի «Տրակտոր» եւ Սպահանի «Սպահեն» ակումբների միջեւ ֆուտբոլային մրցախաղից հետո Իրանի «հատուկ ծառայությունները ձերբակալել են տասնյակ ադրբեջանցիների, որոնք մարզադաշտում բարձրացրել են Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները եւ թյուրքական կարգախոսներ հնչեցրել»: Լրատվամիջոցի ներկայացմամբ՝ Թավրիզից կապվել են իրենց խմբագրության հետ, տեղեկացրել եւ խնդրել, որ փաստը հրապարակայնացնեն, քանի որ «դա կարող է ձերբակալվածների ազատ արձակման համար օգտակար լինել»:
Այս տեղեկատվությունը, գուցե, ուշադրության արժանի էլ չէ, նման դեպքեր կարող են աշխարհի ցանկացած երկրում լինել: Բայց ադրբեջանական քարոզչամիջոցը դարձյալ գտնվել է իր «պրոֆեսիոնալ բարձրության» վրա եւ Թավրիզի մարզադաշտից լուսանկարների շարք հրապարակել: Ակնհայտ տեսանելի են լատինատառ ազերի-թուրքերենով ցուցապաստառներ, իսկ մի լուսանկարում պատկերված է Haqqin.az-ի լոգոտիպը: Իրանում լատինատառ այբուբենն ընդունված չէ, այն պետականորեն գործածվում է Թուրքիայում եւ Ադրբեջանում, ուստի շատ հավանական է, որ ցուցապաստառները կամ Բաքվում են ձեւավորվել, կամ՝ Թավրիզում բնակվող Ադրբեջանի քաղաքացիների կողմից:
Ավելի քան երկու տասնամյակ է, ինչ Թավրիզի մարզադաշտում պարբերաբար վանկարկվում է մի թուրքական կարգախոս. «Թավրիզ-Բաքու-Անկարա/ Բիզ հարա, ֆարսլար հարա»- որ թարգմանաբար նշանակում է՝ «Թավրիզ-Բաքու-Անկարա/ Ով ենք մենք, պարսիկենրեն ով են»: Ըստ երեւույթին, հենց այդ կարգախոսն էլ հնչեցվել է, քանի որ փաստացի «Տրակտոր»-«Սպահեն» ֆուտբոլային խաղը «թուրք-պարսկական է»: Թե ինչու՞ է Բաքվի քարոզչությունը կրքեր բորբոքում՝ խնդիրը դա է:
Իրանա-ադրբեջանական հարաբերություններում, կարծես, նոր «սառցե դարաշրջան,, է սկսվում կամ առնվազն հավական է, որ կսկսվի: Նախօրեին Իրանի խորհրդարանի մի պատգամավոր սոցցանցային գրառմամբ կոչ է արել հրթիռային հարված հասցնել տարածաշրջանում Իսրայելի դեսպանատներից մեկին, մասնավորեցնելով, որ «ցանկալի է՝ Ադրբեջանում»: Գրեթե անմիջապես ադրբեջանական մի շարք թելեգրամ-ալիքներում տեղեկություն է տարածվել, որ Բաքվում «Իսրայելի դեսպանատունը տարհանվում է»- ինչն անհապաղ հերքվել է Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչության կողմից:
Բաքվում տեղեկատվական բոլոր հոսքերը հատուկ ծառայությունների կողմից խստորեն վերահսկվում են: Թավրիզում ադրբեջանցի «տասնյակ մարզասերների ձերբակալության» եւ նրանց «ազատ արձակմանն աջակցելու խնդրանքի» մասին Haqqin.az-ի հրապարակումը վկայում է Թեհրան-Բաքու դիվանագիտական լարվածության մասին: Ադրբեջանը վերստին ակտուալացնում է «միասնական հայրենիքի» քարոզչությունը: Դա «պաշտպանական մարտավարությու՞ն» է, թե՞ Բաքուն հրահանգավորվել է լարվածություն սադրել:
![]()