Համասեռամոլին, թմրանյութ օգտագործողին հանդուրժելը չի նշանակում՝ այդ արժեքի կրողն ես, չպետք է թացը և չորը խառնել. Բաբայան

Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը կարծում է, որ եվրաինտեգրումն առաջին հերթին արժեքային համակարգ է:

«Ամեն ինչ գալիս է նրանից, թե մենք մեզ ո՛ր քաղաքակրթական դաշտում ենք զգում, ինչ արժեքներով ենք առաջնորդվում, ինչ որակ ենք ուզում ունենալ, արդյոք ցանկանո՞ւմ ենք լինել մրցակցային ամբողջ աշխարհի հետ, թե՞ ուզում ենք ինչ-որ փոքր գուբերնիայի տեղ գրավել ու ասել, որ մեր հնարավորությունները սա է»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Բաբայանը նշում է՝ իր համար կա մի պատասխան՝ հայերը ոչ մի տեղ չպետք է գնան, պարզապես պետք է հիշեն, որ եվրոպացի են. «Հիշեք՝ մենք ով ենք, ինչ ենք եղել, ինչ ենք տվել աշխարհին: Այո, հարյուրամյակներ շարունակ մենք եղել ենք տարբեր կայսրությունների կազմում՝ պարսկական, օսմանյան, ռուսական, և դա չէր կարող անհետևանք մնալ. շատ բան մենք ընդօրինակել ենք այդ երկրներից, նրանց կենցաղից, արժեքային համակարգից: Բայց, ինչպես Կոմիտասը մաքրեց և բերեց մաքուր հայկական ժողովրդական երաժշտություն, կարծում եմ՝ նույն պրոցեսը պետք է անցնենք բոլոր ասպարեզներում, մաքրվենք»:

Մշակույթի գործիչը նկատում է՝ իր համար միակ հարցն այն է, թե արդյոք հնարավո՞ր է՝ կրկնվի 2013 թվականի վիճակը, երբ մեկ օրվա ընթացքում 180 աստիճանով շրջադարձ եղավ եվրաինտեգրամն պրոցեսից. «Ես համոզված եմ, որ եթե ընտրությունը սկզբունքային է, արժեքային, այլ ոչ թե տարբեր հանգամանքներով թելադրված՝ նեղացվածություն, դավաճանություն, այդ ժամանակ շեղում չի լինի: Որովհետև մենք հաճախակի մեր՝ եվրոպական ընտրության գլխավոր պատճառ ենք նշում այն, որ մեզ մեր ռազմավարական դաշնակիցը դավաճանեց: Իսկ, ասենք, եթե չդավաճաներ, ինչպես չի դավաճանել Լուկաշենկոյին, մենք մնալո՞ւ էինք այդ ճահճի մեջ, որը չունի ոչ մի ապագա»:

Բաբայանը նշում է, որ չի մեղադրում հանրությանը, քանի որ 200 տարի այդ գաղափարն են ներդրել հասարակության մեջ, որ պետք է «փրկիչ»:

«Նայենք մեր պատմության ամենաողբերգական էջերը ու կտեսնեք, որ այդ էջերը կապված են նրա հետ, որ մեզ ուզում էին «փրկել». 1-ին համաշխարհային պատերազմ՝ ցեղասպանություն, 1920 թվականին՝ Հայաստանի սովետիզացիա, նույնը տեսանք, թե ինչպես էր փրկվում Արցախը ՌԴ-ի կողմից: Կարծում եմ՝ պետք է պարզապես աշխատել մարդկանց հետ, բացատրել օրինակով, առանց վիրավորելու: Շատ դժվար է փոխել հոգեբանությունը, որը ձևավորվել է սերնդից սերունդ, բայց այդ աշխատանքը պետք է կատարվի: Կա՛մ մենք որոշում ենք, որ մեր ժողովրդի ապրելու միակ ճիշտ ձևը սեփական անկախ պետականություն ունենալն է, հավասար ու հարգալից հարաբերությունները, կա՛մ համաձայնում ենք, որ մի արտակարգ ազգ ենք՝ գնչուների նման, որը իրավունք չունի սեփական պետությունն ունենալ, որովհետև ի վիճակի չէ դա կառավարել»,- ասում է նա:

Ըստ Բաբայանի՝ եվրաինտեգրումը երկարատև գործընթաց է. «Կարելի է վիզաներն ազատականացնել, զենք տալ և այլն, բայց եթե դու ներքուստ չես զգում քեզ եվրոպացի, այդ ամեն ինչը «հարամ» ես անելու, գնալու ես արտասահման, հետ չգաս, փախստականի կարգավիճակ ստանաս, զենքի հետ չիմանաս՝ ինչպես վարվել, քանի որ ժամանակակից զենքը պահանջում է գրագետ զինվորականներ: Այս ամենը պահանջում է համապատասխան որակներ»:

Դիտարկմանը, որ եվրոպական արժեքներ ասելով՝ որոշ հատված այն անմիջապես ասոցացնում է թմրանյութերի ու համասեռամոլության հետ, Բաբայանը արձագանքում է՝ այդ մարդկանց պետք է բացատրել, որ դրանք արժեքներ չեն. «Եթե մենք սկսում ենք մարդուն մեղադրել, դատապարտել, վռնդել իր սեռական կողմնորոշման համար, մյուս օրը՝ աչքերի գույնի համար, հաջորդ օրը՝ հայացքների… եվրոպական արժեքներն այն են, որ ես այդպիսին չեմ, բայց հանդուրժում եմ դա, և պետք չէ խառնել թացը չորի հետ»:

Վերջինս առավել կարևորում է լուսավորչական աշխատանքը. «Պետք է գնալ, մարդկանց հետ խոսել, չվախենալ. բազմաթիվ մեղադրանքներ կլինեն: Սա շատ կարևոր է, որ եթե դու համարում ես քեզ մտավորական, բարի եղիր բացատրիր մարդկանց, հո դու խոհանոցի ու մտերիմ շրջանակի համար չես: Ի վերջո, այս երկրի ճակատագիրը որոշելու է ժողովուրդը, և նա որքան եղավ քաղաքակիրթ և հումանիստական արժեքների կրող, այդքան ավելի լավը կլինի մեր իշխանությունն ու պետությունը»,- ասում է զրուցակիցը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ