Ադրբեջանը չի ուզում ամբողջությամբ տեղավորվել ՌԴ ուղեծրում և վախենում է ԱՄՆ-ի կողմից նման ընկալման հեռանկարից․ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն անդրադարձել է ապրիլի 5-ին նախատեսված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպմանը։

«Ֆեյսբուք»-ի իր էջում Արամ Սարգսյանը գրել է․

«Ինձ համար ապրիլի 5-ին Բրյուսելում եռակողմ հանդիպման հիմնական ու կարևոր արդյունքը արդեն իսկ ունենք՝ ապրիլի 3-ին, Բլինկեն-Ալիև հեռախոսազրույցի ժամանակ Ալիևը վստահեցրել է ԱՄՆ պետքարտուղարին, որ ինքը հավատարիմ է Պրահայի համաձայնությանը և Ալմա Աթիի հռչակագրին, հորդորել ու խնդրել է ԱՄՆ իշխանություններին չհավատալ Ֆրանսիայի ԱԳՆ-ի՝ ՀՀ մասով հնչող տեսակետներին, որ անվանել է սուտ։

Դա նշանակում է, որ Ադրբեջանը չի ուզում ամբողջությամբ տեղավորվել ռուսական ուղեծրում և խիստ վախենում է ԱՄՆ իշխանության կողմից նման ընկալման հեռանկարից։

Սա շատ կարևոր և հուսադրող փաստ է, որ գրեթե բացառում է լայնամաշտաբ պատերազմի հնարավորությունը, ուրեմն և նոր զոհերը։ Ի տարբերություն ՌԴ-ի՝ ԱՄՆ-ը և ԵՄ-ն տարածաշրջանում խաղաղության կողմնակից են, և իրական ու հուսալի բարեկամ»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 3-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց էին ունեցել, որի ժամանակ Բլինքենը շեշտել էր՝ ապրիլի 5-ին Բրյուսելում ԱՄՆ-ի, Եվրամիության և Հայաստանի եռակողմ հանդիպումն ուղղված չէ Ադրբեջանի դեմ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ