![]()
Մենք չենք ասել, որ ժխտում ենք և մերժում ենք Ռուսաստանի հետ համագործակցությունն ընդհանարապես և անվտանգության ոլորտում մասնավորապես: Մենք ասել ենք, որ պատրաստվում ենք դիվերսիֆիկացնել անվտանգային ոլորտում մեր հարաբերությունները: Այս մասին, բրիտանական The Telegrap-ի լրագրող Ռոլանդ Օլիֆանթին տված հարցազրույցում, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ի՞նչ է սա նշանակում, արդյո՞ք սա նշանակում է, որ մենք անվտանգային ոլորտում պատրաստվում ենք մեր հարաբերությունները խզել Ռուսաստանի հետ:
Ո՛չ, դա չի նշանակում, բայց դա նշանակում է, որ անվտանգության ոլորտում պատրաստվում ենք և պատրաստ ենք, և քննարկում ենք ու աշխատում հարաբերություններ հաստատել, օրինակ, Եվրամիության հետ, որն արդեն իրողություն է մեծ հաշվով, Ֆրանսիայի հետ, որն արդեն իրողություն է մեծ հաշվով, Միացյալ Նահանգների հետ, որն արդեն իրողություն է մեծ հաշվով, Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որն արդեն իրողություն է մեծ հաշվով, Հնդկաստանի հետ, որն արդեն իրողություն է մեծ հաշվով, և էլի բազմաթիվ երկրների հետ, որոնց հետ մենք քննարկում ենք:
Նույն Միացյալ նահանգների, կամ Ֆրանսիայի, կամ Հնդկաստանի, կամ Եվրամիության հետ անվտանգային ոլորտում մեր հարաբերությունները բնականաբար ուղղված չեն Ռուսաստանի դեմ: Դրանք պարզապես այն արձանագրման իրողությունն են, որ նախկինում մեր ունեցած անվտանգային հարաբերությունները չեն հասցեագրում մեր անվտանգային կարիքները»,- ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ՆԱՏՕ-ի հետ կապված մեր օրակարգում այդպիսի հարց չունենք, այսինքն՝ մենք ՆԱՏՕ-ին անդամակցության հարց չենք քննարկել և չենք քննարկում:
«Մենք ՆԱՏՕ-ի հետ ունենք գործընկերային հարաբերություններ, և այդտեղ որևէ նորություն չկա: Նախկինում ունեինք Անհատական գործընկերության գործողությունների ծրագիր, հիմա վերաֆորմատավորվում է այդ ծրագիրը՝ կրկին համագործակցության որոշակի ձևաչափի, որը չի ենթադրում անդամակցություն:
Ես Ձեզ մի բան ասեմ նաև, որ մենք նախ այսօր առնվազն դե յուրե Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ ենք, և ես վստահ չեմ, որ մեծ հաշվով կամ ավելի ճիշտ Հայաստանում այդ թեմայով կան քննարկումներ, թե բլոկային ռազմավարությունն ինչքանով է համապատասխանում Հայաստանի շահերին՝ ընդհանարապես երկարաժամկետ կտրվածքով»,- նշել է վարչապետը:
Լրագրողի դիտարկմանը, թե վերոնշյալ երկրները լրջագույն աշխարհաքաղաքական առճակատման մեջ են Ռուսաստանի հետ, արդյո՞ք Հայաստանը պետք է ընտրություն կատարի։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դաշնակիցը չէ, և դա իրողություն է, սակայն ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի, կամ մեր մյուս գործընկերների հետ անվտանգության ոլորտում մեր համագործակցությունն ուղղված չէ անվտանգային ոլորտում մեր մյուս գործընկերոջ դեմ:
«Մենք փորձում ենք այդ հարցը կառավարել մեր գործընկերների հետ իրենց համատեղ օրակարգի մասով՝ լինելով մաքսիմալ թափանցիկ»,- պարզաբանել է վարչապետը:
![]()