![]()
«Ալիևն իր վերջին հարցազրույցում հայտարարեց, որ եթե տեսնի, որ Հայաստանը զինվում է, ռազմական գործողություն կսկսի Հայաստանի դեմ, բացառեց ՀՀ տարածքների ռազմավարական բարձունքներից իր զորքերի դուրս բերումը, ապա մերժեց խորհրդային զինվորական վերջին քարտեզների հիման վրա սահման գծելու առաջարկը: Որոշ վերլուծաբաններ ենթադրում են, որ սա կարող է նշանակել՝ Ադբեջանը բուն Հայաստանի տարածքի նկատմամբ նկրտումներ ունի: Ձեր կարծիքով, սա՞ է հենց տեղի ունենում»:
ՀՀ վարչապետին նմանատիպ հարց ուղղեց բրիտանական «The Telegraph»-ի հաղորդավարը՝ շարունակելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ձգձգման մասին հարցը:
Ի պատասխան՝ վարչապետը նշեց, թե, իհարկե, նման գնահատականներ գոյության իրավունք ունեն և դրանք անհիմն համարել չի կարելի:
«Հայտարարությունները, որոնք Ադրբեջանի նախագահ Ալիևն արեց 2024 թվականի հունվարի սկզբինիր հարցազրույցում, ես հրապարակային գնահատել եմ որպես հարված խաղաղության գործընթացին: Ես քիչ առաջ նկարագրում էի, որ այդ հարվածը առանձին գործընթաց չէ, այլ սկսվել է Ադրբեջանի ռազմական գործողություններից, Գրանադայի և Բրյուսելի հանդիպման հրաժարումից: Պետք է ևս մեկ անգամ արձանագրեմ, որ բանակ ունենալը յուրաքանչյուր պետության սուվերեն իրավունքն է և Հայաստանն էլ ունի սեփական բանակ ունենալու իրավունք:
Հայաստանն իր անկախությունը և պետականությունն ամրապնդելու համար է բանակ ստեղծում: Մենք ասել ենք, որ մենք մեր տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականությունն ընդունում ենք և նույնն ակնկալում ենք տարածաշրջանի բոլոր երկրներից:
Կարծում եմ՝ Խորհրդային Միության մաս կազմելու վերաբերյալ քննարկումներն ընդհանրապես պատեհ չեն, որովհետև քանիցս ասել եմ, որ գրավոր տեսքով արձանագրվել է՝ 2 երկրները միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են Ալմաթիի հռչակագրով»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ինքը հղվում է փաստաթղթերին ու եթե Ադրբեջանը չի ընդունում իր իսկ ստորագրած որևէ փաստաթուղթ, պետք է այդ մասին հայտարարի:
«Կան վերլուծություններ, որ Ադրբեջանը հետքայլ է անում իր իսկ ստորագրած պայմանավորվածություններից, բայց քանի դեռ Ադբեջանը չի հայտարարել Սոչիի և Պրահայի հայտարարությունների տակից իր ստորագրությունը հետ վերցնելու մասին, ուրեմն շատ հստակ է ՝ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են 1991 թ. Ալմաթիի հռչակագրի հիման վրա և ցանկացած հայտարարություն, որը հակասում է այս տրամաբանությանը, ապօրինի է»,-նշեց վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում:
![]()