«Ամուսնացե՞լ ես, ընկերուհի ունե՞ս». Հայաստանում ապրող չինացին, ով հրաշալի խոսում է հայերեն ու զարմանում հայերի հարցերից

Երևանի փողոցներով քայլելիս կարելի է հանդիպել բազմաթիվ զբոսաշրջիկների, որոնք ամենատարբեր ազգերի ներկայացուցիչներ են իրենց ազգային առանձնահատկություններով: Նրանց կողքին կան նաև մարդիկ, որոնք մշտական բնակություն են հաստատել Հայաստանում: Օրինակ՝ ազգությամբ չինացի Ֆընգ Յանգմինգը մի քանի տարի է՝ ապրում է Երևանում, բավականին լավ խոսում հայերեն:

«Հայկական ժամանակ»-ը զրուցել է նրա հետ, որը ներկայացնում ենք՝ ստորև.

— Ֆընգ Յանգմինգ, ինչո՞ւ եք մշտական բնակության համար ընտրել հենց Հայաստանը:

— Փոքր ժամանակ ուսումնասիրում էի ամենատարբեր երկրներ՝ աֆրիկյան, եվրոպական, հետո անգլերենով սկսեցի կարդալ գիրք Հին Հայաստանի, Տիգրան Մեծի մասին, ինձ շատ հետաքրքրեց: Այդ պահից իմ երազանքը դարձավ Հայաստան գալն ու հայերեն սովորելը:

— Ի՞նչն է Ձեզ առավել տպավորել կամ զարմացրել մեր երկրում:

— Զարմացած էի այդ ինֆորմացիայից. գրքում ասվում էր, որ հայկական թագավորությունները շատ հին են, և որ այդ երկիրը մինչև օրս գոյություն ունի ու դեռ պահում է հին ավանդույթներն ու լեզուն: Քանի որ ես լեզուն ու լեզվաբանությունը շատ եմ սիրում, հայերենն էլ շատ յուրահատուկ է, ունի այբուբեն, ստեղծել են հենց հայերը, ինձ շատ հետաքրքրեց, որ սկսեմ ավելին կարդալ, ուսումնասիրել Հայաստանի ու հայոց լեզվի մասին: Իմ ուսումնասիրությունները շարունակվում են մինչև հիմա, օրինակ՝ հաճախ եմ գնում Մատենադարան, Էրեբունի թանգարան, որպեսզի ուսումնասիրեմ հին սեպագրերը:

— Ինչ-որ հոգևոր կա՞պ եք զգում Հայաստանի ու հայերենի հետ:

— Միայն հայերեն չէ, ուսումնասիրում եմ աշխարհի տարբեր լեզուներ՝ սիմվոլիզմը: Չինարենն էլ եմ մինչև հիմա ուսումնասիրում՝ հին չինարենը, նաև՝ Հարավային Ամերիկայի լեզուները:

— Չինաստանից մինչև Հայաստան. ինչպիսին էր այդ ճանապարհը՝ հե՞շտ էր, թե՞ բարդ:

— Ճանապարհը հեշտ ու հաճելի էր, չնայած ասում են՝ Չինաստանը հեռու է, բայց եթե քարտեզով նայենք, այդքան էլ հեռու չէ: Երկու երկրները, ազգերը հնուց մինչև հիմա այդ կապը պահել են. այնտեղի ժողովուրդը գիտեն Հայաստանի մասն, հայ ժողովուրդն էլ շատ լավ գիտի Չինաստանի մասին: Ապագայի պլանների առումով իրականում ես երկար կմնամ Հայաստանում, բայց չի բացառվում, որ ինչ-որ փուլում ուզենամ այլ երկրում ապրել, որովհետև ուզում եմ իմ կյանքում տարբեր փուլեր լինեն: Մինչև Հայաստան գալն էլ ապրել եմ Ինդոնեզիայում:

— Հայաստանի մարզեր գնո՞ւմ եք:

— Այո, իմ ամենասիրելի մարզը Լոռին է, հաճախ եմ լինում այնտեղ:

— Ինչո՞ւ հենց Լոռին:

— Բնությունն է շատ լավը, որը չեմ կարող գտնել Երևանում:

— Ինչպե՞ս կբնութագրեք հայերին:

— Լա՞վ, թե՞ վատ կողմերը… (Ծիծաղում է):

— Ե՛վ, և՛

— Դրական կողմերից կարող եմ նշել, որ շատ ընկերասեր են, հյուրասեր: Երևանում դա այդքան էլ չեմ զգում, բայց երբ գնում եմ գյուղեր, անծանոթ մարդուն էլ որ գյուղում հանդիպում ես, քեզ անպայման հրավիրում է տուն, հյուրասիրում գյուղի ուտելիքով՝ պանիր, գինի, բայց անծանոթ մարդիկ ենք, նոր ենք ծանոթացել ու արդեն կարող ենք գնալ իրենց տուն, շփվել, խոսել, շատ հետաքրքիր է: Աշխարհի տարբեր անկյուններում եմ եղել, բայց այսպիսի մոտեցում ոչ մի տեղ չեմ տեսել, դա միայն հայերին է հատուկ:

— Բացասական կողմերի մասին չնշեցիք:

— Չափից ավելի հետաքրքրասեր են, սիրում են մտնել դիմացինի անձնական կյանք, քո սեփական որոշման վրա կարող են ջղայնանալ, բայց դա իմ կյանքն է ու ոչ մեկի հետ կապ չունի: Օրինակ՝ կարող ես նստել տաքսի, ու վարորդը շատ հանգիստ կարող է անձնական հարցեր տալ:

— Ո՞ր հարցերն են առավել նյարդայնացնում:

— «Ամուսնացե՞լ ես, թե՞ չէ», «ընկերուհի ունե՞ս, թե՞ չէ», «ո՞ւմ հետ ես ուզում ամուսնանալ». ինձ թվում է՝ սա տարօրինակ է: Ես հեռավորություն եմ պահում, մանավանդ անծանոթ մարդկանց պարագայում, ու այդ հարցերը ինձ մի քիչ խանգարում են:

— Երբևէ հարցրել են՝ հայուհու հետ կամուսնանա՞ք:

— Ամենաշատը… (Ծիծաղում է):

— Հիմա Դուք չինարեն եք դասավանդում, ինչի՞ վրա եք հիմնական շեշտը դնում:

— Ես աշխատում եմ երկու տեղում՝ Լեզվի կենտրոնում և դպրոցում: Ինձ համար ամենակարևորը, որ երեխաները սիրեն լեզուն, այլապես չեն սովորի: Խնդիրն այն է, որ դպրոցում մեկ-մեկ չեն ուզում սովորել, բայց ծնողները բերում են, ստիպում, ասում են՝ չինարենն է ապագայի լեզուն, անպայման պետք է իմանալ: Սկզբում փորձում եմ կոտրել այն կարծրատիպը, թե չինարենն ամենադժվար լեզուն է, որ հնարավոր չէ սովորել: Իրականում մենք ունենք հեշտ ու պարզ քերականություն, ու ես փորձում եմ գտնել այն ամենահեշտ կետը, որի միջոցով երեխան կսկսի սովորել չինարեն, մտնել «առաջին կանգառ»:

— Չինացիները կամ, ավելի ճիշտ՝ ասիացիները, որոնց բոլորին մենք չինացի ենք համարում, միշտ հետաքրքրություն են առաջացրել մեր հասարակության շրջանում: Մենք նրանց բոլորին իրար ենք նմանեցնում. իսկապե՞ս այդպես է, թե՞ դա մեր ընկալումն է:

— Առաջին տպավորությունը, որ ես լսել եմ Չինաստանի ու չինացիների մասին, ասել են, որ իրոք Չինաստանը շատ մեծ է, բնակչությունը՝ շատ, ու դա հասկանալի է: Տարօրինակ է, բայց բոլորը մտածում են, թե մենք շատ նման ենք: Եթե, օրինակ, ասում եմ, որ սև գույնը շատ եմ սիրում, բոլորի մոտ տպավորություն է, որ բոլոր չինացիները սիրում են սևը, ես ասում եմ՝ չէ, ես եմ սիրում սևը, բայց չինացիները տարբեր են: Ձեր կարծիքով՝ նաև մեր դեմքերն են նման, նույնն էլ ես եմ մտածում ձեր մասին, որ բոլորդ իրար նման եք (Ծիծաղում է): Երբ որ նոր էի եկել, չէի կարողանում տարբերել: Սկզբում ինձ որ հարցնում էին՝ հիշո՞ւմ ես ինձ, մտածում էի՝ տեսնես՝ ո՞վ է, ինչքան նման են բոլորը, աղջիկների դեպքում կարող էի մազերի գույներով տարբերել, բայց տղաների դեպքում անհնար էր:

— Ուրիշ ի՞նչ դժվարությունների եք հանդիպել Հայաստանում՝ բացի անձանց իրարից չտարբերելուց:

— Ամենամեծ դժվարությունը հետաքրքրասիրությունն է:

— Ունե՞ք հայ ընկերներ, որոնց հետ միասին գնում եք, օրինակ, սուշի ուտելու:

Օ՜, շատ են… (Ծիծաղում է): Չգիտեմ ինչու շատերն են մտածում, որ սուշին չինական է, բայց չինական չէ: Եվրոպայում էլ չեն առանձնացնում կորեականը, ճապոնականը կամ չինականը, ուղղակի ասում են՝ ասիական: Այստեղի մարդիկ շատ չեն սիրում փորձել նոր բաներ, ինչ-որ սիրել են, դա են հիմնականում ուտում:

— Նկատո՞ւմ եք զարմացող դեմքեր, երբ տեսնում են հայերեն խոսող չինացի:

— Ամեն օր (Ծիծաղում է):

— Իսկ դրան ի՞նչ է հաջորդում:

— Ուրախանում եմ, ծանոթանում, մի քիչ շփվում այդ մարդկանց հետ: Ինձ համար էլ է հաճելի նոր ընկեր ձեռք բերել: Շատ են ուզում նկարվել ինձ հետ: Բայց ավելի շատ սկսեցին մոտենալ, նկարվել «Մեր բակը 25 տարի անց» ֆիլմից հետո, որտեղ ես խաղում էի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ