![]()
Մենք տեսանք՝ բախվեցինք մի իրավիճակի, երբ մեր դաշնակցային գործող, ամրագրված մեխանիզմները, համենայնդեպս մեր ակնկալիքները որևէ կերպ չարդարացվեցին: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով նոր դաշնակիցներ ունենալու մասին հարցին:
«Հաճախ հնչեցվեցին գնահատականներ, որ ականատես եղանք այդ մեխանիզմների չգործելուն և հետևաբար այս պայմաններում բնական է՝ մեր երկիրը պետք է փորձի գտնել նոր դաշնակիցներ, առաջին հերթին իր անվտանգային մտահոգությունները փարատելու, անվտանգային կարիքները լուծելու ուղղությամբ»,-ասաց նա.
Արարատ Միրզոյանը նշեց, որ ռազմաքաղաքական դաշինքների ստեղծման վերաբերյալ փաստաթղթեր չեն կնքվել, քանի որ եթե նման բան լիներ, դա հայտնի կլիներ: «Բայց եթե մենք հարցին նայենք ոչ շատ ֆորմալ մոտեցմամբ, այլ բովանդակային, մենք գիտենք, որ գործարկվել են մեխանիզմներ, որոնք որ ավելացրել են անվտանգության աստիճանը Հայաստան-Ադրբեջան սահմանին»,- ասաց նա և նշեց, որ այդպիսին են գնահատում Եվրոպական միության առաքելությունը, տարածաշրջանի գործընկերների հայտարարությունները, մասնավորապես այդպիսի պնդումներ հնչել են, օրինակ, Իրանից:
![]()