![]()
«Սիրելի՛ հայրենակիցներ, բոլորիս շնորհավորում եմ Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ։
Հայաստանի կառավարության խնդիրն ու նպատակն է երկրում իրականացնել տնտեսական հեղափոխություն։ Ինչպես քաղաքական հեղափոխության, այս դեպքում էլ մեզ համար հիմնական և առանցքային գործիքը շարունակում է մնալ անհատական ջանքը: Այսինքն՝ մեր հիմնական գործիքակազմը պետք է լինի քաղաքացիներին, մարդկանց խրախուսելը՝ աշխատելու, գործելու, տնտեսական գործունեություն ծավալելու, հավատալու սեփական ուժերին և հաջողությանը։ Մեր քայլերն ուղղված են լինելու յուրաքանչյուր քաղաքացու տնտեսական վարքագիծը փոխելը՝ ինչպես տնտեսական գործունեության օբյեկտ, այնպես էլ տնտեսական գործունեության սուբյեկտ հանդիսանալու պարագայում։
Մենք պետք է բոլորով շարժվենք այդ նպատակի իրականացման ուղղությամբ, ուղղենք մեր մեջքը, հավատանք մեր ուժերին և մեր աշխատանքով հարստանանք և հարստացնենք։
![]()
Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում է նաև աշխատողների իրավունքների պաշտպանությունը, և մենք այդ ուղղությամբ ևս նախատեսում ենք իրականացնել հետևողական քայլեր:
Մեր երկիրը պետք է դուրս գա ցածր որակավորմամբ աշխատուժ ունեցող երկրի կարգավիճակից, ուստի ջանքեր չենք խնայելու, որպեսզի Հայաստանը լինի բարձր որակավորման աշխատուժի երկիր: Այդ նպատակով, ՀՀ կառավարությունը միջոցառումներ է իրականացնելու ուղղված կրթական համակարգի բարելավմանը, որպեսզի վերջինս մեր պետությանն ապահովի բարձր որակավորմամբ աշխատուժ, որ այն պահին, երբ ուսանողները դուրս գան համալսարաններից՝ ունենան մրցունակ մասնագետի կարգավիճակ։
![]()
Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայ ժողովուրդը մշտապես աչքի է ընկել իր աշխատանքով, ջանասիրությամբ, եռանդով ու ստեղծագործական մտքով։ Համոզված եմ, որ միասին կհասնենք մեր նպատակների իրականացմանն ու մեր աշխատանքով կզարգացնենք ու կշենացնենք մեր երկիրը»։
![]()