![]()
Հայաստանը երրորդ ժամկետով ղեկավարելու Սերժ Սարգսյանի մտադրության դեմ բողոքի ցույցեր սկսեցին մի շարք ուժեր, որոնցից գլխավորներն են խորհրդարանական «Ելք» դաշինքի մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու արտախորհրդարանական «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը և «Հանուն Հայաստան պետության» ճակատը։ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ուժերը ընտրեցին փողոցային պայքարը, այդ թվում՝ երթերի, ցույցերի և բողոքի այլ միջոցառումների տարբերակը՝ բացառելով բռնությունը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ և ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի մարտի 31-ին ընդդեմ Սերժ Սարգսյանի հետագա իշխանավարմանը սկսեց բողոքի քայլերթը, որը մեկնարկեց Գյումրի քաղաքից՝ անցնելով Վանաձոր, Դիլիջան, Հրազդան, Աբովյան քաղաքներով և ապրիլի 13-ի հասավ մայրաքաղաք Երևանի Ազատության հրապարակ, որին հաջորդեցին շուրջօրյա հանրահավաքները:
«Մերժիր Սերժին» քաղաքացիական նախաձեռնությունը ձևավորվել է 2018 թվականի մարտի 1-ին: Նախաձեռնությունն առաջին ակցիան իրականացրել է մարտի 24-ին, երթն սկսվել է Կասկադից և ավարտվել Մելիք Ադամյան փողոցում՝ ՀՀԿ գրասենյակի մոտ:
![]()
2018 թվականի ապրիլի 12-ի երեկոյան «Մերժիր Սերժին» նախաձեռնության մի խումբ անդամներ նստել են Երևանի Մաշտոցի պողոտայի երթևեկելի հատվածում և շուրջ 40 րոպե երթևեկության համար փակ պահել քաղաքի գլխավոր պողոտաներից մեկը: Ավելի ուշ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ ուժ կիրառելով հեռացրել են ցուցարար երիտասարդներին, որոնցից մի մասին ոստիկանական ավտոմեքենայով տեղափոխել են Երևանի Չարենցի փողոցի վերջնամաս: Ոստիկանության գործողությունից հետո կարճ ժամանակահատվածով բացվում է Մաշտոցի պողոտան:
![]()