![]()
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի օրվա կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը:
Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հարգելի՛ ծառայողներ,
պետակա՛ն այրեր,
թույլ տվեք նախ բոլորիս շնորհավորել այսօրվա տոնի՝ Սահմանապահի օրվա կապակցությամբ: Սահմանը, ընդհանրապես, ամենախորհրդավոր երևույթներից մեկն է, որ կարող է գոյություն ունենալ կամ գոյություն ունի: Ընդամենը մի գիծ, որից այն կողմ, թեկուզ մեկ մետր այն կողմ զգում ես տնից հեռու և որից ընդամենը մեկ սանտիմետր այս կողմ զգում ես ինչպես տանը: Հայաստանի Հանրապետություն ասելով՝ առաջին հերթին մենք նկատի ունենք մեր սահմանները, որովհետև այդ սահմաններով է տեղորոշվում մեր տեղը երկիր մոլորակի վրա, մեր տեղն արևի տակ, մեր ապագան և անցյալի մասին մեր պատկերացումը:
![]()
Եվ ուրեմն սահմանապահ ծառայությունը, Սահմանապահի օրն այս առումով ունի չափազանց կարևոր նշանակություն: Այսօր մենք նշում ենք Սահմանապահի օրը՝ նկատի ունենալով առաջին հերթին Ազգային անվտանգության ծառայությանը, առաջին հերթին Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերին:
Բայց ուզում եմ ընդգծել, որ մեզ հայտնի հանգամանքների բերումով այսօր սահմանապահ լինելը ոչ միայն աշխատանքային կոչում է, այլև առաքելություն: Եվ այդ առաքելությունն այսօր պատվով կատարում են, այո՛, Սահմանապահ զորքերի ծառայողները, այսօր այդ առաքելությունը պատվով կատարում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ծառայողները, այսօր այդ առաքելությունը կատարում են Ոստիկանության զորքերի ծառայողները:
![]()
Այսօր Հայաստանի Հանրապետությունում առնվազն դե ֆակտո գոյություն ունի այնպիսի հասկացություն, ինչպիսին է սահմանապահ գյուղ կամ սահմանապահ բնակավայր: Եվ այս առումով, այս տոնը՝ Սահմանապահի օրը, տոն է ոչ միայն Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի, այլև մեր զինված ուժերի համար, մեր ժողովրդի համար, որովհետև մեզնից յուրաքանչյուրը՝ անկախ նրանից Երևանում է աշխատում, թե Հայաստանի Հանրապետության սահմանի որևէ ուղեկալում կամ տարածքում, առաջին հերթին մտածում է սահմանի մասին, որովհետև սահմանի անվտանգությունը մեր երկրի անվտանգությունն է, մեր ապագայի անվտանգությունն է, մեր երեխաների անվտանգությունն է:
![]()