![]()
Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի (FCEM) միջազգային համաժողովի բացմանը: Միջազգային համաժողովը կազմակերպվել է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և ՀՀ Կին ձեռներեցների ցանցի կողմից:
Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.
«Հարգելի դեսպաններ,
պետական այրեր,
հարգելի հյուրեր,
համաժողովի հարգելի մասնակիցներ, կազմակերպիչներ, ուրախ եմ ողջունելու ձեզ այսօրվա համաժողովի առիթով, որը նվիրված է կանանց ձեռներեցությանը:
![]()
Հայաստանի Հանրապետությունում բնակչության մեծամասնությունը կանայք են, և տնտեսապես ակտիվ բնակչության շուրջ կեսը կանայք են: Սա ասում եմ հատկապես այս համաժողովում` ընդգծելու համար, որ դժվար է պատկերացնել, որ Հայաստանում հռչակված տնտեսական հեղափոխությունը կհասնի հաջողության, եթե մենք իսկապես ի վիճակի չլինենք խթանել կանանց ձեռներեցությունը: Թույլ տվեք ասել, որ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում կանանց դերը և կանանց ակտիվության մակարդակը նկատելիորեն բարձրացել է:
Եվ թույլ տվեք ասել նաև, որ անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխությունն իրականություն չէր դառնա առանց կանանց այդպիսի լայնամասշտաբ մասնակցության: Ինձ համար սա առաջին նշանն էր, անցյալ տարի հեղափոխության գործընթացներին և զանգվածային միջոցառումներին կանանց մասնակցության ահռելի ծավալն առաջին և աներկբա ապացույցն էր այն բանի, որ Հայաստանում իսկապես սկսվել է հեղափոխություն, և կանանց դերը տեղի ունեցած հեղափոխության մեջ իսկապես շրջադարձային էր:
![]()
Ես ուզում եմ հույս հայտնել և համոզված եմ, որ նաև տնտեսական հեղափոխության գործում կանանց դերը լինելու է նույնպիսի չափ վճռական և կարևոր:»
![]()