Մեզ ահռելի փորձություն է սպասվում ավագանու ընտրություններին, 5-րդ շարասյունը ոչնչի առջև կանգ չի առնի. Վարդապետյան

«Ակնհայտ իրողություն է, որ «ռազմավարական գործընկերը»՝ ՌԴ-ն, համառ և հետևողական ջանքեր է գործադրում Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ, ստանալ «միջանցք» Մեղրիով, հասնել իշխանափոխության, Հայաստանի անկախության և ինքնիշխանության կորստի։

Այս մասին «ՖԵյսբուք»-ի իր էջում գրել է բժիշկ, հասարակական գործիչ Վահան Վարդապետյանը՝ նշելով, որ քաջ հայտնի են իր աջակիցները՝ Ալիևը, 5-րդ շարասյունը Հայաստանում և նրանց «մոլորյալ» նվիրյալները, սակայն ամենավտանգավոր և թաքնված «աջակիցը» վախն է, վախերից ծագած անվերջ զգուշավորությունը, ռիսկերի ու վտանգների անվերջ հաշվառումն ու անգործությունը: Ըստ Վարդապետյանի՝ սա արդեն ոչ թե հապաղում է, այլ՝ ուշացում և անվերջ կորուստների շարան։

«Իսկ կա՞ մեզ համար արդյոք, ոչ ռիսկային քայլ կամ ճանապարհ։ Դժբախտաբար, չկա։ Ամեն ինչ ռիսկային է և ուշացնելով էլ ավելի ռիսկային է դառնում։ Մնալը և այս ընթացքով շարունակելը (ռուս-թուրք-ադրբեջանական աքցանի մեջ), միանշանակ վերջն է ամեն ինչի։ Ուստի որքան էլ ծայրահեղ ռիսկային համարվի խզելը, հեռանալը, դուրս գալը, այն այլընտրանք այլևս չունի։

Մեր տեղը, ձգտումները, ուղղությունը դեպի ժողովրդավարական և քաղաքակիրթ աշխարհն են, ում աջակցությամբ Հայաստանը խուսափեց լայնածավալ ագրեսիայից, պահպանեց Սյունիքը և իր տարածքային ամբողջականությունը։ Մենք Արևմուտքին հիասթափվելու առիթներ չպետք է տանք, չպետք է շեղվենք այսօր մեր ամենամեծ ձեռքբերումը դարձած և դրանով արևմտյան կոնսոլիդացիան ապահոված ժողովրդավարական արժեքներից, ընդառաջ քայլերով և իրերը իրենց անուններով կոչելով պետք է դառնանք վստահելի և հուսալի գործընկեր։ Մեզանից, մեր ջանքերից է կախված արևմտյան աջակցության մեծացումը, մեր աշխատանքով պետք է «պարտադրենք» ավելի լուրջ աջակցություն։ Անենք մեկ քայլ, կստանանք հարյուր և հազար… Անշուշտ, դեռևս բավարար չէ արևմտյան աջակցությունը ավելի ռիսկով ու վստահ գործելու, սակայն խոստովանենք, որ մեր երկչոտ կիսաքայլերն ու հայտարարությունները ևս բացարձակ բավարար չեն ավելի մեծ արևմտյան աջակցության հասնելու։

Ռուս-թուրքական շրջանակներում խարխափում ենք, սա կորուստների և մահվան գոտի է։ Մինչդեռ Արևմտյան աջակցությունը ոչ միայն գոյատևման ու պահպանման, այլև զարգացման ու հզորացման հնարավորություն է։ Քանզի Արևմուտքը շահագրգիռ վերաբերմունք ունի մեր անկախության և ինքնիշխանության պահպանման, տարածաշրջանային խաղաղության հաստատման և անգամ Բաքու-Ստեփանակերտ բանակցությունների միջոցով Արցախում ոչ միայն հայության պահպանման, այլև իրավունքների, անվտանգության և ինքնավարության քննարկման հարցերում։ Արևմուտքը քաջ գիտակցում է, որ հայկական գործոնը հզոր է միմիայն Արցախի հետ։

Մնում է հանդես գանք ճիշտ և չուշացած քայլերով, ճշգրիտ ձևակերպումներով ու պահանջներով:

Մեզ ահռելի փորձություն է սպասվում ավագանու ընտրություններին, ուր 5-րդ շարասյունը ոչնչի առջև չկանգնելով, ռուսական և տեղական բազմակողմանի ներդրումների, իշխանափոխության հասնելու կամ առնվազն ընտրությունների ժողովրդավարական ընթացքը ստվերելու, ներսից առավելագույնս իրավիճակը ապակայունացնելու (իսկ դրսից էլ ռուս-ադրբեջանական գործընկերային սինխրոն աջակցությունը դժվար թե ուշանա) գործընթացներ է երազելու։ Ճիշտն ասած, մեր քաղաքական դաշտի մաքրության, կենսունակության, երկրի դիմադրողականության բարձրացման առումով ավելի հրատապ ու կենսական անհրաժեշտություն էր արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, իրական գաղափարական ընդդիմության ձևավորումը և ռևանշիստական 5-րդ շարասյունից ու նրա քանդարար, ապակայունացնող քայլերից ձերբազատումը։

Ինչպես ասում են, Աստված հասնի մեզ: Վախերը գիտակցաբար-ենթագիտակցորեն հաղթահարելու կամք և իմաստություն մեզ:

Առավել քան որևէ պետության համար, և առավել քան երբևէ, որքան մեզ համար և հենց վաղը խիստ հրամայական է Հռոմի ստատուտի վավերացումը և անմիջապես միջազգային դատարան դիմելը՝ արցախահայությանը սովի և ցեղասպանության ենթարկելու հարցով: Մեզ խոհեմություն՝ չնույնացնելու ղարաբաղյան կլանին ողջ արցախահայության հետ, իսկ հերոսական արցախահայությանը՝ ուժ, կորով և կամք»,-գրել է Վարդապետյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ