![]()
«1991 թվականին տեղի ունեցած «Մեշալիի հանցագործության» գործով որպես մեղադրյալ հետախուզման մեջ է 9 հոգի, նրանցից մեկը՝ Վագիֆ Խաչատրյանը, հայտնաբերվել ու կալանավորվել է։ Մյուս մեղադրյալների որոնումները շարունակվում են»։
Այս մասին օրերս հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազի հատուկ հանձնարարությունների գծով ավագ օգնական Իլգար Սաֆարովը։ Նա խոսել է նաև այսպես կոչված «Մեշալիի հանցագործության» հետաքննության մանրամասների և այն մասին, թե ինչ է սպասվում Խաչատրյանին:
APA ադրբեջանական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Իլգար Սաֆարովն ասել է, որ Վագիֆ Խաչատրյանի ձերբակալությունից հետո նա նախ բուժզննում է անցել, իսկ հետո՝ նրան թարգմանիչ և փաստաբան են տրամադրել:
«Նրան տեղավորել են բուժհաստատությունում և բժիշկները հետազոտել են առողջական վիճակը, քանի որ նա Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ ցանկացել էր հեռանալ ԼՂ-ից բուժման նպատակով։ Բուժզննումից հետո նրան տրամադրել են թարգմանիչ և փաստաբան։ Նրան մեղադրանքներ են առաջադրվել, հարցաքննվել է։ Ներկայում այլ քննչական գործողություններ են իրականացվում»,- ասել է Սաֆարովը։
Վագիֆ Խաչատրյանը հուլիսի 29-ին Ադրեջանի պետական սահմանային ծառայության զինծառայողների կողմից առևանգվել էր, բերման ենթարկվել ադրբեջանա-հայկական պետական սահմանի Լաչինի անցակետից՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով Հայաստանի Հանրապետություն բուժման նպատակով մեկնելու ժամանակ, հենց Կարմիր խաչի աշխատակիցների քթի տակից ու նրանց մեքենայից: Որոշ տեղեկությունների համաձայն՝ Կարմիր խաչի ՄԿ աշխատակցին ադրբեջանցի սահմանապահները հրելով դուրս են հանել իրենց մեքենայից:
Հայաստանի ԱԳՆ-ն ադրբեջանցի իրավապահների կողմից Վագիֆ Խաչատրյանի կալանավորման և առևանգման մաին ահազանգել է հնարավոր բոլոր տարբերակներով, տեղի ունեցածը մարդու առևանգում որակել և կոչ արել միջազգային հանրությանը նրա վերադարձի համար ազդեցություն գործել Ադրբեջանի վրա։
Գլխավոր դատախազի օգնականի խոսքով՝ Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել 2013 թվականին՝ տուժողների հայտարարությունների հիման վրա։
«Սկզբում հետաքննության ընթացքում պարզվել է Մեշալիի գործին մասնակից 9 հայ անձանց ինքնությունը, և նրանք բոլորի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Նրանցից մեկը՝ Վագիֆ Խաչատրյանը, բերման է ենթարկվել։ Ձեռնարկվում են քննչական գործողություններ՝ մյուս հետախուզվողներին հայտնաբերելու, ինչպես նաև հանցագործության մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու ուղղությամբ»,-ասել է նա։
Իլգար Սաֆարովի խոսքով՝ Վագիֆ Խաչատրյանի կալանավորումից հետո նոր հայտարարություններ են ստացվում «գործով տուժածներից»:
Իսկ ի՞նչ գործի շրջանակում է իբր հետախուզվել ու շինծու մեղադրանքով անցնում Վագիֆ Խաչատրյանը:
Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ «Մեշալիի ողբերգությունը» տեղի է ունեցել 1991 թվականի դեկտեմբերի 23-ին՝ ղարաբաղյան առաջին ազատամարտի տարիներին: Ադրբեջանական կողմի պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ այդ օրը հայ զինվորակաները իբր հարձակվել են նախկին Ասկերանի, այժմյան՝ Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի վրա։ Ադրբեջանական կամավորական խմբերը դիմադրություն են ցույց տվել, փոխհրաձգության հետևանքով զոհվել է 28, վիրավորվել՝ 14 մարդ։ Մահացածների թվում է եղել 8 կին և 3 երեխա։ Նաև նշվում է, իբր թալանվել ու ավերվել է գյուղը:
Թե որքանով է այս տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը, բարդ է ավելի քան 30 տարի անց հասկանալ ու պարզաբանել, բայց այս տեղեկատության հիման վրա 1992 թվականի հունվարի 11-ին Շուշի քաղաքում հարուցվել է քրեական գործ։
Իլգար Սաֆարովն իր հարցազրույցում հայտնել է, որ Վագիֆ Խաչատրյանին ազատազրկում է սպասվում, թե ինչ ժամկետով՝ չի կարողացել նշել, քանի որ դատվճիռ չկա: Ադրբեջանական կողմի համար դատավճիռն, իհարկե, կարճ ժամանակի հարց է, քանի որ առևանգված ու գերեվարված բոլոր զինծառայողների ու քաղաքացիական անձանց նկատմամբ Բաքուն վարել և վարում է նույն քաղաքականությունը՝ ձերբակալում, կալանավորում, շինծու մեղադրանքներ ներկայացնում, հաստատում իր իսկ հորինած մեղադրանքներն ու հրապարակում ազատազրկման դատավճիռ:
Վագիֆ Խաչատրյանի գործով Ադրբեջանի գլխավոր դատախազի հատուկ հանձնարարությունների գծով ավագ օգնականը ուշագրավ մեկ այլ հայտարարություն էլ է արել.
«Եթե կան օրենքով նախատեսված մեղմացուցիչ հանգամանքներ, ապա բոլորը պետք է վերաբերվեն Վագիֆ Խաչատրյանին։ Որովհետև նա Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի է և կկարողանա օգտվել այն բոլոր իրավունքներից, ինչ մյուս քաղաքացիները»,- հայտարարել է Սաֆարովը։
Կարելի է ենթադրել, որ Վագիֆ Խաչատրյանին ադրբեջանական կողմը ներկայացնում է որպես Ադրբեջանի քաղաքացի՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղը փորձոմ է ներկայացնել որպես ադրբեջանական հող, այլապես՝ առնվազն տարօրինակ է այս հայտարարությունը:
Ադրբեջանի դատախազության պատոնյան նաև հավելել է, որ շարունակում են քննվել ոչ միայն այս, այլև 90-ականնեի պատերազմին առնչվող այլ դրվագներ ու կան հստակ անուններ, որոնք մեղադրվում են իբր պատերազմական հանցագործություներ կատարելու մեջ:
![]()