![]()
«Առաջիկա ընտրություններում պայքարը շատ թեժ է լինելու, ցավոք, նաև շատ կեղտոտ ու ոչ քաղաքական, նորից փորձ է արվում գնալ սևերի ու սպիտակների բաժանման»:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ, «Հանրապետություն» կուսակցության ցուցակով առաջիկա ընտրությունների ավագանու անդամության թեկնածու Անի Խաչատրյանը՝ անդրադառնալով առաջիկայում սպասվող ընտրություններին:
«Որոշ թեկնածուների հայտարարությունների տեքստերից զգացվում է, որ գնալու է քաղաքականացված ոչ քաղաքային ընտրություն, բայց ես վստահ եմ որ ԱԺ-ի պատկերը Երևանի քաղաքացիներին մեծի համար դաս է եղել և իրենք այլևս չեն տրվելու ոչ քաղաքական լեքսիկոնով քարոզաշավներին, ռուսերեն ասած՝ «աբիժնիկ» թեկնածուների սիրուն խոսքերին և գնալու են մարդկանց կենսագրությունների հետևից, երկրի համար արած-չարածների ընտրության հետևից և ընտրելու են ծրագրեր ու մարդուն, ով կարող է դրանք իրականացնել:
Նորից փորձ է արվում գնալ սև ու սպիտակի բաժանման և գնալ ոչ քաղաքային իշխանության ընտրության»,- նշում է Անի Խաչատրյանը:
Հարցին, թե իր համար անակնկալ չէ՞ որոշ եկնածուների՝ այդ ցուցակներում հայտնվելը, ինչպես, օրինակ, Լիլի Մորտոյի դեպքում, Խաչատրյանը պատասխանում է, որ այնքան անլուրջ է վերաբերվում նշվածին, որ անգամ չի ուզում քննարկել՝,ուղղակի պետք է ժպտալ ու անցնել:
Ըստ Խաչատրյանի՝ դա անլրջացնում է քաղաքական դաշտը, անհարգալից վերաբերմունք է երևանցու հանդեպ:
«Ինքը շատ կայացած, սիրուն աղջիկ է իր ոլորտում, ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի»,-ասաց քաղաքական գործիչը:
Շարունակելով թեման, Անի Խաչատրյանն անդրադարձավ նաև Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին, որը ևս, ինչպես այսօր հայտնի դարձավ, մասնակցելու է առաջիկա ընտրություններին:
Ըստ ավագանու անդամի՝ Հայկ Մարությանն էլ շատ լավ դերասան է, ով պետք է զբաղվեր իր գործով, ինչն ապացուցել է 3 և ավել տարիներ քաղաքապետ լինելու ընթացքում, որ «իր գործը շատ լավ, իդեալական կատարում է բեմում»:
«Հայկ Մարությանի տեսաուղերձին մոտենում եմ իր հերթական սիթքոմների տրամաբանությամբ: Երևի ես այն քչերից եմ, որ Հայկ Մարությանի մասին իմ վերաբերմունքը ցույց եմ տվել , նրա աշխատանքը գնահատել եմ բարձր աղմուկներով Երևանի ավագանու դահլիճում և ես իմ կարծիքն ու վերաբերմունքը հայտնել եմ իմ գործունեության ընթացքում»,- նշում է Խաչատրյանը:
Խոսելով հավանական քաղաքապետի՝ իր ֆավորիտ թեկնածուից, Անի Խաչատրյանը նշում է՝ իր համար ֆավորիտ թեկնածուն իր թիմն է, որտեղ կա կենսագրություն:
«Մեր թեկնածուն՝ Արտակ Զեյնալյանը, մի թերություն ու մի պահանջ ունի թիմի առաջ դրած, որ թույլ չի տալիս խոսել այն գործունեության մասին, որն ինքն է ծավալել: Երկրի համար արած անշահախնդիր գործունեության՝ թե՛ ապրիլյան պատերազմի, թե՛ արցախյան պատերազմի և իր անցած ողջ ուղու մասին թույլ չի տալիս մեզ խոսել, որն էլ խոսում է իմ ֆավորիտ քաղաքապետի թեկնածուի որակի ու տեսակի մասին, ինչի գնահատականը տալու է երևանցին»,- եզրափակում է Խաչատրյանը:
Ավագանու մեկ այլ՝ «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանի կարծիքով էլ, ավագանու առաջիկա ընտրություններում պայքարը լինելու է մրցակցային և բովանդակային:
Վերջինս նկատում է, որ հույս ունի՝ այս ընտրույթունները կլինեն Երևանի մասին, որովհետև քաղաքական բանավեճերը գալիս և գնում են, իսկ մարդիկ՝ մնում քաղաքային խնդիրներով հանդերձ:
«Մեկ բան՝ այսօր մենք ԱԺ-ում՝ ի դեմս ընդդիմադիր խմբակցությունների, Երևանի ավագանիում՝ ի դեմս բոլոր խմբակցությունների, ունենք մի պատկեր, երբ ցուցակի առաջնորդները չեն ստանում մեծամասնություն և դադարում են զբաղվել այն խնդիրներով, որոնցով խոստացել էին զբաղվել:
Երևանի ավագանիում չունենք ցուցակը գլխավորող որևէ անձ, բոլորը վայր են դրել մանդատները, ԱԺ-ի երկու ընդդիմադիր խմբակցության առաջնորդները այսօր անգամ քաղաքականությամբ չեն զբաղվում, ստացվում է՝ մարդիկ ընտրում են մեկին, բայց գալիս են և քաղաքային խնդիրներով են զբաղվում այլ մարդիկ: Սա ամենակարևորն է՝ ընտրել այն մարդկանց, որոնք պատրաստակամ են ցանկացած կարգավիճակում զբաղվել իրենց խնդիրներով»,- նշում է Խաժակյանը:
Խոսելով դերասան, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի առաջադրման և հրապարակած ուղերձում հնչեցրած մտքերի մասին, Խաժակյանն ասում է, որ երբեք վերջինիս դերասանական գործունեության հետ կապված որևէ շահարկում չի իրականացրել, հիմա էլ նրան վերաբերվելու է որպես քաղաքային ընտրությունների մասնակցի՝ մրցակցի.
«Մարությանի գործունեության հետ ես առնչվել եմ, երբ եղել եմ ավագանու անդամ և իմ ելույթներով վերաբերմունքս արտահայտել եմ: Հիմա այն, ինչ Մարությանը տեսանյութով հնչեցրել է՝ ուղղված է իշխանությանը, ուստի կարծում եմ՝ իշխանության ներկայացուցիչները պետք է մեկնաբանեն»,-ասում է նա ու հավելում, որ սպասվող ավագանու ընտրություններում իր ֆավորիտ թեկնածուն հենց ինքն է՝ Դավիթ Խաժակյանը:
Նա նշում է, որ մասնակցելու է ավագանու առաջիկա ընտրություններին:
«Մեր թեկանծուն ես եմ: Մենք հանդես ենք գալիս 10 առաջնահերթ առաջարկություններով, որոնց մի մասը հրապարակվել է, բայց եթե ամբողջացնեմ, առաջինը վերաբերում է բազմաբնակարային շենքերի պատշաճ կառավարմանը, որով մենք ասում ենք, որ վերացնելու են համատիրությունները և երկրորդը վերաբերում է քաղաքի երթևեկության բեռնաթափմանը»,- նշում է Խաժակյանը:
Երևանի ավագանու 2023 թվականի ընտրությունները կկայանա սեպտեմբերի 17-ին:
![]()