![]()
«Իմ քայլը» խմբակցության Երևանի ավագանու անդամ Էդուարդ Ավետիսյանը անդրադարձել է Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանի՝ քաղաքապետի թեկնածու առաջադրվելուն։
Նա ընդգծել է, որ քաղականություն մտնելը լինում է կուսակցություններով, գաղափարախոսություններով։
Ֆեսբուքյան իր էջում Ավետիսյանը մասնավորապես գրել է․
«Մարդը, ով ուզում է Հայաստանը ոտքի կանգնացնել, պետք է Հայաստանում զբաղվի նրանով, ինչը որ իր մոտ լավ է ստացվում։ Այն է` մատուցի բարձր որակի ծառայություն իր գործատուին, հաճախորդներին կամ հանրությանը։ Այո, երբեմն միայն քո ոլորտում լավ մասնագետ լինելը կարող է քեզ համար բավարար չլինել ակնկալածդ գլոբալ արդյունքը տեսնելու համար ու այդ ժամանակ պետք է մտնել քաղաքականություն, որտեղ հնարավորություն կա ավելի մեծ որոշումների վրա ներազդելու։Բայց քաղականություն մտնելը լինում է կուսակցություններով, գաղափարախոսություններով, քո մոտեցումները բարձրաձայնելով ու ոչ միայն հեշտ լուծվող հարցերի վերաբերյալ բարձրաձայնելով, այլ նաև կոնֆլիկտային ու երբեմն պառակտող հարցերում քո մոտեցումները ֆիքսելով ու դրանք առաջ տանելով։
Եթե Հայկ Մարությանը քաղաքականություն մտնելու ու «Հայաստանը ոտքի կանգնեցնելու» նպատակ ունի, կարծում եմ ճիշտ կլիներ քաղաքապետի պաշտոնից ազատվելուց հետո հիմներ իր կուսակցությունը կամ միանար որևէ կուսակցության ու վերջին երկու տարում ակտիվորեն խոսեր ներքին ու արտաքին քաղաքականությունից։ Իսկ այն ինչ հիմա անում է, ճիշտն ասած անհասկանալի է։Բարձր քաղաքական պաշտոն, այն էլ Երևանի քաղաքապետի մակարդակի (որը երկրում ամենաբարձր 10 պաշտոններից է), միայն լավ անձնավորություն լինելով կամ համակրանք վայելելով չեն ստանձնում։
Պատկերացրեք բոլոր նախարարներին ուղիղ ընտրենք ու «բարի, աշխատասեր մարդկանց» նշանակենք։ Բա հետո՞։ Իրար հետ էդ նախարարները ո՞նց են աշխատելու ու երկիրը կառավարելու։ Ո՞վ է իրենց աշխատանքը համակարգելու, եթե իրար հետ քաղաքական առումով կապ չունենան։ Այդ իսկ պատճառով բոլոր բարձր պաշտոնները ինչ-որ քաղաքական տրամաբանության մեջ պետք է տեղավորվեն։ Նաև սա էր պատճառը, որ մեծամասնական համակարգը վերացվեց։ Իսկ Հայկ Մարությանի պարագայում ո՞վ է իրենց թիմը, ի՞նչ գաղափարներ ունեն, ի՞նչ նպատակներ ունեն։ Կներեք, բայց «verjapes QPin ayl@ntranq unecanq» միտքը ընդունելի չէ։ Ավելի լավ է ասեք, որ համակրում եք ԼՀԿ-ին, ԲՀԿ-ին, ՀՀԿ-ին կամ մեկ այլ քաղաքական ուժին, քան թե ասեք, որ համակրում եք ինչ որ ՄԱՐԴՈՒ ու իրեն ուզում եք կարևորագույն պաշտոն վստահել։
Որևէ անհատ-առաջնորդ կարող է լինել թիմի ԴԵՄՔԸ։ Բայց չի կարող անհատը լինել հենց ԹԻՄԸ ու վերջնական արդյունքը։ Իսկ այս պարագայում դա այդպես է, որովհետև հասարակությանը անհայտ կուսակցություն է, որի քաղաքական մոտեցումները անհայտ են։ Իսկ թիմի անդամներին պետք է նոր-նոր բացահայտվեն»։
Ավագանու անդամը, ըստ իրեն, առանձնացրել է, թե որոնք են Մարությանի առաջադրվելու նպատակները։
«Իրոք չգիտեմ, թե որն է Հայկ Մարությանի առաջադրվելու նպատակը։
Մի քանի տարբերակներ ունեմ մտքումս`
1. Նեղացվածությունը, որ թիմից հեռացվեց` աշխատանքում չհամագործակցելու համար։ Ու դրա հետևանքով փորձում է ինչ-որ բան ապացուցել` վերադառնալով պաշտոնին։
2. Անձնական շահը։ Գուցե իրեն դուր էր գալիս տվյալ ազդեցությունը ու լծակները։ Խմբակցության ու ավագանու նիստերին մի քանի անգամ ասել է, որ «քաղաքապետի պաշտոնը էնպիսի պաշտոն է, որ ինքը կարող է միլիոններ ուտել ու դրա մասին ոչ մեկ չի իմանա»։ Երբեք չեմ տեսել որևէ բան, որը ակնարկի, որ ինքը «փող ուտող» է, բայց ոչ էլ հասկացել եմ, որ եթե տակը բան չկա, ապա այդ պարագայում ինչն է դրդում նման հայտարարություններ անել։ Էս փաստը ինքնին արդեն մտահոգիչ է։
3. Ընդդիմադիր նախկինների շրջանակների հետ կուլիսային պայմանավորվածությունները, հովանավորչությունը ու «մաքուր դեմքով» քաղաքական մարտահրավեր նետելը։ Սա էլ էնպիսի բան է, որ ամբողջ երկրում ընդամենը մի քանի հոգի կարող են դրանից տեղյակ լինել։ Կուզեմ չորրորդ, ավելի տրամաբանական բացատրությունը գտնել, բայց դեռ չեմ կարող։ Եթե կարող եք, փորձեք դուք ներկայացնել։ Բայց մայրաքաղաքը անհայտ քաղաքական ուժի ձեռքը տալով լավ բան չեմ սպասում։ Եթե պետք է իշխանություն փոխվի մայրաքաղաքում, տրամաբանական կլինի, որ գա էնպիսի քաղաքական ուժ, որը հետո ամբողջ երկրի իշխանությունը ստանձնելու հայտ ներկայացնի։ Բայց խնդրում եմ մի հատ ասեք Հայկ Մարության, ու հետո ասեք քաղաքականություն։ Այս երկուսը իրար հետ համադրելի չեն ու կարծում եմ դա բոլորը գիտեն։
Միակ ուրախանալի բանը այս ամենի մեջ մի աբստրակտ բանավեճի եզրափակումը կլինի։ Տարաձայնությունների ժամանակ ՔՊ-ն ասում էր, որ Հայկ Մարությանը դերը շատ փոքր էր 2018 Երևանի ընտրություններին ու եթե թեկնածու լիներ Նիկոլի ուսապարկը, այն նույնպես 80% կհավաքեր։ Մինչ այդ Մարությանը պնդում էր, որ իր անձնական ռեյտինգի շնորհիվ է, որ «Իմ Քայլը» հավաքեց 80% ձայն։ Հիմա վերջապես կտեսնենք, թե որն է իրականությունը։ Իսկ իրականությունը, կարծում եմ, առավելագույնը 10-20% անձնական ռեյտինգն է, այն էլ` որպես էմոցիոնալ ու ոչ թե պրագմատիկ այլընտրանք»։
![]()
Հիշեցնենք՝ այսօր Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը տեսաուղերձ է հրապարակել՝ հայտնելով, որ մտադիր է մասնակցել Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին
![]()