![]()
Աղմկահարույց պատմության հետքերով «Ջրաշխարհ» ժամանցի կենտրոնի էջում հրապարակվել է ձայնագրություն, որում երեկվանից համացանցում աղմուկ բարձրացրած կինն է՝ հաշմանդամություն ունեցող երեխաներից մեկի՝ Հայկի տատիկը:
Ձայնագրությանը կից նաև նշվում է, որ օգոստոսի 6-ին՝ ժամանց անցկացնելու նպատակով, «Ակվատեկ» մարզաառողջարանային համալիր է այցելել 24 հոգանոց խումբ, որոնցից 8-ը հաշմանդամություն ունեցող երեխաներ են եղել:
«Խմբի ղեկավար ներկայացած Արմենի հետ ջրային գոտում իրականացվել է շրջայց՝ ներկայացվելով տարածքի հնարավորությունները: Վերջինս վերլուծելով իրավիճակը, տեսնելով մարդաշատ ջրային լողավազանները և սեփական պատասխանատվության չափը գիտակցելով՝ որոշել է հետևել «Ակվատեկ» համալիրի աշխատակիցների առաջարկին և խմբի հանգիստը կազմակերպել նույն ընկերությանը պատկանող «Ջրաշխարհ» ժամանցի կենտրոնում, որն ավելի մեծ հնարավորություններ է առաջարկում հաշմանդամություն ունեցող անձանց համար: Նշենք, որ վերոնշյալը Արմենը հաստատել է «Ակվատեկ»-ի պատասխանատուի հետ ունեցած հեռախոսազրույցում:
«Ջրաշխարհ»-ում հաշմանդամություն ունեցող 8 երեխաներին առաջարկվել է անվճար մուտք, ինչը գոհունակությամբ է ընդունվել խմբի ղեկավարի կողմից, սակայն մեզ համար անհայտ պատճառներով՝ խումբն ի վերջո մուտք չի գործել «Ջրաշխարհ»:
Այսօր՝ օգոստոսի 7-ին, «Ջրաշխարհ» է այցելել Ֆեյսբուքյան հայտարարության հեղինակ, հաշմանդամություն ունեցող երեխաներից մեկի տատիկ Հասմիկ Սողոմոնյանը՝ իրավիճակը պարզաբանելու համար:
Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հասմիկ Սողոմոնյանի խոսքը՝ տնօրինության հետ հանդիպումից»:
Հիշեցնեք՝ հաշմանդամություն ունեցող երեխաներից մեկի տատիկն իր էջում երեկ հայտնել էր, որՎանաձորից Երևան մեկնած հաշմանդամություն ունեցող 8 երեխայի արգելել են մուտք գործել «Ջրաշխարհ» (ավելի ուշ պարզվեց՝ «Ակվատեկ») ՝պատճառաբանելով, թե նրանք կխանգարեն մյուսների հանգիստը:
Սկանդալի կենտրոնում հայտնված «Ջրաշխարհ»-ը պատասխանել էր իրենց ուղղված մեղադրանքներին՝ հերքելով դրանք ու խոստանալով շուտով փաստեր հրապարակել:
![]()