Ինչու հոկտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանը չի ստորագրել պատերազմը դադարեցնելու փաստաթուղթը

Այսօր ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը վարչապետից խնդրեց խոսել քննիչ հանձնաժողովում քննվող նյութերի հրապարակայնացման մասին:

«Քաղաքացիների հետ շփումների ժամանակ բազմիցս ենք լսում, որ քննիչ հանձնաժողովը կա, հանդիպումներ են լինում, բայց այդ տեղեկությունները քաղաքացիները չունեն։ Այսինքն՝ քաղաքական աղմուկը հնարավոր է հստակեցվի, եթե քննիչ հանձնաժողովի՝ մինչև այս ունեցած հանդիպումները ուղղակի հրապարակվեն։ Այդպես քաղաքական աղմուկի 80 տոկոսը այդ շրջանում կնվազի։ Արդյոք կա՞ հնարավորություն, որ այն, ինչ կարող են հանրայնացնել, ցույց տանք հանրությանը»,- ասաց Ալեքսանյանը։

Վարչապետը, արձագանքելով պատգամավորի հարցին, նկատեց․ «Քննիչ հանձնաժողովի նախագահն ինձ ասել է՝ մենք պարտավորվել ենք, ես հանձնաժողովում պետք է լսվեմ, ես հարցրի՝ ընդդիմությունը գալո՞ւ է, պատասխանեց՝ չգիտի, գուցե չգան։ Ես էլ ասում եմ՝ մարդիկ կասեն՝ գնացին, ընդդիմությունը չեկավ, իրենք նստեցին, խոսեցին, ջան ասացին, ավարտեցին, գնացին։ Ես մտածում եմ՝ գուցե ձև գտնենք՝ իմ հարցաքննությունը հանձնաժողվում լինի հրապարակային, բայց ԱԳՆ-ն իր խնդիրն է բարձրացնում, ՆԳՆ-ն՝ իր, բայց ես ձեզ հետ էլ եմ համաձայն։ Ընդդիմությունը բոյկոտելու է, ու մարդիկ ասելու են՝ էլի տարան, ծածկադմփոց արեցին, իրար մեջ խոսեցին, անիմաստ գնացին»:

Նա նաև մեջբերեց պատերազմի օրերին առաջ եկած խոսակցությունները․ «Խոսքը էր գնում, որ հոկտեմբերի 19-ի փաստաթղթով Շուշին հայկական էր լինելու, վարչապետը հնարավորություն ուներ։ Բայց ես նայում եմ արձանագրությունները, թե ինչ դիրքորոշում եմ արտահայտել ու ճշգրիտ նկարագրել եմ Լաչինի միջանցքի դեկտեմբերից սկսած իրավիճակը։ Ես քննիչ հանձնաժողովում կասեմ՝ որն է եղել պատճառը, որ հոկտեմբերի 19-ին ես չեմ ստորագրել փաստաթուղթը, հույս ունեմ, որ դա կարող ենք հրապարակայնացնել»։

Ըստ նրա՝ իր մեղավորությունը նրանում է, որ ինքը 2018-ին չի ասել այն, ինչ հիմա է ասում:

«Ոչ մեկը ինձ չի կարա ավելի շատ մեղադրի, ինչքան ես ինքս ինձ։ Ես պետք է անընդունելի լուծումը բերեի ներկայացնեի որպես ընդունելի։ Եթե մեզ մեղադրում եք մի բանում, ինչում մենք մեղավորը չենք, մենք էլ ձեզ ենք մեղադրում։ Էլի չկարողացա չմեղադրեմ ոչ ոքի․ մեղավորը դուք եք»,- դիմելով ընդդիմությանը՝ ասաց Փաշինյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ