Գազը սպառվող ռեսուրս է. ուշ թե շուտ փոխարինվելու է արևային էլեկտրաէներգիայով և այլ վերականգնվող միջոցներով

Նախորդ շաբաթ մասնակի խցափակվել էր Հայաստանը սնուցող մայրուղային գազատարը։ Օրերս ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն իր հարցազրույցում անդրադարձել է խնդրին՝ նշելով, որ եթե այս խնդիրը շարունակական լինի, Հայաստանը կկարողանա իրանական գազը օգտագործել որպես ներքին օգտագործման վառելիք․«ՀՀ-ն գազի խնդիրներ եթե ունենա, կգտնենք այլընտանքային լուծումներ՝ գործող համակարգերին։ Հայաստանի համար կարևորը իր խնդիրները լուծելն է, և Հայաստանը միշտ փնտրելու է լուծումներ տարբեր տեղեր։ Մենք ուզում ենք խնդիրներ չունենանք, բայց խնդիրներ առաջանալու դեպքում մենք պատրաստ ենք բոլոր քայլերը ձեռնարկել խնդիրները լուծելու համար»,-ասել է Գրիգորյանը։

Վերջին շրջանում հաճախ է նշվում, որ Իրանից Հայաստան գազի ներկրման ծավալներն ավելանալու են։

tvyal.com կազմակերպության ղեկավար, ՀՊՏՀ դոցենտ տնտեսագետ Աղասի Թավադյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ գազն ու էլեկտրաէներգիան հանդիսանում են տնտեսության ճյուղերի առաջնային ծախսը։ Տնտեսագետը նկատեց, որ գազի հիմնական սպառումը ՀՀ-ում Ռուսաստանից եկող գազն է, իսկ Իրանից եկող գազը մոտ երկու տոկոս է կազմում, որը «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակներում է իրականացվում և չի սպառվում ՀՀ-ի կողմից, այն դառնում է էներգիա և հետ ուղարկվում Իրան։

Ընդհանրապես, ըստ նրա, այս խնդիրը մի քանի անկյունից պետք է դիտարկել։

Նախևառաջ՝ մենք հանդիսանում ենք ԵԱՏՄ անդամ, և որպես ԵԱՏՄ անդամ՝ մեզ հնարավորություն է ընձեռվում համեմատաբար ավելի ցածր գներով ԵԱՏՄ ընդհանուր շուկային համապատասխան գազ ստանալ։

Երկրորդ՝ պետք է նկատի ունենալ, որ էլեկտրաէներգիայի տեսանկյունից արտադրության մեծ մասը, մոտ 40 տոկոսը գալիս է ջէկ-երից, և էլեկտրաէներգիայի արտադրության համար վառվում է գազ, ինչն էլ թանկացնում է էլեկտրաէներգիան։

Երրորդ՝ միջնաժամկետում պետք է լուծումներ որոնել, իսկ երկարաժամկետում պետք է հասկանանք, որ գազը սպառվող ռեսուրս է, և ուշ թե շուտ փոխարինվելու է արևային էլեկտրաէներգիայով և այլ վերականգնվող միջոցներով։

Թավադյանը նշեց նաև, որ մեր էլեկտրաէներգիայի չորս տոկոսն արդեն իսկ արևային է․ «Շատերը արդեն իսկ նոր շենքեր կառուցելիս տանիքին տեղադրում են արևային էլեկտրաէներգիայի կայաններ։ Դրանց քանակը գնալով շատանում է, և ապագայում կարելի է կանխատեսել, որ առաջիկայում տանիքները միանգամից կառուցելու են արևային էլէկտրապանելներով»,-ասաց Թավադյանը։

Նա նշեց, որ ռուսական գազին այլընտրանք տնտեսական առումով կարող է լինել իրանական գազը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ