«Խաղաղապահին մեջտեղից հանել են, «խեղճ» Ալիևին էլ հանեն, տակը մնան Փաշինյանն ու հայ զինվորը». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, անդրադառնալով երեկ ՀՀ Ազգային ժողովում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության հրավիրած լսումներին, որի նպատակը, ըստ Ազգային ժողովի ընդդիմադիր ֆրակցիայի, Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ քննարկումը պիտի լիներ, նկատել է՝ եկեղեցու հոգևորական Աջապահյանը (- խմբ. Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան, Շիրակի թեմի առաջնորդ) հայտարարել է, որ «Լաչինի միջանցքը փակել է հայ զինվորը, իսկ Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը նույն օրը պնդել է, թե միջանցքը փակել են Նիկոլն ու Ալիևը»։

«Այո, ինքը Հայաստանի վարչապետին անունով է դիմում, իսկ Ալիևին՝ ազգանունով։ Բայց դա անցնենք։ Չի լինի սրբազանն ու Բակո Սահակյանի ասած՝ Արցախուհին զմիմյանս հետ ճշտեն, ընդհանուր հայտարարի գան: Ռուս խաղաղապահին մեջտեղից հանել են, լավ են արել, էն «խեղճ» Ալիևին էլ հանեն, տակը մնան Փաշինյանն ու հայ զինվորը»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Սաֆարյանը:

Նշենք, որ ընդդիմադիր ուժի երեկ հրավիրած լսումները խիստ քննարկումների և քննադատությունների տեղիք են տվել: Բանն այն է, որ ընդդիմադիր քաղաքական գործիչները, հասարակական սեկտորի ընդդիմադիր ներկայացուցիչները, երկրի բարձր ամբիոնն օգտագործելով, սկսել են կոշտ քննադատության ենթարկել կառավարող ուժին՝ Լաչինի միջանցքի փակման թեմայի քննարկումը վերածելով կուսակցական, երբեմն՝ նեղ անձնային շահերին վերաբերող քննարկման: Այսպես ասած՝ լսումները դիտելիս տպավորություն էր, որ ի սկզբանե այն ծրագրված էր հենց այդպիսի երանգ հաղորդելու՝ դրանով աշխարհին ցույց տալով, թե իբր Հայաստանում լուրջ դժգոհության ալիք կա, որը մինչև անգամ հասել է երկրի բարձր ամբիոն:

Հիշեցնենք, որ քննարկման ժամանակ նիստերի դահլիճ էր գնացել և ելույթ ունեցել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը, որը հակադարձել էր ընդդիմադիրների քննադատություններին՝ նկատելով. «Դուք խոսելու նյութ չունեք: Ղարաբաղյան հարցի շահարկումը Հայաստանում իշխանության գալու հնարավորություն չի տալու, դա կլինի միայն այն դեպքում, երբ Հայաստանի ժողովուրդը ձեզ կտա այդ մանդատը, մնացած սցենարներն ավարտվել են: Ձախողված քաղաքականության ներկայացուցիչները հնարավորություն չեն ունենալու վերադարձնել մեր երկիրն այն ռեյլսերին, որից նոր դուրս ենք եկել։ Ավգյան ախոռների մասին եմ ասում։ Մինչև հիմա մաքրում ենք, դեռ չենք կարողանում հասկանալ, թե էլ ինչքան բան պետք է հանենք։ Այն գործողությունները, որոնք փորձում եք իրականացնել, այն նպատակները, որոնք փորձում եք սպասարկել, դուք բերելու եք նոր պատերազմի, դուք դառնալու եք պատերազմի նոր հրձիգներ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ