Արտակ Զաքարյանը Արմեն Աշոտյանի՝ Լավրովի խոսքերը հերքող ստատուսները չի՞ կարդում․ պաշտպանության նախկին փոխնախարարը զբաղված է Լաչինի միջանցքը փակելու մեղքը իշխանության վրա բարդելով՝ ՌԴ-ի աչքը մտնելու համար

«Հարց եմ տալիս՝ ինչու մինչև Պրագայի և Սոչիի հանդիպումները՝ ադրբեջանցի կեղծ բնապահպանները չէին հայտնվում։ Ինչո՞ւ է Ադրբեջանը քամահրանքով վերաբերվում միազգային այն բոլոր կառույցների, պետությունների կոչերին, որ պետք է ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ Ոչ թե նրա համար, որ Ադրբեջանը դառել ա միջազգային գերտերություն և թելադրում ա համաշխարհային քաղաքականություն, այլ նրա համար, որ Ադրբեջանն ունի հստակ արգումենտներ, թե՝ ի՞նչ եք ուզում ինձանից, մենք ՀՀ-ի հետ խնդիրներն արդեն լուծել ենք։ Եթե Հայաստանը չի պահանջում, տվել ա էդ հնարավորությունները, ապա ինչո՞ւ ես պետք է իմ ներքին քաղաքականության հարցերում լսեմ միջազգային հանրության կոչերին»։

Սույն հայտարարության հեղինակը մոտակա «բեսեդկաներից» մեկում նարդի խաղալու արանքներում աշխարհաքաղաքական վերլուծությամբ զբաղվող դիլետանտ չէ, այլ՝ ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։ Նա այսօր «Հայաստան» խմբակցության կողմից հրավիրված ԱԺ լսումների ժամանակ փորձեց ձայնակցել այն քարոզչական թեզի հետևորդներին՝ մասնավորապես սույն խմբակցության անդամ Անդրանիկ Թևանյանին, որոնք պնդում են, թե Պրահայում ընդունված հայտարարության մեջ Ալմա-Աթայի հռչակագրին արված հղումը նշանակում է, որ «Արցախը Ադրբեջանի մաս է»։ Հետևապես, քանի որ Արցախը՝ Լաչինն էլ հետը Ադրբեջան է, ադրբեջանցի ակտիվիստները եկել ու փակել են միջանցքը, իսկ ՀՀ-ն մատը մատին չի տալիս միջանցքը բացել տալու ուղղությամբ, քանի որ Արցախը՝ «լաչինախառը», հանձնել է Ալիևին։

«Կուռ» տրամաբանություն է, ինչ խոսք։ Փաստորեն, ադրբեջանցիները սպասում էին, որ Ալիևն ու Փաշինյանը Պրահայում Արցախը ճանաչեն Ադրբեջանի կազմում, դա վերահաստատեն որոշ ժամանակ անց՝ Սոչիում ընդունված հայտարարությամաբ, ապա նոր հանգիստ խղճով գնան և շրջափակեն միջանցքը։ Իսկ մինչ այդ նման բան չէին անում, քանի որ Փաշինյանի՝ Պրահայում տված «դաբրոն» չէին ստացել։ Որ Ալմա-Աթայի հռչակագիրը չի ենթադրում Արցախի լինելը Ադրբեջանի կազմում, հենց նույն լսումների ժամանակ հերքվեց Արտակ Զաքարյանից առաջ ելույթ ունեցած քաղաքագետ, ԳԽ նախկին պատգամավոր Սուրեն Զոլյանի, ապաև՝ սահմանադրագետ Վարդան Պողոսյանի կողմից։

Բայցևայնպես, մի հարց պաշտպանության նախկին փոխնախարարին արժե տալ․ նա տեղյա՞կ է, որ Լաչինի շրջանը նոյեմբերի 9-ի հայտարարությամբ արդեն իսկ հանձնվել է Ադրբեջանին, Լաչինի միջանցքն էլ նույն այդ հայտարարությամբ, ֆիքսված է որպես Ադրբեջանի մաս, որտեղ, սակայն, վերահսկողություն են իրականացնում ռուս խաղաղապահները, իսկ Ադրբեջանը երաշխավորում է իր տարածքով՝ Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը: Վստահ ենք տեղյակ է, բայց իրեն անտեղյակի տեղ է դնում, որպեսզի ՌԴ-ին ու Ադրբեջանին մաքրի պատասխանատվությունից, բավարարվի միայն ՀՀ իշխանության հասցեին «քաղցր» խոսքերի շարան տեղալով։ Քանի որ կարծում է, որ որքան շատ տեղա, այնքան ավելի շատ կմտնի ՌԴ-ի աչքը, իսկ որքան շատ մտնի, այնքան մեծ է շանսը, որ ՀՀ-ում իշխանազավթում կազմակերպելու դեպքում «գահին» հնարավոր է՝ նորից իրենց իշխանությունը կարգվի։

Հ․Գ․ Պրահայի փաստաթղթում Ալմա-Աթայի հռչակագրին արված հղումը խեղաթյուրված մեկնաբանողների շարքում էր նաև Արտակ Զաքարյանի կուսընկեր Արմեն Աշոտյանը։ Նա, սակայն, արձագանքելով ՌԴ ԱԳ նախագահ Սերգեյ Լավրովին, ստիպված է եղել մի կողմ դնել քարոզչական կեղծ թեզերն ու ֆեյսբուքում ըստ էութայն մեկնաբանել սույն հռչակագիրը։ «Այո, Ալմա-Աթայի հռչակագիրը, բազմաթիվ անգամներ պնդել ենք, չէր կարելի բերել «մեյդան» և դարձնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման փաստաթուղթ՝ առավել ևս, ԼՂ խնդրի համատեքստում: Այնուհանդերձ, Ալմա-Աթայի հռչակագրի մեկնաբանություններում Լավրովը սխալվում է, քանզի Ալմա-Աթայի հռչակագիրը ստորագրումից առաջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Խորհրդային Միության այդ պահին գործող օրենսդրությամբ այլևս Ադրբեջանի կազմում չէր։ Եթե այս հանգամանքները հաշվի չառնել, ապա, ինչպես ռուսական ասացվածքն է ասում. Можно выплеснуть ребёнка вместе с водой»։

Արտակ Զաքրյանը լսումներին ներկայանալուց առաջ թերևս արժեր, որ կարդար իր կուսակից ընկերոջ գրառումը՝ անհեթեթ եզրահանգումներից խուսափելու համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ