![]()
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ՝ Դավիթ Առաքելյանն ազատվել է Ազգային Ժողովի նախագահի օգնականի պաշտոնից և նշանակվել ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պաշտոնում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ եւ 12-րդ մասերով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Դավիթ Առաքելյանի 2023 թվականի փետրվարի 3-ի դիմումը՝ կարգադրում եմ.
1. 2023 թվականի փետրվարի 3-ից Դավիթ Առաքելյանին ազատել Ազգային ժողովի նախագահի օգնականի պաշտոնից:
2. 2023 թվականի փետրվարի 3-ից Դավիթ Առաքելյանին նշանակել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար»,- ասված է որոշման մեջ:
Հիշեցնենք՝ այսօր՝ փետրվարի 3-ին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ՝ Վահան Նարիբեկյանն ազատվել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պաշտոնից։
Մամուլում երեկվանից լուրեր էին շրջանառվում, որ Վահան Նարիբեկյանն առաջիկայում կազատվի ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ Իշխանության որոշ շրջանակներին հայտնի էր դարձել, որ Ազգային Ժողովին կցված մեքենաների պետական համարանիշները ԱԺ աշխատակազմի ղեկավարը՝ Վահան Նարիբեկյանը, տրամադրել է իր ազգականներին ու մտերիմներին՝ դրանով իսկ չարաշահելով իր իսկ աշխատանքային լիազորությունները։
Նույն լուրերի համաձայն՝ Նիկոլ Փաշինյանն անձամբ հրահանգել էր րոպե առաջ աշխատանքից ազատել Վահան Նարիբեկյանին, հանձնարարել քննության առնել Վահան Նարիբեկյանի գործունեությունը ու ջրի երես հանել նրա հետ կապված բոլոր կոռուպցիոն դրսևորումները։
![]()