![]()
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 2-ին«Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին և մի քանի հայտարարություններ է արել, որոնք բազմաթիվ հարցեր են առաջացրել:
Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը Zarkerak.am-ի հետ զրույցում Լավրովի հայտարարություններից առաջինն առանձնացնում է հետևյալը. «Ես կարծում եմ, որ Լավրովը մեկ նոր բան է ասել և դա մեզ համար շատ հետաքրքիր նորություն էր՝ Լավրովը ճանաչել է Հայաստանին օկուպանտ այն դեպքում, երբ Հայաստանին օկուպանտ այս բոլոր տարիների ընթացքում ճանաչել էին միայն երեք երկիր՝ Ադրբեջանը, Թուրքիան և Պակիստանը: Մենք նրա ելույթում հերթական անգամ տեսանք, որ բանակցային գործընթացի ոչ հաջող ավարտի ողջ մեղքը գցվեց Հայաստանի ղեկավարության վրա: Լավրովը շատ լավ գիտի, որ 2011 թվականին Կազանում Սերժ Սարգսյանն իր համաձայնությունը տվել է, որպեսզի ստորագրվի այդ փաստաթուղթը, որով Ադրբեջանը ստանում է հինգ շրջան գումարած ժամանակի ընթացքում ևս երկու շրջան, Արցախի կարգավիճակը մնում է առկախված օդում և նաև այդ պլանով նախատեսվում էր տարածքներում տեղակայել ռուսական ռազմաբազա: Լավրովը դա շատ լավ գիտի, բայց հերթական անգամ շատ վատ դիվանագիտական հնարքների է դիմում և փորձում է մեղքը բարդել Հայաստանի վրա, նույն Սերժ Սարգսյանը բացահայտ կերպով ասել է, որ նա պատրաստ է եղել ստորագրել այդ փաստաթուղթը, հրաժարվել է Իլհամ Ալիևը: Այսինքն՝ Լավրովի հայտարարության հասցեատերը պետք է լիներ Ալիևը, բայց չգիտես ինչու հասցեատերը նույնիսկ ոչ թե Սերժ Սարգսյանն է, այլ գործող իշխանությունը, այստեղ որևէ տրամաբանություն չկա: Լավրովի վերջին հայտարարությունները դիվանագիտորեն սխալ են և ոչ հաշվարկված»:
Թե ինչու ստեղծված իրավիճակում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարությամբ հանդես չի գալիս և չի հակադարձում Լավրովին՝ Ստեփանյանն ասաց. «Սերժ Սարգսյանը հայտարարությամբ հանդես չի գալու այն պատճառով, որ նա այդտեղ որևէ շահ չունի: Լավրովի մեղադրանքներն ուղղված են ոչ թե Սերժ Սարգսյանին, այն դեպքում, երբ իրական հասցեատերը նա է, այլ Հայաստանի գործող իշխանությանը: Սերժ Սարգսյանի կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, նրա ներկայացուցիչները բացահայտ կերպով անում են հայտարարություններ, անընդհատ փորձում են հաճոյանալ Ռուսաստանին, անընդհատ ամեն ինչում մեղադրում են Հայաստանի ղեկավարությանը և դա այն դեպքում, երբ իրականում այսօր Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա կա բացահայտ ճնշում, երբ Հայաստանը փորձում է ընդամենը ապահովել սեփական ժողովրդի և սահմանների անվտանգությունը: Այս համատեքստում ես Սերժ Սարգսյանից որևէ հայտարարություն չեմ սպասում»:
Քաղաքագետն անդրադառնաով ՌԴ արտգործնախարարի հաջորդ հայտարարությանը՝ ըստ որի Հայաստանը համաձայնել է խաղաղությանը՝ ԼՂ-ն թողնելով Ադրբեջանի կազմում և մեջ է բերել Ալմա-Աթայի հռչակագիրը՝ նշեց. «Լավրովը ներկայացնում է իրականության միայն մի մասը, այն մասը, որն իրեն ձեռնտու է: Այո, եթե մենք փորձելու ենք դիտարկել Ալմա-Աթայի հռչակագրի ներքո սահմանները, ապա, այո, դա այդպես է: Ես որևէ տեղ չեմ լսել, որ Հայաստանի ղեկավարությունը դա հերքի: Հիմա հարց է՝ ինչ է առաջարկում Ռուսաստանը, եթե ոչ Ալմա-Աթայի հռչակագիրը, թող ասեն, առաջարկո՞ւմ են Արցախի անկախությունը: Ռուսաստանի նախագահը հենց պատերազմից հետո ասաց, որ Ռուսաստանն անվերապահորեն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Նրանք առաջարկում են Արցախի հարցը հավերժ պահել առկախված, հավերժ պահել առկախված Ռուսաստանից Ադրբեջանն ու Հայաստանը և այսպես շարունակ, որևէ լուծում չտալ այդ կոնֆլիկտին, ինչը դեստրուկտիվ է Հայաստանի և Արցախի համար, մեզ որևէ լուծում է պետք, որը թույլ կտա, որպեսզի մեր հայրենակիցները հանգիստ ապրեն: Հիմա Ռուսաստանը որևէ առաջարկ չի անում, նա ընդամենը փորձում է պահել ստատուս-քվոն»:
Սերգեյ Լավրովը խոսել է նաև 3+3 ձևաչափի վերադարձի մասին. «Առաջին իսկ օրվանից, երբ 3+3-ի գաղափարը հայտնվեց, գնահատել եմ դա բացասական և մինչ այսօր իմ կարծիքը չի փոխվել: Նախ պետք է հասկանանք, որ 3+3 չէ 3+2 է, որովհետև Վրաստանը հենց առաջին օրվանից հրաժարվել է դրան մասնակցել: Ինչ է իրենից ներկայացնում այդ ձևաչափը, դա ընդամենը փորձ է Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի կողմից զերծ պահել, իզոլյացիայի ենթարկել (մեկուսացնել) տարածաշրջանը քաղաքակիրթ աշխարհից: Այսօր նրանք նորից հիշել են 3+3-ի մասին, և դա այն դեպքում, երբ 44-օրյա պատերազմից հետո նույն Ռուսաստանը շահագրգռված չէր դրանում: Հիմա նա արդեն պատրաստ է Իրանին ներգրավել այս գործընթացում, դա արվում է՝ հաշվի առնելով Իրանի դերակատարումը Ուկրաինայի հետ պատերազմում, երբ Իրանը Ռուսաստանին զենք է մատակարարում»:
Դավիթ Ստեփանյանը խոսեց նաև ՀԱՊԿ առաքելության Հայաստանում տեղակայման ռուսական կողմի պատրաստակամության և հայկական կողմի լռության մասին. «Հայկական կողմը չի վստահում Ռուսաստանին, հայկական կողմը չի վստահում ռուսական զորքերին: Մենք տեսնում ենք՝ ինչ է կատարվում Արցախում՝ Լաչինի միջանցքում, որտեղ Ռուսաստանը բացահայտ կերպով չի կատարում իր պարտականությունները, մենք տեսնում ենք՝ ինչ է կատարվել մեր սահմաններին 2021 թվականի մայիսին, 2022 թվականի սեպտեմբերին տեսանք, որ ռուսները, որոնք տեղակայված են եղել այդ սահմանին՝ և՛ Սյունիքում, և՛ Գեղարքունիքում, որևէ կերպ չեն խառնվել այդ ամենի մեջ, նրանք թողել են մեզ ադրբեջանցիների հետ միայնակ: Այնպես, որ ամեն ինչ մեր կողմից շատ հիմնավորված է և ՀԱՊԿ առաքելությունը միանշանակ կրելու է դեստրուկտիվ բնույթ»:
Այս հայտարարություններին զուգահեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի Ալմաթի քաղաքում մասնակցեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին, որի շրջանակում հանդիպում ունեցավ նաև Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ, որտեղ քննարկվեցին, ինչպես քաղաքական, այնպես էլ այլ ոլորների վերաբերող հարցեր. «Այն, որ այսօր Ռուսաստանը չի կարողանում ապահովել Հայաստանի անվտանգությունը՝ փաստ է, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ խզենք, որովհետև շատ բնագավառներում, առաջին հերթին՝ տնտեսական, մենք այդքան էլ մեծ այլընտրանքներ չունենք: Մենք գիտենք, որ մեր երկրի էներգետիկ համակարգը մեր նախկին իշխանություններն ամբողջությամբ նվիրել են Ռուսաստանին, և այս իրավիճակում մենք բավականին վատ վիճակում ենք գտնվում և օբյեկտիվորեն չենք կարող խզել Ռուսաստանի հետ բոլոր կապերը: Այս առումով մենք պետք է հասկանանք, որ եթե Ռուսաստանը չի կատարում իր անվտանգային պարտավորությունները, մենք պետք է նրանց հետ այդ մասին բացեիբաց խոսենք և լինենք հետևողական և որևէ ձև չզիջենք: Նորից եմ ասում, մենք այսօր չունենք Ռուսաստանին 100-տոկոսանոց այլընտրանք և չպետք նրա հետ բոլոր կամուրջներն այրենք: Իսկ ինչ վերաբերում է Փաշինյանի այցին Ալմաթի, ապա նրա ելույթները, ընդհանուր առմամբ, գնահատում եմ դրական»:
![]()