![]()
Հայաստանում խոսքի ազատությունը հաճախ շփոթում են ամենաթողության, երբեմն ուղղակի խուլիգանության հետ։ Մամուլը, կամ, այսպես ասած, պատվերով համերգ կազմակերպող մամուլի ներկայացուցիչները, մարդկանց, գործարարներին, հասարակական և քաղաքական գործիչներին, պաշտոնյաներին վարկաբեկում են կեղծ լուրերով, հորինված պատմություններով, իսկ հետո խոսքի ազատության անվան տակ պաշտպանում՝ իրենց մեղմ ասած վատ պահվածքը։
Հաճախ դեղին մամուլի թիրախում են հայտնվում գործարարները, կամ նրանց բիզնեսները։
Հեշտ գումար աշխատելու մոլուցքով տարված՝ հարվածում են նրանց, ովքեր տարիների աշխատանքի շնորհիվ կառուցել են ոչ միայն իրենց բիզնեսը, այլև նպաստել են տնտեսության զարգացմանը։
Այն, որ Հայաստանում լրատվամիջոցների, եթե ոչ հիմնական, ապա գերակշիռ մասը պատվերով համերգ տվողներ են՝ հայտնի է վաղուց։ Բազմաթիվ են փաստերը, երբ, այսպես կոչված, լրատվամիջոցները որոշակի գումարի դիմաց պատվիրված նյութերով վարկաբեկում են տարբեր մարդկանց ու կամ բարեխիղճ գործարարներին։
Մի քանի հազար դրամի, կամ գուցե դոլարի համար լրատվամիջոցների հիմնական մասը՝ ուղղակի անհիմն մեղադրանքներով ու լուրերով վարկաբեկում են միլիոնավոր դոլարների շրջանառություն ունեցող, մեծ ներդրումներ անող և տնտեսությանը օգուտ տվող գործարարներին։ Իսկ, թե այդ հաճախ հորինված լուրերի պատճառով ինչ վնաս է կրում տվյալ բիզնեսը կամ գործարարը՝ դա արդեն առևտրական լրատվամիջոցին այդքան էլ չի հուզում։ Կարևորը՝ իրեն պատվիրված «երաժշտությունը» նվագի։
Խոսքի ազատությունը, բնականաբար, յուրաքանչյուր երկրի կարևոր այցեքարտն է։ Բայց այն այցեքարտ է դառնում, երբ գրված կամ ասված խոսքը օգնում է, ոչ թե վնասում։ Խոսքի ազատությունը չպետք է դառնա նեղ անձնական հաշիվներ մաքրելու գործիք, լրատվամիջոցը չպետք է մի քանի կոպեկի համար լավը ոչնչացնող բութ գործիք դառնա։
Ցավոք, Հայաստանի լրատվական դաշտում չկա խոսքի, բառի գրի պատասխանատվություն, չկա բարոյական մարդկային արժեքը գնահատելու սահման։ Փոխարենը կա ինքնահաստատվելու ու չնչին, երբեմն, գուցե խոշոր գումարով ուրիշի բարի համբավը, անունը, ոչնչացնելու մոլուցք։
Խոսքի ազատություն կոչվող այս համատարած խառնաշփոթի մեջ, թերևս անպաշտպան իրավիճակում հայտնված գործարարներին արդեն անհրաժեշտ է լինելու ունենալ տնտեսական օմբուդսմեն, որը գոնե կկարողանա կանգնեցնել բարեխիղճ գործարարների դեմ տարվող կեղտոտ արշավը։ Այլապես, ստացվում է, որ այսօր անպաշտպան են դառնում նրանք, ովքեր իրենց աշխատանքով, ներդրումով նպաստում են բոլորի պաշտպանությանը։
![]()