![]()
Շտապօգնության ծառայության բարելավման ռազմավարությամբ նախատեսվում է, որ հանրապետությունում կներդրվի նոր մոդել. կգործի միասնական շտապօգնություն՝ Երևանում ու մարզերում: Ծրագրի ավարտը նախատեսված է 2025 թվականին:
Արմեն Նազարյան (ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ) -Մինչ այդ նախատեսված են մի շարք միջոցառումներ: Այդ միջոցառումները միտված են լինելու շտապօգնության ամբողջական վերլուծությանը, գնահատմանը, դիսպետչերական ծառայության բովանդակության վերանայմանը ամբողջությամբ, կրթական և շարունակական մասնագիտական ծրագրերի ներդրմանը, ինչպես նաև շտապօգնության կանչերի թվայնացմանը:
Կանչերն ընդունող, մշակող ու շտապօգնության անձնակազմին փոխանցող դիսպետչերը այդ վերապատրաստումների արդյունքում պետք է կարողանա գնահատել կանչի հրատապությունը կամ առհասարակ դա սպասարկելու անհրաժեշտությունը և ըստ այդմ էլ ուղղորդի շտապօգնության անձնակազմին: Փորձը ցույց է տալիս՝ քաղաքացիները հաճախ շտապօգնություն են կանչում՝ ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններ դիմելու փոխարեն:
![]()