![]()
Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասում տեղի ունեցած ողբերգական հրդեհի գործով որպես մեղադրյալ ներգրավված վաշտի կապիտանը հրաժարվել է ցուցմունք տալուց:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ կապիտանին մեղադրանք արդեն ներկայացվել է ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ։
Հիշեցնենք՝ կապիտանը հրդեհից տուժածներից մեկնէ, 2 օր առաջ նա վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ։
ՀՀ գլխավոր դատախազությունն այսօր հայտնեց, որ վաշտի կացարանում վառարանն ավտոբենզինով վառել փորձած Ե. Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել:
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանի հրդեհի և դրա հետևանքով զոհերի ու վիրավորների մասին հայտնի դարձավ հունվարի 19-ի վաղ առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրությունից, որով հայտնվում էր՝ չպարզված հանգամանքներում պատահարը տեղի է ունեցել ժամը 01:30-ի սահմաններում, որի հետևանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 3 անձ:
Այնուհետև հայտնի դարձավ զինվորական պաշտոն զբաղեցնող մի շարք անձանց պաշտոնանկությունների մասին, որոնք, ըստ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, ինչ-որ կերպ պատասխանատվություն են կրում տեղի ունեցած համար:
ՀՀ քննչական կոմիտեն և Գլխավոր դատախազությունն էլ հայտնեցին, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ։
![]()