«Ազատ գյուղի կացարանում 15 զինծառայողի մահվան դեպքից հետո սգո օր չի հայտարարվել, քանի որ Հայաստանը գտնվում է հիբրիդային պատերազմի մեջ». Արմեն Խաչատրյան

«Իմ տեսակետը հետևյալն է՝ ես միայն հավատում եմ քրեական գործով ձեռք բերված փաստերին և ապացույցներին, եթե տարբեր խոսակցություններ լինում են, դրանք պետք է քրեական գործում ներառվեն որպես ցուցմունք կամ վարկած, որը հետագայում պետք հաստատվի կամ մերժվի: Մինչև քրեական գործով բոլոր հանգամանքները չպարզվեն, ես որևէ բան չեմ կարող ասել»,-անդրադառնալով Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողի տված ցուցմունքին՝ ասաց ՔՊ խմբակցության պատագամավոր Արմեն Խաչատրյանը:

Ըստ Խաչատրյանի՝ քննական մարմիններից որևէ մեկը չի ասել, որ զինվորները քնած են եղել, թե՝ արթուն. «Փրկարար ծառայության աշխատակցի ասածը որևէ հիմնավորում չունի, նա պետք է համապատասխան մարմիններին տվյալներ հայտնի, թե որտեղից են իրեն հայտնի այդպիսի հանգամանքները»:

Լրագրողի այն հարցին, թե արդյոք քաղաքական պատասխանատվություն լինելու է դեպքի առթիվ, պատգամավորն ասաց. «Քաղաքական և բարոյական պատասխանատվության համար պետք է պարզել գործի բոլոր հանգամանքները, պետք է պարզել մեղավորության աստիճանը և նոր դրանից հետո գնահատական տալ: Անգամ քաղաքական պատասխանատվության հիմքում պետք է դրվեն օբյեկտիվ հանգամանքներ, որը կարող է ձեռք բերվել միայն քննությամբ: Մենք առայժմ հստակ չգիտենք, թե ինչ է կատարվել, բոլոր հանգամանքները պարզ չեն, միանգամից քաղաքական պատասխանատվության մասին խոսելը կարծում եմ վաղ է»:

Թե ինչու սգո օր չհայտարարվեց, Խաչատրյանը շեշտեց. «Մենք հիմա գտնվում ենք հիբրիդային պատերազմի մեջ, մի շարք այլ հանգամանքներ հաշվի առնելով կառավարությունը սգո օր չի հայտարարել: Ես վստահ եմ, որ այդ հանգամանքները բավականին հիմնավոր են»:

Արմեն Խաչատրյանը անդրադարձավ նաև այն հարցին, թե արդյոք կացարաններում հիմա ստուգումներ իրականացվում են. «Դեպքից հետո էլ, առաջ էլ մի շարք հրահանգներ են եղել անվտանգային կանոնների պահպանման հետ կապված: Հիմա էլ իհարկե մոնիթորինգ է իրականացվում, բնական է, որ այդ ստուգումները շատ ավելի ինտենսիվ են ընթանում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ