Նենց չի, որ տեսնենք ինչ-որ վտանգ կա, կանգնած նայելու ենք, բոլորս էլ պաժառնիկ ենք․ «Մալաթիա» տոնավաճառի աշխատակից

Ինչպես արդեն հայտնել ենք, վաղ առավոտյան «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացնում՝ դժգոհելով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի՝ հրդեհային անվտանգության կանոնները չպահելու հիմքով առևտրի կենտրոնի գործունեությունը կասեցնելու որոշման դեմ:

Ակցիայի ընթացքում տոնավաճառի 10 աշխատակից և տնօրենը հանդիպեցին ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների հետ, որից հետո որոշում կայացվեց նույն կազմով հանդիպել նաև տեսչականի ղեկավարի հետ։

Աշխատակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ եթե ինչ-որ վտանգավոր դեպք լինի տոնավաճառում, իրենք բոլորն էլ փրկարարներ են․ «Նենց չի, որ տեսնենք՝ ինչ-որ վտանգ կա, կանգնած նայելու ենք։ Բոլորս էլ պաժառնիկ ենք։ Մեծ խողովակներ կան, որ ինչ-որ բան լինի, կարողանանք հանգցնել։ Տաղավարներում չեն էլ ծխում մարդիկ։ Հույս ունենք, որ մեր խոսքը տեղ կհասնի։ Մի քիչ կվերանայեն որոշումը, մեզ կխղճան»,- նշեց նա:

Ըստ աշխատակցի՝ տեսչականը կարող էր տոնավաճառում հայտնաբերած հրդեհային անվտանգության կանոնների թերությունների մի մասի վրա աչք փակել․ «Կարային աչք փակեին խախտումների վրա, կարային էս վիճակին նայեին ու մի քիչ տեղ տային։ Ինչը չի կատարված, սաղ կանի մեր տնօրինությունը: Էնպես չի որ հրաժարվում է։ Սա փողոցային տղավարի խոսակցություն չի, որ իրենց ասածը մինչև վերջ պնդեն»։

Նրա խոսքով՝ մարդիկ սովոր են տոնավաճառին, ունեն իրենց մշտական հաճախորդները։ Եթե տոնավաճառը փակվի, ստիպված են լինելու մեկ այլ տեղ գնալ, նորից տաղավար ու հաճախորդ գտնեն։

Հիշեցնենք՝ ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի որոշմամբ՝ այսօրվանից՝ փետրվարի 1-ից, «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը դադարեցվում է: Տեսչական մարմնի իրազեկման բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշել էր, որ եթե խոչընդոտող ուժեր լինեն, ՔՏՀԱ-ն կդիմի գործընկեր կառույցների օժանդակությանը, որպեսզի տեսչական մարմնի որոշումը իրականացվի:

Տեսչական մարմնից ավելի վաղ հայտնել էին, որ տոնավաճառում չեն պահվում հրդեհային անվտանգության կանոնները։ Ժամանակ էր տրվել՝ թերությունները շտկելու համար, սակայն տնտեսվարողը տեսչական մարմնի արձանագրած խախտումները չի վերացրել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ