![]()
«Բոլորիս հարկային կոդը սկսվում է 32-ից, մաքսային և հարկային գերատեսչությունները հասկանում են, որ այդ հարկային կոդը ենթադրում է, որ այստեղի աշխատակիցները 17-20 տարվա պարտաճանաչ հարկատուներ են եղել, այսինքն՝ ծանրագույն ժամանակ անգամ չեն լքել իրենց երկիրը, մնացել են՝ շենացնեն:
Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարեց «Մալաթիա» տոնավաճառի աշխատողներից մեկը, որոնք ակցիա էին իրականացնում՝ դժգոհելով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի՝ հրդեհային անվտանգության կանոնները չպահելու հիմքով առևտրի կենտրոնի գործունեությունը կասեցնելու որոշման դեմ:
Վերջինիս խոսքով՝ իրենց ղեկավարությունը կարևոր և առաջնային ամեն բան արել է, ամեն աշխատանք էլ տարվում է: Ըստ նրա՝ տնօրենն անձամբ շինարարների հետ զուգահեռ աշխատում է, որ ինքն էլ կարողանա հաց վաստակել:
«Երիտասարդները կարող են աշխատել թեկուզ ՏՏ ոլորտում, բա իրենց ծնողնե՞րը: Այն օրը գործընկերոջս տղան զանգել ասում էր հորը՝ պապ, բա ո՞նց ես անելու: Հիմա էլ ճանապարհին եկող ապրանք ունեմ, ի՞նչ եմ ասելու իմ մյուս գործընկերներին, որ մեր վարչապետը ժողովրդավար մարդ է, հրամայել է գերատեսչություններին ճիշտ աշխատել: Սակայն ներքին օղակը պետք է մասնագիտորեն մոտենա դրան: Եթե անգամ ժամանակավոր փակեք, ինչպե՞ս պահեմ իմ ընտանիքին: Խախտումներն արձանագրվել են, տեղյակ ենք և ընդունում ենք, բայց դրան զուգահեռ համապատասխան գործիքներն արված են, ծխատարներն են միակ խնդիրը, որը կարելի է կարգավորել»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ ակցիայի ընթացքում տոնավաճառի 10 աշխատակից և տնօրենը հանդիպեցին ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների հետ, որից հետո որոշում կայացվեց նույն կազմով հանդիպել նաև տեսչականի ղեկավարի հետ։
Հիշեցնենք՝ ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի որոշմամբ՝ այսօրվանից՝ փետրվարի 1-ից, «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը դադարեցվում է: Տեսչական մարմնի իրազեկման բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշել էր, որ եթե խոչընդոտող ուժեր լինեն, ՔՏՀԱ-ն կդիմի գործընկեր կառույցների օժանդակությանը, որպեսզի տեսչական մարմնի որոշումը իրականացվի:
Տեսչական մարմնից ավելի վաղ հայտնել էին, որ տոնավաճառում չեն պահվում հրդեհային անվտանգության կանոնները։ Ժամանակ էր տրվել՝ թերությունները շտկելու համար, սակայն տնտեսվարողը տեսչական մարմնի արձանագրած խախտումները չի վերացրել։
![]()