Բրյուսովի չհաստատված ռեկտորը՝ չգիտի, թե որն է հայհոյանք, բայց պնդում է՝ իր խորհրդականը չի հայհոյել

Ես նշանակվել եմ, որպեսզի պաշտպանեմ Երևանի Բրյուսովի պետական համալսարանի, ինչպես նաև ուսանողության, դասախոսական կազմի շահերը։

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասել է բուհի վերընտրված, սակայն արդեն պաշտոնավարման ժամկետը լրացած և նոր ընտրությունը չհաստատված ռեկտոր Կարինե Հարությունյանը։

Նշենք՝ հոգաբարձուների խորհրդի արդեն նախկին նախագահ, նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այդպես էլ չհաստատեց դեկտեմբերի 9-ին Բրյուսովի ռեկտորի մրցույթում վերընտրված Կարինե Հարությունյանի ընտրության արձանագրությունը։

«Ես կանգնեցի նրանց (-խմբ. ենթադրվում է՝ համալսարանի անձնակազմին նկատի ունի) շահերի պաշտպանությանը։ Չեմ կարող ասել՝ իմ դեմ սկսված գործընթացը հաշվեհարդա՞ր է, թե՞ քաղական որոշում, որ ես չպաշտոնավարեմ: Երևի հոգաբարձուների խորհուրդը հոկտեմբերի 11-ին միաձայն հայտարարեց մրցույթի մասին, և գնացին այլ սցենարով․ առաջադրեցին մեկ այլ թեկնածու, որը, սակայն, չընտրվեց»,- ասել է չհաստատված ռեկտորը:

Անդրադառնալով ռեկտորի ընտրության համար առաջադրված մյուս թեկնածուին՝ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի, Հարությունյանը նշել է. «Ինքը պետք է մտածեր, որ իր մարդկային արժանապատվությունը կարող է վնաս կրել։ Չեմ կարծում, որ Լեզվի կոմիտեի նախագահի աշխատավարձն ավելի ցածր է, քան Բրյուսովի ռեկտորինը»։

Ըստ նրա՝ Գյուրջինյանի առաջադրվելը կապված է եղել բուհերը միացնելու ծրագիրը ավելի դյուրացնելու հետ։

Կարինե Հարությունյանի խոսքով՝ երբ հայտնի է դարձել բուհերը միացնելու նախագծի մասին, և որը մեծ դժգոհություն է առաջացրել Բրյուսովի համալսարանում, այդ ժամանակ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հետ հանդիպման ժամանակ աշխատանքի մեկ այլ առաջարկ է ստացել, սակայն չի ընդունել այն: «Դումանյանն ինձ ասաց, որ ինչ-որ կարգավիճակով ես կշարունակեմ աշխատել, սակայն չհստակեցնելով, թե ի՞նչ առաջարկ է դա։ Դրանից հետո որևիցե հանդիպում կամ բանակցություն տեղի չի ունեցել»,- վստահեցրել է Հարությունյանը։

Անդրադառնալով նաև ռեկտորի ընտրության օրը համալսարանի միջանցքում իր գլխավոր խորհրդական Գրիշա Թամրազյանի ցուցաբերած խուլիգանական վարքագծին, երբ կրթության նախկին փոխնախարարը հեռակա հայհոյել էր ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանին, և դա արժանացել էր համալսարանականների ծափողջույներին, որի մասով Թամրազյանին նաև մեղադրանք է առաջադրվել, Հարությունյանը, չնայած առկա ապացույցներին, պնդել է, որ որևէ հայհոյանք համալսարանում չի հնչել՝ ասելով, թե չի իմանում՝ ինչ են Թամրազյանի ասածները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ