Մարտաֆիլմ հիշեցնող հետապնդում Երևանում․ պարեկները վնասազերծել են փախուստի դիմած, մարտական նռնակով զինված վարորդին

Երեկ՝ հունվարի 30-ին, մարտաֆիլմ հիշեցնող դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 23։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ 28-ամյա Ալիկ Հովհաննիսյանն ու 32-ամյա Դավիթ Հակոբյանը Լենինգրադյան փողոցում ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ «Օպել» մակնիշի ավտոմեքենան չարամտորեն խախտում է երթևեկության կանոնները։

Պարեկները բարձրախոսով հորդորել են վարորդին, որ նա կանգնի, սակայն վարորդը, չենթարկվելով պարեկների «կանգառ» պահանջին, դիմել է փախուստի։ Սկսվել է հետապնդում։ Այդ ընթացքում պարեկները ներքին կապով օգնություն են խնդրել իրենց գործընկերներից։ Արդեն Կիլիկիա և Վերֆել փողոցների խաչմերուկում կարողացել են շրջափակման մեջ առնել «Օպել»-ն ու կանգնեցնել ավտոմեքենան։

Պարեկները, մոտենալով «Օպել»-ին, վարորդից պահանջել են վարորդական իրավունքի վկայականը և ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը, սակայն վարորդը հրաժարվել է ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը, ու պարեկները նկատել են, որ նա ձեռքը տարել է դեպի գոտկատեղը, ապա՝ գրպանը։ Այդ ժամանակ պարեկները կարողացել են վնասազերծել նրան, ում մոտ մարտական «ՌԳԴ» տիպի նռնակ է եղել՝ իր պայթուցիչով։

Պարեկներին օգնության են հասել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Կարմիր բերետները», ու միասին այդ քաղաքացուն տեղափոխել են ոստիկանության Մալաթիայի բաժին։

Կայքի տեղեկություններով՝ քաղաքացին Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Ատոմ Ս․-ն է։

Մարտական նռնակը վնասազերծելու համար ոստիկանության Մալաթիայի բաժին է հրավիրվել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության սակրավորը, որն էլ նռնակը անվտանգ տեղափոխել է համապատասխան վայր։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է ոչ սթափ և վարորդական իրավունքի վկայական էլ չի ունեցել։

Նրան ոստիկանության Մալաթիայի բաժնից ներկայացրել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ